
Ինչպես օգտագործել ChatGPT-ն դասավանդելիս. OpenAI-ը ուսուցիչների համար ուղեցույց է ներկայացրել
Յոհաննեսբուրգի համալսարանի հետազոտությունների ղեկավար դոկտոր Էնթոնի Կազիբոնին աշխատում է ուսանողների հետ, որոնք դասասենյակից դուրս հիմնականում անգլերեն չեն խոսում: Կազիբոնին կարծում է, որ անգլերենի իմացությունը հսկայական առավելություն է ակադեմիական աշխարհում, և որ լեզվին վատ տիրապետելը կարող է զրկել շատ հնարավորություններից: Նա իր ուսանողներին խրախուսում է օգտագործել ChatGPT-ն՝ բարելավելու իրենց անգլերեն գրավոր և բանավոր խոսքը:
Կազիբոնիի նման շատ դասավանդողներ այսօր իրենց ամենօրյա աշխատանքում կիրառում են արհեստական բանականության ժամանակակից գործիքները։ Վիկտորինաներից մինչև կրթական ծրագրեր, մեթոդական նյութերից մինչև տպավորիչ օրինակներ․ այսօր այս ամենը հնարավոր է ստանալ մի քանի հրամանի միջոցով։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ ChatGPT-ն ստեղծած OpenAI-ը ուսուցիչների համար ուղեցույց է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է արհեստական բանականությունը կիրառել դասավանդելիս։
Արհեստական բանականության հետազոտության առաջատար լաբորատորիաներից մեկը համարվող OpenAI-ի բլոգում արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող կրթական նոր գործիքների օրինակներ են և ուսուցիչների կողմից հաճախ տրվող հարցերի պատասխաններ։
OpenAI-ը ուսուցիչներին հրամանների մշակված 4 օրինակ է ներկայացրել, որոնց օգնությամբ կարելի է ուսումնական ծրագրեր ստեղծել, արդյունավետ ու հասկանալի օրինակներ ձևակերպել և անգամ արհեստական բանականությամբ աշխատող կրկնուսույց ստեղծել, որը դասընթացից դուրս կհաղորդակցվի սովորողների հետ ու կպատասխանի նրանց հարցերին։
Ներկայացված հրամաններն ուղղակի պետք է պատճենել և տեղադրել ChatGPT-ում։
Հեղինակները ուղեցույցն օգտագործողներին հիշեցնում են՝ ChatGPT-ի մոդելը միշտ չէ, որ ճիշտ տեղեկատվություն է ստեղծում: Դրանք միայն սկզբնակետեր են, որոնց վրա մանկավարժները պիտի աշխատեն՝ հաշվի առնելով լսարանի պահանջները։
Գլխավոր նկարը ստեղծել է արհեստական բանականությունը (Midjourney)
Մեկնաբանել