Ուկրաինան սեպտեմբերին կստանա ամերիկյան Abrams տեսակի 10 տանկ
Ամերիկյան Abrams տանկերի առաջին խմբաքանակը սեպտեմբերի կեսերին կհասնի Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք կապ ունեն Պենտագոնի հետ։
Պարբերականի զրուցակիցների խոսքով, որոնք նախընտրել են անանուն մնալ, առաջին խմբաքանակում կներառվի 10 տանկ։ Դրանք գտնվում են Գերմանիայում ու անցնում են տեխսպասարկում և վերանորոգում։ Ավարտից հետո զրահատեխնիկան կուղարկվի Ուկրաինա։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն նախատեսում է Ուկրաինային փոխանցել Abrams տեսակի 31 տանկ։ Սպասվում է, որ խոստացված ողջ զրահատեխնիկան դաշնակիցներն Ուկրաինային կուղարկեն մինչև 2023 թվականի աշնան կեսերը։
Ուկրաինային Abrams տանկերի փոխանցման պլանների մասին ԱՄՆ-ն առաջին անգամ հայտարարել էր այս տարվա հունվարին։ Մայիսին Գերմանիայում մեկնարկել էին տանկերի վարման՝ ուկրաինացի զինվորականների վարժանքները։ Օգոստոսի սկզբին հայտարարվել էր, որ ԱՄՆ իշխանությունները վերջնականապես հավանություն են տվել Ուկրաինային այդ զրահատեխնիկայի մատակարարմանը։
Ուկրաինացի զինվորականները մարտերում արդեն իսկ կիրառում են արևմտյան տանկեր, այդ թվում գերմանական արտադրության Leopard տանկերը։
Լուսանկարը՝ Պենտագոնի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել