HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Խաղի կանոնների խախտումներով

Եվս մեկ մենաշնորհ, այս անգամ ինտերնետ ծառայությունների մատակարարման ոլորտում:

Հեռախոսային րոպեավճարի ներդրման շուրջ կրքերի շիկացման օրերին «ԱրմենՏելի» եւ «Արմինկոյի» ներկայացուցիչները հայտնվեցին Ինտերնետ ծառայությունների ոլորտում իրենց համագործակցության մասին: «Ինֆոկոմի» (այսպես է կոչվում նրանց ստեղծած ընկերությունը) 51 տոկոսը պատկանում է «ԱրմենՏելին», 49 տոկոսը` «Արմինկոյին»: Մամուլի ասուլիսի ընթացքում «ԱրմենՏելի» գործադիր տնօրեն Նիկոլաս Յուրղուլուսը եւ «Արմինկոյի» տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը արեցին հայտարարություններ` ընդգծելով, թե սա բիզնես է եւ ոչ մի քաղաքականություն չկա իրենց համագործակցության մեջ: Իսկ ի՞նչ շահ կարող են ունենալ երկու ընկերությունները գործարքի արդյունքում: Նախեւառաջ, անհասկանալի է, թե «ԱրմենՏելի» ինչի՞ն է պետք այնպիսի մանր բիզնեսը, ինչպիսին Ինտերնետ ծառայությունն է: Անգամ հայկական չափանիշներով բիզնեսի այս տեսակը պատկանում է մանր ու միջին ձեռներեցության կատեգորյաին: Մի՞թե ընկերության ֆինանսական գործերն այնքան վատ են, որ «կառչում է փրփուրներից», ինչպես սովորաբար նման դեպքերում անում են մանր ֆիրմաները: Ի՞նչը դրդեց «ԱրմենՏելին» կատարել գործարքը:

«ԱրմենՏելի» համար այդ գործարքն ունի միմիայն մեկ նպատակ, եւ այն ունի քաղաքական գովազդի նշանակություն: Քաղաքական, քանի որ կոմերցիոն գովազդը այս պարագայի հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Մենաշնորհ ունեցող ընկերությունը ծախսում է մեծ գումարներ գովազդի համար: Անհասկանալի է, թե ինչո՞ւ գովազդել ծառայությունները, եթե դրանց այլընտրանքը չկա: «ԱրմենՏելի» գովազդը բացառապես սոցիալ-քաղաքական բնույթի է, եւ արվում է րոպեավճարի հանդեպ բնակչության բացասական վերաբերմունքը մեղմացնելու համար: Նման բացասական ռեակցիայի դրսեւորումներից է Երեւանում տեղադրված «ԱրմենՏելի» տակսոֆոնային կրպակների ավերումը անչափահասների կողմից: Բնակչության մի մասն էլ դեռեւս հավատում է եւ որոշակի հույսեր կապում կառավարության խոստումներին: Զարմանալի չէ, որ չնայած տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը իր կառուցած Մետրոպոլ հյուրանոցի գովազդների արանքում հասցնում է հավաստիացնել բնակչությանը, թե պետությունը թույլ չի տա րոպեավճարի կիրառումը, մարդկանց մի խումբ, այնուամենայնիվ, շտապում է մարել րոպեավճարի վարձերը:
Եթե գործարքը «ԱրմենՏելի» համար գովազդ է, ապա «Արմինկոյին» այն տալիս է Ինտերնետ ծառայությունների շուկայում ամրագրվելու եւ մրցակից ընկերությունների շուկայում ամրագրվելու եւ մրցակից ընկերություն-պրովայդերների պոտենցիալ հաճախորդների մի մասին զավթելու հնարավորություն: Վերջիններս դեռեւս չեն կարողանում խելքի գալ, քանի որ պարզ չէ, թե ինչպես իրեն կպահի հեռահաղորդակցությունների մոնոպոլիստ եւ Ինտերնետ ծառայությունների խոշորոգույն պրովայդերի այս ձուլվածքը: Հայաստանում ձեռներեցության բնագավառի խախտումները դարձել են շուկայական հարաբերությունների նորմա: Հետեւաբար քիչ են հույսերը, թե բավական ագրեսիվ շուկայական քաղաքականություն վարող երկու ֆիրմաների ստեղծած համատեղ ընկերությունը խստորեն կպահպանի օրենքի պահանջները: Ամենից շատ մտահոգում է դեմպինգային գների ներմուծման հնարավորությունը: Գներ, որ կճզմեն մրցակիցներին եւ հեռահաղորդակցության հայկական շուկայում կստեղծեն եւս մեկ մենաշնորհ` ինտերնետ ծառայությունների մենաշնորհը: Սա եւս մեկ պատասխան է այն հարցին, թե «Արմինկոյի» ինչի՞ն է պետք այդ գործարքը: Պրովայդեր-ընկերության տեխնիկական հնարավորությունները, մանավանդ այնպիսին, ինչպիսին «առաջ անցած» «Արմինկոն» է, միանգամայն թույլ են տալիս ընդլայնելու սպառողների թիվը: Իսկ եթե անգամ գոյություն ունեն արգելքներ, ապա դրանք հաղթահարելու համար պահանջվող ներդրումներն աննշան են:
«Արմինկոյի» ինչի՞ն է պետք «Ինֆոկոմի» վերահսկողությունը, եթե ընկերությունն առանց դրա էլ կարող է բավական արագ ընդլայնել հաճախորդների թիվը: Խնդիրը ոչ այնքան տեխնիկական հավելյալ հնարավորություններն են, որքան «ԱրմենՏելին» «մերձանալը»: Այլ խոսքերով, արտոնյալ պրովայդեր դառնալու ցանկությունը: Ինտերնետ ծառայությունների պրովայդերներից մեկի` մյուսների նկատմամբ դոմինանտ դառնալուց վտանգը ոչ միայն շուկայական նորմալ մրցակցության խախտում է, որ բերում է ծառայությունների որակի իջեցմանն ու ոչ շուկայական գների հաստատմանը: Վտանգը նաեւ այն է, որ «անջատելով» մոնոպոլիստին` կարելի է երկիրը մեկուսացնել արտաքին աշխարհից եւ զրկել հազարավոր քաղաքացիներին ինֆորմացիա ստանալու հնարավորությունից: Կա եւս մեկ վտանգ` Ինտերնետ ռեսուրսների զտման վտանգը: Այդ փորձը կիրառվում է ամենեւին էլ ոչ լիբերալ ռեժիմներով մի շարք երկրներում: Այսպես, Բելառուսում անցած ընտրությունների ժամանակ հատուկ ծառայությունները անջատել էին «by» գոտու բոլոր ոչ կառավարական ռեսուրսները: Զգալիորեն ավելի հեշտ է մեկ խոշոր պրովայդերին «տերերի» կանոններով խաղալ ստիպելը, քան` մեկ տասյակ մանր ընկերություններին: Այնպես որ, մի ընկերության շահույթի ետեւից ընկնելը վաղը կարող է վտանգավոր դառնալ բոլորիս համար,մանավանդ` լրատվամիջոցների:

Իրավական տեսանկյունից «ԱրմենՏելի» եւ «Արմինկոյի» միջեւ կատարված գործարքը գնահատելը բարդ է: Նախքան ասելը, այն օրինական է, թե` ոչ, անհրաժեշտ է մանրամասն վերլուծություն կատարել: Բայց գործարքի բարոյական գնահատականը ի վնաս «Արմինկոյին» է: Հնարավոր է` նա այս քայլով նաեւ կորցնի իր հաճախորդներին, որովհետեւ «ԱրմենՏելի» նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը փոխանցվում է նաեւ նրան: Իսկ Հայաստանում «ԱրմենՏելի» բացառիկ մենաշնորհը, այնուամենայնիվ, հավերժական չէ: «ԱրմենՏելի» գործադիր տնօրենի ասուլիսում հայտնած միտքն իրավացի է` սա ընդամենը բիզնես է եւ «չունի քաղաքական, տարածքային եւ բարոյական սահմաններ»: Հավանաբար պարոն Նիկոլաս Յուրղուլուսը նկատի ուներ միայն վերջինը` բարոյական սահմանները:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter