ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վ. Գասպարյանի գործով դատաքննությունը շարունակվում է
Հունիսի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործի դատաքննության շարունակությունը:
Նախորդ դատական նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը պահանջել է, որ պատասխանող Վ.Գասպարյանը հրապարակավ ներողություն խնդրի «Հրապարակ» թերթի և հեռուստատեսային «Զինուժ» ծրագրում Արթուր Սաքունցի գործարար համբավին վնասած զրպարտչական արտահայտությունների համար և հատուցի 10 ՀՀ դրամ:
Նշանակված դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը կներկայացնի իր առարկությունները:
Կազմակերպության համար հայցադիմում ներկայացնելու համար հիմք են եղել 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջին և 2011 թ. հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրին Վլադիմիր Գասպարյանի տված հարցազրույցները:
Կազմակերպությունը համարում է, որ հարցազրույցները պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Մեկնաբանել