HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաչագան Ղազարյանը պետությանը վերադարձրեց «Եռաբլուր» պանթեոնի 4 հողատարածքները

ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը։ «Գլխավոր դատախազության մասնակի հաշտության համաձայնությունը հաստատվեց դատարանի կողմից»,-հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը։ Ստորեւ՝ դատախազության հաղորդագրությունն ամբողջությամբ։

«2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ Գլխավոր դատախազությունը 2022 թվականի մայիսի 31–ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ պահանջելով Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։

2023 թվականի օգոստոսի 22–ին Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու և հայցապահանջում ներառված` «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։ Դիմումի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև 2023 թվականի օգոստոսի 22–ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։

2023 թվականի օգոստոսի 31-ին Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը։

Հայցապահանջի մնացած մասով Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված հայցի քննությունը։

Հիշեցնենք, որ նշված 4 գույքերն Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում գնահատվել են որպես առերևույթ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքեր»,- ասված է հաղորդագրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter