
Վրաստանում սողանքից մեկ ամիս անց շարունակում են փնտրել անհետ կորածներին
Վրացական Շովի հանգստավայրում տեղի ունեցած սողանքից մեկ ամիս անց շարունակվում են որոնողական աշխատանքները։ Գործի են դրվել` կենդանի ուժ, տեխնիկա, կինոլոգներ: Այդ մասին գրում է SOVA-ն։
Վերջինիս փոխանցմամբ՝ շարունակվում են անհետ կորած երկու երեխաների որոնողական աշխատանքները։ Այս պահի դրությամբ հայտնի է 31 զոհվածի մասին, նույնականացվել են 29-ի մարմինները։
Ինչպես գրում է SOVA-ն, սողանքից մեկ ամիս անց, ինչպես նախկինում, վերջնական եզրակացություն չկա այն մասին, թե ինչն է դարձել Ռաչայի շրջանում սողանքի առաջացման պատճառ: «Կա միայն նախնական գնահատական»,- գրում է պարբերականը:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ ու հայտարարել, որ մինչև Շովիի սողանքը, կիրճում ջրի կուտակման փաստի ոչ մի հաստատում չկա, ինչի մասին ենթադրում էր մասնագետների մի մասը:
Գերատեսչությունը պարզաբանել է, որ Բուբասցկալիի կիրճում տեղի է ունեցել 500 հազար խորանարդ մետր ժայռասողանքային զանգվածի հատում, ինչի հետևանքով առաջացել է 62 հեկտար սառցե զանգվածի շարժ: Այն ամբողջությամբ անցել է գետի հովտով։ Սա Շովիում գրանցված սողանքի վերաբերյալ գերատեսչության նախնական գնահատականն է։
Վրացական ընդդիմությունը պահանջում է Վրաստանի խորհրդարանին կից քննիչ հանձնաժողով ստեղծել, սակայն իշխանությունները դեմ են այդ գաղափարին՝ որակելով այն անիմաստ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Շովիում գրանցվել էր սողանք, իսկ աղետի գոտում մինչ օրս անդադար շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Վերջին տվյալներով՝ կա 31 զոհ։ Աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։
Լուսանկարը՝ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել