
«Մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ». ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ-ն կարծում է, որ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչները «պետք է անհապաղ հանդիպեն» և պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հումանիտար օգնություն մատակարարելու շուրջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերն իր գրավոր հայտարարության մեջ։
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, որը պայմանավորված է պարենի, դեղորայքի և այլ ապրանքների մատակարարումների շարունակական արգելափակմամբ, որոնք անհրաժեշտ են արժանապատիվ կենսամակարդակի ապահովման համար»,- նշել է ամերիկացի դիվանագետը։
Միլերը հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ հումանիտար բեռների, առևտրային ու ուղևորատար փոխադրումների համար։ «Բացի այդ, Բաքվի պաշտոնատար անձինք և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց ու երեխաներին կենսական նշանակություն ունեցող բեռների առաքման եղանակների համաձայնեցման համար, ներառյալ մատակարարումների լրացուցիչ երթուղիների, ու վերսկսեն բոլոր չլուծված հարցերի քննարկումը»,- ասել է Միլերը։
Նրա խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգները շարունակաբար համագործակցել է կողմերի հետ, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնությունը հասցնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ «Հիմնական մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- եզրափակել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել