HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել մեկնելու Արցախ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել Արցախում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։ Մի շարք հորդորներից ու կոչերից զատ, Միյատովիչը նաև Արցախ մեկնելու պատրաստակամություն է հայտնել։

«Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված մնալ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի փակումից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար իրավիճակով և տեղի բնակչության մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի կապակցությամբ: Ես կրկնում եմ այդ ճանապարհով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ այն ժամանակվա կոչը»,- հայտարարել է Միյատովիչը։

Նրա խոսքով` չնայած իր և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին, հաղորդվում է, որ տարածքում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներն ավելի են վատթարացել։ Միյատովիչի խոսքով՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հատկապես ազդում է առավել խոցելի խմբերի ներկայացուցիչների վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի հասանելիության ու շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որն այս պահին Լաչինի միջանցքում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական անհրաժեշտության դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի։

Միյատովիչը կոչ է անում համապատասխան շահագրգիռ կողմերին անհապաղ լուծումներ գտնել, որպեսզի հնարավոր լինի խուսափել տեղի բնակչության առջև ծառացած շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից։ Նրա պնդմամբ՝ պետք է երաշխավորել մարդասիրական օգնություն տրամադրողների անվտանգ ու ազատ տեղաշարժը։

«Ինչպես նշված է 2021 թվականի իմ հուշագրում, Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ջանքեր գործադրվեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու համար»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան՝ եզրափակելով, որ ինքը հաստատում է իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ ու մեկնել Արցախ՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները:

Լուսանկարը՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter