
Լեռնամերձում նոր ուսումնական տարին սկսել են առանց առաջին դասարանցու
Լեռնամերձ գյուղի հիմնական դպրոցի բակն այսօր համեմատաբար մարդաշատ է: Դպրոցին տոնական տեսք հաղորդելու համար մուտքը զարդարել էին փուչիկներով: Մանկավարժները դիմավորում էին դպրոցի 25 աշակերտին, իսկ բակում հավաքված մոտ մեկ տասնյակ ծնողները հեռախոսներով նկարում էին միջոցառումը: Դպրոցում երեխաների թիվն այնքան քիչ է, որ տնօրենը մուտքի մոտ բոլորին համբուրելով էր ներս ուղեկցում: Սակայն, նոր ուսումնական տարին Լեռնամերձում սկսվեց առանց առաջին դասարանցու: Գյուղում 6 տարեկան երեխա չկա:
Լեռնամերձն Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի գյուղերից է: Ըստ վիճակագրական տվյալների՝ գյուղում ապրում է 491 մարդ, բայց փաստացի այդքան բնակիչ չկա:
Լեռնամերձի հիմնական դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանն ասաց, որ գյուղը փոքր է, բացի այդ ծնելիության ցածր մակարդակն ու արտագաղթը նպաստել են, որ աշակերտների թիվը տարեցտարի նվազի: Սակայն, ամբուլատորիայից հետաքրքրվել են՝ հաջորդ տարի ունենալու են 5 առաջին դասարանցի:
«Առաջին դասարանցի չունենալը պայմանավորված է և՛ արտագաղթով, և՛ ծնելիությամբ: Եթե 2017թ․-ին գյուղում երեխա չի ծնվել, կարծում եմ, համայնքը, դպրոցը մեղավոր չէ: Արտագաղթ էլ կա, գյուղից բավականին ընտանիքներ արտագաղթել են, այդ է պատճառը, որ գնալով թիվը նվազել է»,- ասում է տնօրենը:
Շուշանիկ Ոսկանյանը նշեց, որ տարիներ առաջ գյուղը 80-100 աշակերտ է ունեցել, այսօր՝ 25:
Դպրոցում բոլոր դասարանները կոմպլեկտավորված են, առանձին դասարաններ չունեն: Օրինակ՝ 2-4 դասարանցիները միասին են դասն անցկացնում:
«Բազմահամակազմ դասարաններում աշխատելն ունի իր բարդությունները, սակայն ուսուցչական կազմը կարողանում է նյութը պատշաճ մատուցել: Աշակերտները չեն տուժում, քանի որ դասարաններում աշակերտների թիվը քիչ է, նմանվում է անհատական ուսուցման: Նրանց ամեն օր դաս են հարցնում»,- նշում է Շուշանիկ Ոսկանյանը:
Նոր ուսումնական տարվա սկզբին 25 աշակերտից 8-ը ստացան գովասանագրեր գերազանց առաջադիմության համար:
Հիմնական դպրոցի տնօրենն ասաց, որ ունեն նաև ձեռքբերում: Արդեն մեկ տարի է՝ երեխաներն օգտվում են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից: Ընթացքի մեջ է ճաշարանի վերանորոգումը, որից հետո երեխաներին կտրվի նաև տաք ճաշ: Բացի այդ, հասցնում են նաև նոր գույք ձեռք բերել:
Լեռնամերձի դպրոցը, բացի առաջին դասարանցի չունենալը, այս տարի նաև ռուսաց լեզվի ուսուցչուհի չունի։ Մեկ տարի է՝ «Ինֆորմատիկա» առարկայի հաստիքն է թափուր, որը լրացնում է մաթեմատիկայի ուսուցչուհին:
«Այս տարի ամբողջ հանրապետությունում մասնագետների թափուր հաստիքների խնդիրը կա, որովհետև միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները, եթե կամավոր ատեստավորումից հրաժարվել են, օգոստոսի 20-ից իրավունք չունեն շարունակել աշխատանքը: Ունեինք շատ լավ ռուսաց լեզվի ուսուցչուհի, երկար տարիներ աշխատել է, համոզեցի, որ գնա կամավոր ատեստավորման, բայց ցավոք հրաժարվեց»,- նշեց Շ. Ոսկանյանը:
Դպրոցի տնօրենն ասաց, որ ռուսաց լեզվի թափուր հաստիքի համար արդեն դիմել է համապատասխան մարմիններին, որ հեռավար կարգով դասաժամերն անցկացվեն, մինչև մրցույթը կայանա:
Նշենք, որ Լեռնամերձ գյուղում ապրում են և՛ հայեր, և՛ եզդիներ: Սա այն եզակի գյուղերից է, որտեղ դեռ պահպանվել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Լենինի կիսանդրին:
Գյուղում նույնիսկ խանութ չկա: Առևտրի համար բնակիչներն գնում են հարևան համայնքներ:
Մեկնաբանել