HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպված հանցավորությունը հետաքննելու ուղեցույց

Գլուխ 9. Մաֆիոզ պետություններ և կլեպտոկրատիաներ (ավազակապետություններ)

Այս գլխում OCCRP-ի համահիմնադիր և հրատարակիչ Դրյու Սալիվանը պատմում է հանցագործ ու կոռումպացված պետությունների մասին։ OCCRP-ին (անգլ.՝ Organized Crime and Corruption Reporting Project, հայ.՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) հետաքննող լրագրողների համաշխարհային ցանց է, որը մերկացնում է հանցագործությունն ու կոռուպցիան, որպեսզի հասարակությունը կարողանա իշխանություններից հաշիվ պահանջել։

«Մաֆիոզ պետություններ» ասելով՝  նկատի ենք ունենում այն կառավարությունները, որոնք իրենց էությամբ արդեն իսկ հանցավոր ձեռնարկություններ են։ Պետությունը ղեկավարող այս մարդկանց ձեռքերն ամենուր են, իսկ վերահսկողությունը նրանք իրականացնում են բռնությամբ. սրանք հենց մաֆիային բնորոշ հատկանիշներն են:

Կարևոր է տարբերակել մաֆիոզ պետությունները կլեպտոկրատիաներից (ավազակապետություններից): Առաջինները, որպես այդպիսին, բավականին հազվադեպ երևույթ են: Մինչդեռ կլեպտոկրատիաները, այն է՝ թալանի և համատարած կոռուպցիայի վրա կառուցված կառավարման համակարգերը, լայն տարածում ունեն: Կլեպտոկրատիաները աշխարհի զարգացող երկրների շրջանում մեծամասնություն են կազմում: Մաֆիոզ պետությունները, սակայն, հավանաբար ընդամենը վեցը կամ յոթն են՝ այն իմաստով, որ իրենց կազմակերպվածության բնույթով նրանք նմանվում եմ մաֆիայի։ 

Մաֆիոզ պետությունների թվում են Կոսովոն և Չեռնոգորիան։ Կարելի է պնդել, որ Ռուսաստանը ևս մաֆիոզ պետություն է, բայց Ռուսաստանը, թերևս, բոլորովին առանձին տեսակ է: Նաև՝ Հասարակածային Գվինեան։ Վենեսուելան նույնպես ակնհայտ մաֆիոզ պետություն է, քանի որ այդ երկրի պաշտոնյաներին այլևս չի հետաքրքրում երկրի կառավարումը։ Քաղաքական վերնախավն ու զինվորականներն իրենց էներգիան ծախսում են ոչ թե անվտանգության կամ կրթության բարելավման, այլ օֆշորային հաշիվներ բացելու և թմրանյութերի առուվաճառքի վրա: Այս դասակարգման մեջ ներառվելու երկու այլ թեկնածուներ են Մալթան և Մեքսիկան:

Մաֆիոզ պետությունների գործունեության սկզբունքները հասկանալու (և նրանց մերկացնելու) բանալին փողին և ռեսուրսներին հետևելն է: 

Կլեպտոկրատիաներն իրենց հերթին այն բոլոր տեղերում են, որտեղ չկա ուժեղ ժողովրդավարություն, իսկ դա աշխարհի մեծ մասն է: Աֆրիկայի մեծ մասում, օրինակ, ավտոկրատիաներ են: Ընտրողների ձայները մանիպուլացվում են, մարդկանց ուղղակի կաշառում են. այս համակարգն առավելապես հիմնված է «խնամի-բարեկամական» կապերի վրա: Կլեպտոկրատիա է նաև Ադրբեջանը՝ իր կոռումպացված, ավտոկրատ իշխանությամբ: Մարդիկ այդ երկրում ենթարկվում են բռնաճնշումների, իսկ թալանված գումարների մեծ մասը ծախսվում է այլ մարդկանց վերահսկելու վրա, որպեսզի վերջիններս չկարողանան վտանգ ներկայացնել իշխող ընտանիքի համար։ Նրանք թալանում են ամեն ինչ, բայց ոչ այն պատճառով, որ ավելի շատ փողի կարիք ունեն. պարզապես չեն ցանկանում, որ որևէ մեկը բավականաչափ գումար ունենա իրենց դիմադրելու համար:

Իրական խնդիրն առաջանում է, երբ տեղի է ունենում պետության զավթում: Գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք ժողովուրդն ունակ է դուրս շպրտելու անբան կառավարիչներին իրենց կաբինետներից։ Եթե ոչ, ապա, ըստ էության, պետությունն արդեն գրավված է, և հավանաբար դուք արդեն մոտ եք ավտոկրատիային և կլեպտոկրատիային: Նույնիսկ այն երկրներում, որտեղ առկա են ժողովրդավարական ինստիտուտներ, օրինակ՝ Լեհաստանը և Չեխիան, զգալի հետընթաց է նկատվում:

Մաֆիոզ պետությունների գործունեության սկզբունքները հասկանալու (և նրանց մերկացնելու) բանալին փողին և ռեսուրսներին հետևելն է: Երկրի բնական ռեսուրսներն արժեք են, ուստի յուրաքանչյուր բացված հանքավայր, կտրված ծառ ինքնին արժեքավոր է: Կարելի է ուսումնասիրել ցանկացած բնական ռեսուրսի վրա հիմնված արդյունաբերություն, քանի որ դա միակ բանն է, ինչ այս ավտոկրատները կամ մաֆիոզ պետությունները կարողանում են փողի վերածել՝ մոնետիզացնել:

Շատ առումներով ավելի հեշտ է մաֆիոզ պետություն հետաքննել, քան հանցավոր կարտել (խոշոր կապիտալիստական արդյունաբերական ձեռնարկություն՝ շուկայական մենաշնորհի հասնելու համար․ թարգմանչի կողմից): Պատճառն այն է, որ ամեն դեպքում ձեր տրամադրության տակ ունեք պետական ռեգիստրներ, փաստաթղթեր, տենդերներ, ընկերություններ, որոնց վերաբերյալ առկա են տեղեկություններ: Պետությունն ավելի թափանցիկ սուբյեկտ է, քան կազմակերպված հանցախումբը: Պետք է մեկտեղեք կազմակերպության օղակների հիերարխիան՝ սկսելով ամենավերևից, ճիշտ այնպես, ինչպես կանեիք հանցախմբի դեպքում: Այնուամենայնիվ, հաճախ կառավարությունների ներսում գոյություն ունեն ոչ պաշտոնական ցանցեր, որոնք ավելի կարևոր են, քան պաշտոնականները: Ուստի, դուք պետք է նույնականացնեք ամենաազդեցիկ մարդկանց: Դուք պետք է տեսնեք, թե ով է հարստանում, ում է պատկանում ամենաճոխ տունը, ով է ապրում նախագահի հարևանությամբ՝ իր իսկ ստեղծած նոր, շքեղ թաղամասում:

Սա շարունակական ջանք պահանջող աշխատանք է, և անհրաժեշտ է համբերատար հավաքել բոլոր հնարավոր տեղեկությունները: Հավաքած տվյալները միացնելու համար օգտագործում ենք տեղեկությունների կառավարման համակարգ, որը փոխգործակցում է այլ ծրագրերի հետ: Այնուհետև պետք է սկսել հետևել փողին։

Պրակտիկ օրինակներ

Ավելի քան 20 տարի հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Հյուսիսային Կորեան գործում է իբրև հանցագործ կարտել: 

Չեռնոգորիա

Չեռնոգորիան մաֆիոզ պետության դասական օրինակ է։ 600,000 բնակչությամբ այս փոքր երկրի ղեկավարը մի մարդ էր, ում կյանքում վարչապետությունն առաջին պաշտոնական աշխատանքն էր: Նա եղբոր միջոցով սերտ կապեր ուներ կազմակերպված հանցավորության հետ, և նրանք սկսեցին ծխախոտի ապօրինի առևտրով զբաղվել՝ պետությունն ակտիվորեն ներգրավելով այդ գործին։ Ժամանակի ընթացքում մենք բացահայտեցինք այն մեխանիզմները, որոնք նա ստեղծել էր այդ կոռուպցիան հզորացնելու համար։ Վարչապետն իր ընտանիքի համար բանկ սեփականաշնորհեց՝ այնտեղ հսկայական պետական գումարներ լցնելով, իսկ հետո կանոններ սահմանեց՝ ստիպելով գործարքներ կնքել պատրաստվող այլ մարդկանց աշխատել միայն այդ բանկի միջոցով։ Այնուհետև նա սկսեց բանկից վարկ տրամադրել իրեն, իր ընկերներին և կազմակերպված հանցավորությանը։ Երբ բանկը սնանկացավ, նա փրկեց այն հարկատուների փողերով:

Վենեսուելա

Ներկա դրությամբ առկա են մեծածավալ փաստեր՝ Վենեսուելայում հանցավորության կողմից պետության զավթման վերաբերյալ: ԱՄՆ արդարադատության նախարարության մեղադրական եզրակացությունները, ԶԼՄ-ների հետաքննությունները և գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ կառավարությունն ամենաբարձր մակարդակներում սերտաճել է կազմակերպված հանցավորությանը: Վենեսուելայի ավելի քան 100 պաշտոնյա, այդ թվում՝ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ներգրավված են այնպիսի հանցավոր գործունեության մեջ, ինչպիսիք են վառելիքի մաքսանենգությունը, սննդամթերքի և դեղորայքի՝ սև շուկայում վաճառքը և կոկաինի թրաֆիքինգը: Ինչպես նշում է InsightCrime-ը, պետական գանձարանը «թալանվել է արդյունաբերական մասշտաբով»։ Եթե սրան գումարենք պետական վերահսկողությունը զինված խմբավորումների և հանցախմբերի նկատմամբ, ինչպես նաև՝ մեծ թվով արտադատական սպանությունները, կունենանք հանցավոր պետության մի վառ օրինակ:

Հյուսիսային Կորեա

Մեկ այլ վառ օրինակ է Հյուսիսային Կորեան։ Ավելի քան 20 տարի տարբեր հավաստի աղբյուրներ նշում են, որ երկիրը հանցավոր կարտելի նման է կառուցված։ Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի կեղծման, կիբերհանցագործությունների, ծխախոտի մաքսանենգության, մարդկանց առևանգման և այլ հանցագործությունների մեջ: Սովորաբար, երբ հետևում ենք, թե ինչպես է մաֆիան զավթում պետությունը, նկատում ենք, որ դա ներքևից վերև ընթացք է: Մինչդեռ Հյուսիսային Կորեայում այդ ամենը սկսվում է ամենավերևից և իջնում ներքև. ռեկետները կազմակերպվում են պետական պաշտոնյաների կողմից՝ սկսած բարձրագույն ղեկավարությունից մինչև տարբեր երկրներում գտնվող դիվանագետներ: Երկրի լուրջ խնդիրներից մեկը արտարժույթի կարիքն է: Բայց միջազգային «իզգոյ» լինելով՝ նրանք ոչինչ չեն վաճառում: Ուստի, նրանք պարզապես կեղծում են ԱՄՆ դոլարները, թմրանյութեր վաճառում և զբաղվում այլ հանցավոր գործունեությամբ՝ արտարժույթ վաստակելու համար։

Խորհուրդներ և գործիքներ

Որքան էլ կարող է զարմանալի թվալ, մի շարք աղմկահարույց պատմություններ ջրի երես են դուրս եկել միայն այն բանի շնորհիվ, որ ինչ-որ մեկի ընկերուհին Instagram-ում հրապարակել է զբոսանավով իրենց ճամփորդության նկարները

Կարդացեք պայմանագրերը. Կազմակերպված հանցավոր խմբավորումները սովորաբար իրենց գումարները վաստակում են ապօրինի առևտրից, ինչպես օրինակ՝ թմրանյութերի: Կոռումպացված կառավարությունում այդ ապօրինի եկամուտները գոյանալու են պետական պայմանագրերից։ Ո՞վ է ստանում նավթ հորատելու արտոնագիր, ո՞վ է ծառահատումներ իրականացնելու թույլտվություն ստանում, ո՞ւմ է պատկանում այսինչ բջջային օպերատորը: Այս կերպ կարելի է հասկանալ, թե ովքեր են մաֆիոզ պետության «սիրելիները»:

Հետևեք ակտիվներին. Հաջորդ քայլն ակտիվների որոշումն է: Հետևեք, թե երբ, որտեղ և ինչպես է գնվել ակտիվը, որից հետո դուք կկարողանաք գտնել կապը, երբ նրանք պետական պայմանագրերից գումար են աշխատել: Յուրաքանչյուր անհատ իր շրջապատում ունի հավատարիմ մարդկանց մի փոքր խումբ, որը կարող է հանդես գալ իբրև այդ ակտիվները «պահող»: Անհրաժեշտ է պարզել, թե ովքեր են դրածո անձինք, ովքեր են նրանց փաստաբանները, ովքեր են նրանց ընտանիքի անդամները և հետո այդ անուններով ակտիվներ փնտրել:

Ուսումնասիրեք հանրային ռեեստրները. Ակտիվների շարժին հետամուտ լինելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել մի շարք հանրային ռեեստրներ՝ կորպորատիվ ռեեստրներ, հողային ռեեստրներ, գույքային ռեեստրներ: Ֆրանսիան վերջերս առցանց հասանելի է դարձրել երկրի գույքային ռեեստրները. մենք այնտեղ զանազան հետաքրքիր անուններ ենք հայտնաբերում:

Ստուգեք տվյալների արտահոսքերը. բանկային տվյալների արտահոսքը մեծ ծավալների է հասնում. դրանք ձեզ կարող են հուշել, թե ում մոտ է փողը և որտեղ է պահվում: Անհրաժեշտ է դիմել GIJN-ի անդամներին, օրինակ՝ ICIJ-ին և OCCRP-ին, ինչպես նաև այլ կազմակերպությունների, որոնք ստեղծել են արտահոսած տվյալների բազաներ: Անգամ եթե տվյալը 10 կամ 15 տարվա վաղեմություն ունի, այն կարող է արժեքավոր լինել. գուցե հանկարծակի որևէ նոր դրածո անձ երևան գա հին տվյալների բազաներում: Տվյալների արտահոսքերն այն չափերի են հասել, որ դրանք դարձել են լրագրողական աշխատանքի կարևոր մասը: Փողի շարժին հետևելու նպատակով տարբեր արտահոսքերն իրար կապելն անչափ ժամանակատար գործ է: Տեղեկություններն ի հայտ են գալիս ոչ միայն արտահոսքերից. երբեմն դրանք արտահոսում են հաքերային հարձակումներից, դրամաշորթ վիրուսներից (ransomware) կամ համացանցային տվյալները փորփրելուց։ Լրագրողները պարբերաբար հարյուրավոր տվյալների բազաներ են փորփրում: Այժմ կարևոր տեղեկություններ ջրի երես են դուրս գալիս նաև իբրև դրամաշորթ վիրուսներով հաքերային հարձակման կողմնակի հետևանք. մի շարք ընկերություններ հրաժարվում են «փրկագին» վճարել, ինչի պատճառով կազմակերպվում է նրանց տեղեկությունների արտահոսքը:

Անհրաժեշտ է համոզվել, որ պատմությունները, որոնք պատրաստում եք, հանրային լայն հետաքրքրության առարկա են: 

Օգտագործեք ավանդական լրագրողական հնարքներ. Հետաքննական լրագրությունը չի փոխվել: Հնարավոր չէ ամեն ինչ առցանց անել: Շատ երիտասարդ և անփորձ լրագրողներ այնքան էլ ծանոթ չեն լրագրության հին հնարքներին: Դեռևս հարկ է աղբյուրներ ձևավորել, հանրային ռեեստրներից հաճախակի տվյալներ հայցել: Որոշ լրագրողներ հատկապես լավ են կիրառում անձամբ ամեն տեղ հայտնվելու ավանդական մոտեցումը, իսկ մյուսները հատկապես լավն են առցանց աշխատանքում, իսկ լավագույն լուծումը այդ երկուսի համատեղումն է: Վերջին մի քանի տարիներին մեծ թափ է հավաքել բաց աղբյուրների ուսումնասիրությունը: Որքան էլ կարող է զարմանալի թվալ, մի շարք աղմկահարույց պատմություններ ջրի երես են դուրս եկել միայն այն բանի շնորհիվ, որ ինչ-որ մեկի ընկերուհին Instagram-ում հրապարակել է զբոսանավով իրենց ճամփորդության նկարները:

Օգտվեք տվյալների բազաներից, քարտեզագրեք ցանցերը. Ալեֆը (Aleph) լրագրողական կարևորագույն գործիք է, որն OCCRP-ն ինքնուրույն է նախագծել և ստեղծել: Մեր բոլոր տվյալները մենք վերբեռնել ենք այնտեղ: Ալեֆը միացված է Linkurious-ին, որը կարող է օգտագործվել առկա նախնական տվյալների հիման վրա ցանցային քարտեզներ ստեղծելու համար: Այն ունի նաև ժամանակացույցի գործառույթ, որի միջոցով կարելի է կառուցել իրադարձությունների ժամանակագրությունը: Այն նաև թույլ է տալիս խաչաձև հղումներ կատարել՝ հնարավորություն տալով միմյանց հետ համեմատելու տվյալների բազաները: Կարելի է օգտագործել այնպիսի գործիքներ, ինչպիսին i2-ն է, բայց դրանք թանկ արժեն, այդ իսկ պատճառով լրագրողները սովորաբար քիչ են օգտվում դրանցից: Գոյություն ունեն նաև սոցիալական ցանցերի վերլուծության մի շարք գործիքներ, որոնցից մի քանիսն անվճար են: Բայց դրանցից օգտվելու համար տեխնիկական հմտություններ են անհրաժեշտ: Ալեֆն անվճար է, և դուք կարող եք նաև մուտք գործել Linkurious:

Համագործակցեք. Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության բոլոր խոշոր պատմություններն այժմ անդրսահմանային նախագծեր են դարձել: Ուստի, տարբեր ոլորտների մասնագետներով համալրված թիմ ունենալն առավել քան երբևէ կարևոր է: Ձեզ անհրաժեշտ են տեղական թղթակիցներ, կիբերանվտանգության մասնագետ-լրագրողներ, հետազոտողներ և սոցիալական մեդիայի փորձագետներ: Անհրաժեշտ են տվյալներից գլուխ հանող մարդիկ, որոնք կարող են մշակել այդ բոլոր արտահոսքերը: OCCRP-ն ցանց է, և մենք օգտագործում ենք այդ ցանցը փոխօգնության և մեր հմտությունները կիրառելու համար: Ըստ էության, սրա շնորհիվ է, որ կարողանում ենք շատ պատմություններ հրապարակել և անել դա արագ։ Եթե դուք չեք ճանաչում նման մասնագետներով կազմակերպությունների, ապա պետք է հարաբերություններ հաստատեք՝ օգտվելով GIJN-ի նման ցանցերից: Տեղեկությունների փոխանակման և պատմությունների վրա համատեղ աշխատանքի համար մենք օգտագործում ենք Wiki համակարգը: Մեր անվտանգ հաղորդակցման համար օգտագործում ենք Signal-ը: Ամեն ինչ շատ պարզ է: Հնարավոր է՝ այս ամենի համար ավելի լավ գործիքներ էլ կան, բայց Signal-ի, Wiki-ի և Aleph-ի միջոցով մենք համակարգում ենք մեր բոլոր նախագծերը, և դրանք հասանելի են ցանկացած լրագրողի:

Պահպանեք էթիկայի կանոնները. Անհրաժեշտ է համոզվել, որ պատմությունները, որոնք պատրաստում եք, հանրային մեծ հետաքրքրություն ունեն: Կարծում եմ՝ դա առանցքային կետ է: Մենք անընդհատ վիճում ենք այս հարցի շուրջ՝ իրոք արժե՞, որ մարդիկ իմանան սրա մասին: Մենք փորձում ենք համոզվել, որ այն ամենը, ինչ անում ենք, մերկացնում է կոռուպցիան, ի ցույց է դնում կառավարության, բիզնեսի կամ կազմակերպված հանցավորության աշխատաոճը, որպեսզի հանրությունը կարողանա ավելի խելամիտ որոշումներ կայացնել, թե ինչպես վարվել:

Նկարազարդումը՝ Էն Քիրնանի, GIJN-ի համար

Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter