ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի կողմից Արծվաշենի, Շահումյանի ու Գետաշենի օկուպացվելու մասին
Հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերին նվիրված քննարկման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հումանիտար հարցերով նրա տեղակալը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը, ՄԱԿ-ի անդամ մոտ հինգ տասնյակ պետությունների ներկայացուցիչներ:
Կարեն Նազարյանը, խոսելով ԼՂ հակամարտության մասին, նշել է հակամարտության գոտում մարդկության հանդեպ հանցագործության համար Ադրբեջանի պատասխանատվության մասին: Դեսպանն ասել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են հարյուր հազարավոր տեղահանված ու փախստական հայերի իրավունքները ոտնահարելու, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանն ի պատասխան սանձազերծած էթնիկ զտումների ու ագրեսիայի, ինչպես նաև Խոջալուի բնակավայրում ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած սպանդի համար:
Կարեն Նազարյանը նաև ԱԽ անդամներին է տեղեկացրել, որ հակամարտության արդյունքում հիմնահատակ ավերվել են հայկական բնակավայրերը՝ ներառյալ Արծվաշենը, ԼՂՀ հյուսիսային շրջանի Շահումյան, Գետաշեն և 18 այլ գյուղերը, որոնք երկու տասնյակ շարունակում են մնալ ադրբեջանի զավթած ու գրաված տարածքներ:
Դեսպան Նազարյանը, ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի՝ նույն օրն ավելի վաղ արված անհեթեթ հայտարարությունների, նաև նշել է, որ հայկական կողմը քաղաքացիական բնակչության ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և բնակելի տների հանդեպ շարունակվող հռթիռակոծություններն ու ռմբակոծությունները կանխելու համար, միջազգային հումանիտար իրավունքի համաձայն, իրականցրել է պաշտպանվելու իր պատասխանատվությունը:
Կարեն Նազարյանն ասել է, որ ներկայում Ադրբեջանը շարունակում է անկախ Արցախի ու ՀՀ-ի սահմանամերձ շրջանների նկատմամբ ոտնձգությունները՝ մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարունակվող կոչերը՝ իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք կվերացնեն քաղաքացիական բնակչության նկատմամբ սպառնալիքները:
Այդ համատեքստում դեսպանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների՝ անցած շաբաթ Լոս-Կաբոսում արված հայտարարությունն, ու կոչ ուղղել ադրբեջանական կողմին դադարեցնել բոլոր տեսակի սադրանքները, ներառյալ՝ Հայաստանի հետ սահմանային շրջաններում ու ԼՂ հետ շփման գծում դիվերսիոն խմբեր գործողությունները:
Իր ելույթում Հայաստան ներկայացուցիչն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի քաղաքացիական բնակչության պաշտպանության հայեցակարգի մշակման հարցերին, կարևորել է պատժամիջոցների ռեժիմի կիրառման բարելավումը և պարտադիր բնույթ ունեցող բանաձևերի իրագործումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել