Կաննի գլխավոր մրցանակակիր «Սեր»-ը՝ «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմ
«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» (“Amoure”) ֆիլմով: Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր, հռչակավոր Միքայել Հաննեկեի՝ սիրո և հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեվորված է աշխարհահռչակ դերասաններ Ժան-Լուի Տրինտինյանի, Էմանուելլա Ռիվայի և Իզաբել Հուպերտի խաղով:
Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմը տարեց զույգի՝ երաժշտության ուսուցիչներ Աննի և Ժորժի սիրո փորձության պատմությունն է: «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կեզրափակվի «Սիրո» մեկ բացառիկ ցուցադրությամբ:
Ի դեպ, «Երևանյան պրեմիերաների» ծրագրում կցուցադրվի նաև Կաննի փառատոնի այս տարվա բացման ֆիլմը՝ Ուես Անդերսոնի «Լուսնկայի թագավորություն»-ը (“Moonrise Kingdom”): «Երևանյան պրեմիերաները» կներկայացնի նաև Կաննի հիմնական մրցույթի մասնակից «Բլուրներից այն կողմ» (“Beyond the Hills”) (ռեժ.՝ Քրիստիան Մունջու) և «Դրախտ. սեր» (“Paradise: Love”) (ռեժ.՝ Ուլրիխ Զայդլ) ֆիլմերը: 2011 և 2012թթ. ՖԻՊՐԵՍԻ մրցանակակիրներ «Մշուշում» (“In the Fog”) (ռեժ.՝Սերգեյ Լոզնիցա) և «Իշխանավորը» (“The Minister”) (ռեժ.՝ Պիեռ Շյոլեռ) ֆիլմերը ներկայացված են «Ոսկե ծիրանի» հիմնական մրցութային ծրագրում:
Երևանի միջազգային կինոփառատոնը այս տարի կմեկնարկի գրական ստեղծագործության էկրանավորմամբ. «Ոսկե ծիրանն» այս տարի կազդարարվի Համո Բեկնազարյանի 1926թ. ստեղծված «Շոր և Շորշոռ» կատակերգությամբ (ըստ՝ Մ.Բագրատունու պատմվածքի), որը հուլիսի 8-ին կներկայացվի Վահագն Հայրապետյանի և իր ջազ-խմբի նոր երաժշտական ձևավորմամբ:
«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Փառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել