HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի զինված ուժերը հարավում ճեղքել են ռուսական պաշտպանության առաջին գիծը

Ուկրաինայի զինված ուժերը հարավային ռազմաճակատում ճեղքել են ռուսական զորքերի երեք պաշտպանական գծերից առաջինը, որն առավել ամրացվածն էր: Այդ մասին բրիտանական The Observer պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է «Տավրիա» խմբավորման հրամանատար, Ուկրաինայի ԶՈւ գեներալ Ալեքսանդր Տարնավսկին։ Վերջինս հենց գլխավորում է հարավային ուղղությամբ ուկրաինական զորքերի հակահարձակումը։

«Մենք հիմա գտնվում ենք պաշտպանության առաջին ու երկրորդ գծերի միջև։ Հարձակման կենտրոնում մենք հիմա ավարտում ենք հակառակորդի ստորաբաժանումների ոչնչացումը, որոնք ապահովում են դեպի երկրորդ պաշտպանական գիծ ռուսական զորքերի հետնահանջը»,- ասել է Տարնավսկին՝ խոսելով Զապորոժիեի մարզի Ռաբոտինո-Վերբովոյե շրջանի մասին։ 

Գեներալի գնահատմամբ՝ հարավային ճակատում երեք պաշտպանական գծեր կառուցելիս Ռուսաստանը ուժերի և միջոցների 60%-ը ծախսել է դրանցից առաջինի ամրացման վրա, և միայն 20%-ը՝ մյուս երկուսի վրա, քանի որ չէր ակնկալում, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան ճեղքել առաջին պաշտպանական գիծը։ «Ռուսաստանցիները կարծում էին, որ ուկրաինացիները չեն անցնի պաշտպանական այդ գիծը։ Պատրաստվում էին մեկ տարուց ավելի։ Նրանք արել էին ամեն ինչ, որ այդ տարածքը լավ պատրաստված լինի»,- նշել է Տարնավսկին։

Գեներալի խոսքով՝ Ուկրաինան դանդաղորեն մոտենում էր պաշտպանության առաջին գծին, քանի որ տեղանքը խիստ ականապատված էր ու անընդհատ գնդակոծվում էր Ռուսաստանի զորքերի կողմից։ Ականազերծումն էլ հնարավոր էր իրականացնել միայն հետևակի կողմից ու բացառապես գիշերային ժամերին։ Նրա պնդմամբ՝ այսուհետ առաջընթացն ավելի արագ կլինի, քանի որ ականապատ դաշտերը նախկինի պես այդքան էլ վտանգավոր չեն, իսկ ռուսական բանակն արագ ծախսում է իր պահուստները։

«Հակառակորդը ռեզերվներ է առաջ քաշում ոչ միայն Ուկրաինայից, այլև՝ Ռուսաստանից։ Բայց վաղ թե ուշ ռուսները կկորցնեն իրենց բոլոր լավագույն ուժերը: Սա մեզ համար խթան է, որպեսզի ավելի ու ավելի արագ հարձակվենք։ Ամեն ինչ առջևում է»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter