
Արհեստական բանականության ստեղծած նկարները տարբերակելու համար Google-ը նոր տեխնոլոգիա կկիրառի
Արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված նկարների միջոցով ապատեղեկատվության տարածումը կանխելու համար Google-ը նոր տեխնոլոգիա է գործարկել, որը հնարավորություն է տալիս տարբերակելու համակարգչի ստեղծած վիզուալ բովանդակությունը։
SynthID գործիքը ներկայացվել է Google-ի ԱԲ հետազոտության ստորաբաժանման՝ DeepMind-ի բլոգում։ Ըստ հրապարակման՝ նոր գործիքը, պատկերների առանձին պիքսելներում փոփոխություններ մտցնելով, մարդու աչքի համար անտեսանելի թվային ջրանիշ (watermark) է ստեղծում, որը հնարավոր է հայտնաբերել մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով: Ստեղծված ջրանիշը չի աղավաղում նկարը և պահպանվում է՝ անկախ փոփոխություններից, անգամ եթե պատկերին ֆիլտրեր ավելացվեն կամ փոփոխվեն գույները։
«Թեև արհեստական բանականությունը կարող է բացել հսկայական ստեղծագործական ներուժ, այն նաև նոր ռիսկեր է պարունակում՝ թույլ տալով միտումնավոր կամ ակամա տարածել կեղծ տեղեկատվություն: ԱԲ ստեղծած բովանդակությունը նույնականացնելու ունակությունը չափազանց կարևոր է և օգնում է կանխել ապատեղեկատվության տարածումը»,- ասված է բլոգում:
Տեխնոլոգիան կիրառվելու է միայն Google-ի տեքստից նկար գեներացնող գործիքի՝ Imagen-ի ստեղծած պատկերների համար։ DeepMind-ի փոխանցմամբ՝ իրենց մշակած գործիքը կարող է զարգանալ՝ ներառելով ԱԲ մյուս մոդելները, ինչպիսիք են աուդիոն, վիդեոն և տեքստը:
Պատկերները՝ DeepMind-ի
Մեկնաբանել