HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ռազմական ակադեմիան պետական գրանցում է ստացել

Հունիսի 8-ին Կառավարությունը որոշեց միավորել ՊՆ-ի ենթակայությամբ գործող երկու ռազմական բուհերը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը: Այս պետական հիմնարկների միաձուլման միջոցով գործադիրը որոշեց հիմնել նոր բուհ՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ:

Կառավարության որոշումով պաշտպանության նախարարին, մասնավորապես, հանձնարարվել էր 3 ամսում ապահովել այս նոր հաստատության պետական գրանցումը:

Եվ ահա, ինչպես տեղեկանում ենք ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կայքից, օգոստոսի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ու Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի գործունեությունը դադարեցվել է: Նույն օրը գրանցվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան:

Ռազմական ակադեմիայի պետ է նշանակվել գնդապետ Արթուր Երոյանը, որը մինչ այս Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետն էր: Չնայած նոր ձեւավորված ակադեմիան գործելու է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տեղում, որի հասցեն մինչ այս Շոպրոնի 77 էր, Կառավարության որոշման մեջ եւ պետռեգիստրում ակադեմիայի հասցեն նշվել է Դավիթ Բեկի 155: Նկատենք, որ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն էլ գրանցված էր Արշակունյաց 89-ում:

Տարբեր ուղղությունների 2 ռազմական բուհերը միավորելու մասին Կառավարության որոշումը հիմնավորվել էր այսպես. «Ռազմական համալսարանների առաքելությունն է՝ տարբեր կրթական ծրագրերով պատրաստել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող արհեստավարժ եւ բանիմաց սպաներ՝ ապահովելով սպայական կադրերի շարունակական կրթությունը, իրականացնել գիտական հետազոտություններ: Ռազմական համալսարաններն ունեն կառավարման մարմիններ, փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված լաբորատորիաներ եւ անհրաժեշտ ուսումնանյութական բազա: Սակայն, սահմանափակ թվով գիտական կադրերով պայմանավորված, մասնագիտական խորհուրդներ չունենալը լուրջ խնդիրներ է ստեղծում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման եւ համակարգման, ինչպես նաեւ գիտական կադրերի պատրաստման բնագավառում, ինչն էլ այսօր առավել արդիական է դարձրել երկու բուհերի միավորումը: Վերջին տարիներին համալսարանների դիմորդների թվակազմի եւ պատրաստվող որոշ մասնագիտությունների պահանջարկի նվազման պատճառով արդիական է դարձել դրանց կառավարման եւ ֆինանսավորման համակարգի օպտիմալացման հարցը (ընդգծումը «Հետքինն» է – հեղ.):

Ներկայում հետպատերազմյան իրադրությունը եւ առաջացած մարտահրավերներն անխուսափելի են դարձնում ՀՀ զինված ուժերի արդիականացման շրջանակներում ռազմական կրթության ոլորտի վերափոխման ու նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտությունը: Խնդիր է առաջանում բարձրացնել զինվորական մասնագիտության գրավչությունը՝ ապահովելով դիմորդների անհրաժեշտ թվակազմը եւ շրջանավարտների կրթական մակարդակի որակը, ռազմաուսումնական հաստատությունների դերը որակյալ սպայական կադրերի պատրաստման, ինչպես նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի ողջ գիտական ներուժը ՀՀ ԶՈւ զարգացմանն ուղղված գիտական հետազոտություններ իրականացնելու գործում (ընդգծումը «Հետքինն» է – հեղ.): Նշված ռազմաուսումնական հաստատությունների միավորումը թույլ կտա ընդհանրացնել ոչ միայն միեւնույն գործառույթ իրականացնող կառավարման մարմինները ու ստորաբաժանումները, այլեւ հնարավորություն կստեղծի մտցնել միջազգային չափանիշների համապատասխան ռազմաուսումնական հաստատության կառավարման եւ կրթության որակի ապահովման նոր մշակույթ, ստեղծել մեկ ընդհանուր արդիական ուսումնանյութական բազա (ռազմաուսումնավարժական դաշտեր, բազաներ, համալիրներ, անհրաժեշտ միջոցներով հագեցված լաբորատորիաներ), ապահովել պրոֆեսորադասախոսական եւ գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման եւ վերապատրաստման գործընթացը, ստեղծել մասնագիտական խորհուրդ, կենտրոնացնել ֆինանսական միջոցները մեկ միասնական կառավարման համակարգի ներքո»:   

Ըստ գործադիրի հիմնավորման՝ նման որոշում կայացնելը կապ ունի Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի հետ, որով ռազմական կրթության եւ գիտության զարգացումը սահմանվել է որպես Կառավարության գործունեության առանցքային ուղղություն: Բացի դրանից՝ ՀՀ կրթության մինչեւ 2030 թ. զարգացման պետական ծրագրում ամրագրվել է բարձրագույն կրթության համակարգում ռազմական կրթական ծրագրերի արդիականացման ապահովումը:

Հիշեցնենք, որ 1993-ի ապրիլի 1-ին կազմավորվել էր ՊՆ ռազմաավիացիոն ուսումնական կենտրոնը, որը Հայաստանում առաջին ռազմամասնագիտական հաստատությունն էր: Վերջինս 1994-ին վերանվանվել էր Երեւանի ռազմական ավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարան, իսկ 2001-ին՝ Ռազմական ավիացիոն ինստիտուտ: Սա էլ 2005-ին անվանակոչվել էր ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անունով, իսկ 2016-ին ռազմակրթական հաստատությունը վերանվանվել էր ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:

1994-ի հունիսի 24-ին էլ կազմավորվել էր ՀՀ ՊՆ բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարանը, որը 1998-ին վերակազմավորվել էր Ռազմական ինստիտուտի: Սա էլ 1999-ին անվանակոչվել էր Վազգեն Սարգսյանի անունով: 2016-ին ինստիտուտը դարձել էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Հուլիսի 6-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում հայտնել է, որ Ռազմական ակադեմիայի ստեղծումը ենթադրում է, որ դրա կազմում լինելու են նաեւ սահմանապահ զորքերի ուսուցման համար նախատեսված ամբիոններ եւ համապատասխան ֆակուլտետներ, ինչպիսիք նախկինում չեն եղել, այսինքն՝ սահմանապահ զորքերի սպաներ Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններում մինչ այս չեն պատրաստվել:

Ռազմական ակադեմիայի հիմնումը, սակայն, չենք կարող համարել գործընթացի ավարտ, քանի որ «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակներում ներկա Կառավարությունը նախատեսում է բուհերի եւ գիտահետազոտական հաստատությունների միավորում, ինչի արդյունքում պետք է ձեւավորվի 4 կլաստեր: Դրանք կազմավորվելու են խոշորացված 4 բուհերի եւ դրանց միացած գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հիմքի վրա: 4 կլաստերներն են՝ տեխնոլոգիական, արվեստների, կրթական եւ սպայական:

Քանի որ ռազմական 2 բուհերն արդեն իսկ միավորվել-խոշորացվել են, մնում է հասկանալ, թե ինչպիսի տեսք է ունենալու նորաստեղծ Ռազմական ակադեմիայի հիմքի վրա ձեւավորվելիք սպայական կլաստերը: Բայց եթե մյուս 3 կլաստերների մասին որոշ մանրամասներ արդեն իսկ կան «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում, ապա սպայական կլաստերի մասով նշվում է, որ դրա կառուցվածքն ու հզորությունը հստակեցվելու են մասնագիտական քննարկումների արդյունքում: 

Լուսանկարը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter