Բելառուսում մեկնարկել է ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2023» զորավարժությունը. Հայաստանը չի մասնակցում
Բելառուսի տարածքում պաշտոնապես մեկնարկել է ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» զորավարժությունը։ Այն կտևի մինչև սեպտեմբերի 6-ը։
2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահում է Բելառուսը։ Այդ կազմակերպությանն անդամակցում է 6 երկիր. Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Բոլոր երկրները, բացի Հայաստանից, Բելառուս են ուղարկել իրենց զինվորական անձնակազմերը՝ ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցության համար։
Զորավարժության բացմանը մանսակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Գուլևիչը և այլն։ Նախատեսվում է, որ զորավարժությունները կընթանան Բրեստի, Գրոդնոյի և Մինսկի մարզերի զորավարժարաններում։
Այս զորավարժությունները պլանային են։ ՀԱՊԿ մեկ այլ զորավարժություններ՝ «Անխախտ եղբայրություն-2023»-ը, այս տարի պետք է կայանար Հայաստանում, սակայն հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է այդ զորավարժությունների անցկացման իր քվոտայից։
Ընդհանուր առմամբ «Մարտական եղբայրություն-2023» զորավարժությանը մասնակցում է ավելի քան 2500 զինվորական և 500-ից ավելի միավոր տեխնիկա։ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ավելի վաղ նշել էր, որ զորավարժության հիմնական կազմը Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչներ են, իսկ բուն զորավարժություն, ըստ նրա, ավելի շատ ունի շտաբային բնույթ։
Լուսանկարը՝ Sputnik / Виктор Толочко
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել