
Մուցք. մահացություների թիվն ավելացել է, ամուսնություններ ու ծնունդներ չկան (վիդեո)
Արմեն Հովակիմյան
30 և ավելի տարի է, ինչ Մուցք գյուղի բնակիչ, 59-ամյա Ռազմիկ Սիմոնյանը հովվի փայտը ձեռքից վայր չի դնում: Օրվա մեծ մասը սարերում, հավատարիմ ու անբաժան ընկերոջ` Արջուկ անունով շան հետ է անցկացնում:
Տղան ու աղջիկը ամուսնացել ու հեռացել են գյուղից: Ռազմիկ Սիմոնյանը կնոջ հետ է ապրում: Երեխաներին եւ թոռներին շատ է կարոտում, նրանց առիթից առիթ է տեսնում:
«Շատ դժար ա, բա ինչ ա, հենց իմացի կարոտըմ ենք, բա ոնց գնանք, բա մեր ապրանքը ում պահ տանք»,- հոգոց հանելով` նշում է նա:
Ռազմիկ պապը քաղաքականությամբ չի զբաղվում: Նա քաղաքականություն է «բանեցնում» իր սեփական տնտեսությունում: Պլանավորում է, որ ոչխարները տարին 2 անգամ ծնեն: Ոչխարի կաթից որակյալ պանիր, մածուն է ստանում:
Սիսիանից 26 կմ հեռավորության վրա գտնվող Մուցքում է ապրում 75-ամյա Ռուբեն պապը 70-ամյա կնոջ հետ: Հող են մշակում, անասուն պահում: Ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա գտնվող Մուցքը սահմանակից է Նախիջևանին:
«Սահման ենք պահըմ, հեռու մի պան էղավ մենք պիտի պահենք: Բա ինչի համար ենք ըստի մենք: Մենք էլ թիկունքն ենք, ինչ-որ պակաս ըլնի մենք ենք ուղարկելու, մենք ենք օգնելու»,- ասում է Ռուբեն Ալավերդյանը:
Բարձրադիր լեռնային այս գյուղում ամեն քայլափոխի մարդիկ խնդիրների են բախվում, գյուղացիների մեծ մասը հնարավորություններ չունեն գարնանացան իրականացնել, «մեխանիզացիա» չկա: Գյուղացու աշխատանքը վերջ չունի: Ռուբեն և Ռոզա թոշակառու ամուսիններին բերքահավաքի, խոտհնձի ժամանակ օգնության են հասնում Երևանում տաքսու վարորդ աշխատող որդին, Սիսիանում բնակվող աղջիկն իրենց ընտանիքներով:
«Պիտի տունը ջահելն ըլնի, ամեն ինչըմ օգնի: Մենք համ ջահելի տեղ ենք անըմ, համ ահելի տեղ ենք անըմ,- ասում է 70-ամյա Ռոզա տատը,- ամառը բոստաներն ա, դաշտերը, ձմեռն էլ` գոմ, անասում, էտ ա մեր կյանքը»:
Տարեց ամուսինները գյուղից դուրս իրենց կյանքը չեն պատկերացնում: Այստեղ հայրական տունն է, շիրիմները:
Մուցքում տարին կլոր տեղումներն առատ են, մարդիկ ստիպված ռետինե կոշիկներ են հագնում: Գյուղ բերող ճանապարհները ամռանը ցեխի, ձմռանը առատ ձյան պատճառով դժվարանցանելի են: Համայնքը գնալով դատարկվում է, ծերանում:
«էսի մեծ գյուղ ա ելէ, լավ գյուղ ա ելէ, բերքից հարուստ ա ելէ: Բայց հիմա էս գյուղին ուշադրություն տարցնող չկա, երիտասարդ չկա կեղը»,-գործից չկտրվելով` ասում է 90-ամյա Մուշեղ Պարոնյանը:
«Մնացիր են մե մարդ ընդա, մե կնիկ ընդա, մե աղջիկ ընդա, մե 50-60 մարդ չկա էլի կեղը: Ժամանակին հարուստ, խեյրով գյուղ ի ելէ, օխտը կիլոյեն բերք են տվե, ցորեն»,- ավելացնում է 82-ամյա Սոնիկ Խուդավերդյանը:
Գյուղում մնացած երիտասարդներից է 22-ամյա Արամայիսը: Ժամանակ առ ժամանակ նա աշխատանք փնտրելու ակնկալիքով Մուցքից դուրս է գալիս, բայց էլի վերադառնում, ծնողները մենակ են: Ամուսնանալու մասին առայժմ չի մտածում:
«Անասուն, կարտոշկա ենք անում, առնողն ով ա: Մեզ չենք կարըմ պահենք, ի՞նչ ամուսնանանք, մի քիչ գործ-մործ որ ըլնի, կամուսնանանք»,- ժպիտը դեմքին ասում է երիտասարդ Արամայիսը: Համայնքի ղեկավար Դրաստամատ Նավասարդյանը երիտասարդներին գյուղին, հողին կապելու համար սեփական դեղատոմսն է առաջարկում. հարկավոր է խրախուսել, վարկեր տրամադրել` անտոկոս կամ ցածր տոկոսադրույքներով:
Մուցքում մահացությունները մեծ թիվ են կազմում, ամուսնություններ, ծնունդները գրեթե չեն գրանցվում: Մուցքի տիպային դպրոցը իր դռները բացում է 4 դպրոցականի առջև: Այստեղ մարդահամարի սեփական ձեւն ունեն:
«Անցած ազգային ժողովի ընտրություներին ունեցել ենք 70 աշակերտ, էսօր մնացել ա 4 աշակերտ: Սա ինչի՞ց ա, երիտասարդության հոսքի՞ց ա, մենք ունեցել ենք 400 բնակիչ, էսօրվա դրությումբ մնացել ա առկա 200 բնակիչ, էդ առկա բնակչի 20 տոկոսն ա երիտասարդ ընտանիքներ: Նրանք էլ ժամանակի ընթացքում դուրս կգան գյուղից»,- նշում է Մուցքի համայնքապետը:
Համայնքի ներկայիս ղեկավարը 1977-1986 թթ զբաղեցրել է գյուղական խորհրդի նախագահի պաշտոնը, 1996 թվականին ընտրվել, այնուհետեւ վերընտրվել եւ առ այսօր աշխատում է որպես հեռավոր, լեռնային եւ սահմանամերձ համայնքի ղեկավար: Մուցքում 2 կմ ոռոգման, նույքան էլ խմելու ջրի ջրատար է հիմնանորոգվել, բարեկարգվել է նաեւ համայնքապետարանի շենքը:
«Եթե կոմունիստների օրոք եղել ա 1200 գլուխ խոշոր, էսօրվա դրությամբ մնացել ա 400-ը, մանրը եթե 3000 է եղել, էսօր` 1200 է: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ ուզած-չուզած սուղ պայմաններում պիտի ապրեն»,- ասում է Դրաստամատ Նավասարդյանը:
Խորհրդային տարիներին աշորայի բարձր բերքի աճեցման համար կոլտնտեսության նախագահ Եգոր Հախվերդյանը և 5 բրիգադիրներ արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:
Գյուղի շրջակայքում կան կարմիր կավահողի հսկայական պաշարներ: Մինչեւ 50-ական թվականների կեսերը տեղի հումքի բազայի վրա գործել է աղյուսի փոքրիկ գործարան:
![]() |
Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում՝ լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում |
Մեկնաբանել