HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնին երկրորդ անգամ առաջադրվելու մտադրության մասին

Վլադիմիր Զելենսկին մտադիր է դարձյալ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, եթե ընտրությունները կայանան 2024 թվականին՝ պատերազմական գործողություններին զուգահեռ։

«2024 թվականին, եթե շարունակվի պատերազմը, եթե ընտրություններ անցկացվեն, ես երբեք չեմ թողնի իմ պետությանը։ Որովհետև ես Սահմանադրության երաշխավորն եմ և ես պաշտպանում եմ այն ցանկացած պարագայում»,- պորտուգալական RTP հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի գործող նախագահը։ 

2019 թվականի ընտրություններից առաջ Զելենսկին խոստացել էր, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնին առաջադրվելու է միայն մեկ անգամ և երկրորդ ժամկետի չի գնա։ Ուկրաինայում խորհրդարանական հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2023 թվականի աշնանը, իսկ նախագահական ընտրությունները՝ 2024 թվականի մարտին։ Սակայն Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է ընտրություններ անցկացնել, եթե երկրում ռազմական դրություն է հայտարարված։

RTP-ին տված հարցազրույցում Զելենսկին հստակեցրել է պատերազմի ընթացքում հնարավոր ընտրությունների պայմանները: Նրա կարծիքով՝ առաջին հերթին ընտրությունների ժամանակ պետք է ապահովել անվտանգությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծել հարկադիր փախստականների համար, որպեսզի նրանք ևս կարողանան քվեարկել։

«Եթե դրանք ընտրություններ են, ապա պետք է լինեն մեր տարածքում, որպեսզի զինվորականները հնարավորություն ունենան քվեարկելու առաջնագծում, ուստի մեզ պետք են ողջ աշխարհից դիտորդներ։ Ուզում եմ, որ ամեն ինչ լինի օրենքով, թափանցիկ և ժողովրդավար, ինչպես եղավ ընտրությունների ժամանակ, երբ ես դարձա նախագահ։ Երբ բոլորն ասացին՝ մաքուր ընտրություններ։ Ես չեմ ուզում դա կորցնել <...> իրավունք չունենք կորցնելու այն մարդկանց, որոնք որպես փախստական մեկնել են արտերկիր։ Նրանք պետք է ունենան ենթակառուցվածքներ, որպեսզի իրենց ձայնը տան թեկնածուներին։ Ռուսաստանը նույնպես բարձրացնում է ընտրությունների վերաբերյալ այս թեման։ Մենք պետք է այնպես անենք, որ ռմբակոծության ռիսկեր չլինեն։ Դրանք, իհարկե, կլինեն, բայց պետք է այնպես անենք, որ տեղամասերում մարդիկ պաշտպանված լինեն»,- եզրափակել է նախագահ Զելենսկին։

Լուսանկարը՝ Arthur​ Bondar / Guardian / Eyevine

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter