Նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովին Ռուսաստանում «արտասահմանյան գործակալ» են հայտարարել
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը թարմացրել է «արտասահմանյան գործակալների» ռեեստրը՝ այնտեղ ներառելով «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովին։
Գերատեսչությունը պնդում է, որ Մուրատովը մասնակցություն է ունեցել «արտասահմանյան գործակալների» նյութերի ստեղծման և տարածման մեջ, ինչպես նաև «կարծիքներ տարածելու համար նա օգտագործել է օտարերկրյա հարթակներ, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության արտաքին և ներքին քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը»։
«Գիտելիքի օրվա ընթացքում, ցավոք, ես որևէ նոր բան չիմացա»,- РБК-ին նախարարության որոշումն այսպես է մեկնաբանել Մուրատովը։
Մուրատովից զատ «արտասահմանյան գործակալ» են հայտարարվել նաև երգիծաբան Ռուսլան Բելին, տնտեսագետ Կոնստանտին Սոնինը, լրագրող Դենիս Կատաևը, Պետերբուրգի օրենսդիր իշխանության նախկին պատգամավոր Մաքսիմ Ռեզնիկը, այլախոհ գրող Օլեգ Ռաձինսկին, «Эхо Москвы»-ի լրագրող Քսենյա Լարինան, քաղաքական գործիչ Մայրբեկ Վաչագաևը, Վորոնեժում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Եվգենի Կարպովը և «Новая Тыва» հակապատերազմական ազգային շարժումը։
Դմիտրի Մուրատովը Խաղաղության նոբելյան մրցանակ էր ստացել 2021 թվականին։ Նա մրցանակի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցել էր բարեգործական կազմակերպություններին։
Լուսանկարը՝ Влад Докшин / Новая газета
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել