
Ադրբեջանը Աղդամով ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, սակայն արցախյան կողմի հետ պայմանավորվածություն չի եղել
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերությունն օգոստոսի 29-ին 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա է ուղարկելու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված։ Լաչինի միջանցքն արգելափակած և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած Ադրբեջանն այս քայլը որակել է որպես «մարդասիրական ժեստ»։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսին» հայտնել է, որ արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել՝ հավելելով, որ այդ քայլը ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։
«Քաշաթաղի ( Լաչինի ) միջանցքի՝ սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։ Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»,- ընդգծել է Լ. Ավանեսյանը։
Լուսանկարը՝ «Արցախպրեսի»
Մեկնաբանել