HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելում Էրիթրեայի կառավարության դեմ բողոքի գործողությունները վեր են ածվել անկարգությունների. տուժել է ավելի քան 150 մարդ

Ավելի քան 150 մարդ է տուժել Էրիթրեայի կառավարության հակառակորդների և կողմնակիցների, ինչպես նաև իսրայելական ոստիկանության միջև բախումների ընթացքում: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ 15 մարդ ստացել է լուրջ վնասվածքներ։

Թել Ավիվում բողոքի ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ Էրիթրեայի իշխանություններին դեմ հանդես եկող ընդդիմադիր ակտիվիստները խնդրել էին Իսրայելի իշխանություններին չեղարկել սեպտեմբերի 2-ին աֆրիկյան այդ հանրապետության դեսպանատանը տեղի ունենալիք միջոցառումները, որոնք նվիրված էին Էրիթրեայի ներկայիս ղեկավար Իսայաս Աֆևերկիի իշխանության ղեկին գալու 30-ամյակին:

BBC News-ը գրում է, որ ցերեկը ցուցարարները հավաքվել են դեսպանատան շենքի մոտ, ինչի հետևանքով բախումներ են առաջացել Էրիթրեայի իշխանությունների հակառակորդների ու կողմնակիցների միջև։

The Guardian-ն էլ փոխանցում է, որ ոստիկանությունը բողոքի ակցիան ապօրինի է հայտարարել և պահանջել ազատել փողոցը։ Ոստիկանությունում պնդում են, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր ու փայտեր են նետել։ Դրա հետևանքով ոստիկանները, «մտահոգված լինելով սեփական կյանքի համար, կրակ են բացել անկարգությունների մասնակիցների դեմ»։ BBC News-ը հայտնում է, որ ցուցարարների դեմ կիրառվել են նաև լուսաձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ։

Թել Ավիվի հիվանդանոցներից մեկում հայտնել են, որ օգնություն է ցուցաբերել 14 տուժածի, որոնցից 11-ն ունեցել են հրազենային վնասվածքներ։ 

Ոստիկանությունն էլ հայտնել է, որ անկարգությունների ընթացքում բերման է ենթարկել 39 մարդու։ Տուժել է ոստիկանության մոտ 30 աշխատակից։

Էրիթրեան Եթովպիայից իր անկախությունը հռչակել է 30 տարի առաջ։ Իսայաս Աֆևերկին այդ երկրի առաջին ու մինչ օրս գործող նախագահն է։ Անկախությունից ի վեր այնտեղ որևէ ընտրություն չի իրականացվել։

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, Էրիթրեայում գործում է պարտադիր զինվորական ծառայություն և հարկադիր աշխատանքի համակարգ, որի պատճառով այդ երկրի բազմաթիվ քաղաքացիներ փորձում են արտասահմանում ապաստան գտնել։ 

The Guardian-ը նշում է, որ Էրիթրեան աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկն է, որը մամուլի ազատությամբ, մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ցուցանիշներով զբաղեցնում է ամենացածր հորիզոնականները։ Իսրայելում բնակվում է Էրիթրեայից մոտ 18 000 միգրանտ։

Լուսանկարը՝ AP Photo/Ohad Zwigenberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter