HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան դժգոհ է Ռուսաստանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Ռուսաստանի մասին հայտարարությունների տոնայնությունը Մոսկվայի համար անընդունելի է: Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։ 

«Մոսկվայում խիստ դժգոհ են Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի արտահայտություններից ու Հայաստանի ԱԳՆ օգոստոսի 31-ի մեկնաբանությունից։ Մոսկվայում դրանք գնահատում են որպես տոնայնությամբ ու բովանդակությամբ անընդունելի՝ սեփական սխալ հաշվարկների ու սխալների համար պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու նպատակով»,- նշել է ռուսական գործակալության աղբյուրը։ 

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը «հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»։ «Իրականում Ռուսաստանին փորձում են արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից, ընդ որում՝ Երևանն օգտագործելով որպես այդ նպատակի իրագործման միջոց։ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ լքել տարածաշրջանը։ Սակայն դա պետք է լինի երկկողմանի տեղաշարժով փողոց. Հայաստանը նույնպես չպետք է դառնա Արևմուտքի գործիքը՝ Ռուսաստանին դուրս մղելու համար»,- նշել է աղբյուրը։ 

Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանն անվտանգության և տնտեսության ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես իրավահավասար, փոխադարձաբար և իր արդյունավետությունն ապացուցած գործընկերություն»:

Ավելին, պարբերականի դիվանագիտական աղբյուրը պնդում է, որ «կեղծ է այն թեզը, որ Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք տարածքային վեճ չի եղել»։ «Հակամարտության արմատը Ադրբեջանական ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակի հարցն է։ Ընդ որում Երևանը տևական ժամանակ իր վերահսկողության տակ էր պահում բուն ադրբեջանական տարածքի մի մասը»,- նշել է աղբյուրը։ 

Ռուսական դիվանագիտական աղբյուրը նշում է, որ 2020 թվականի աշնան պատերազմը եղել է «Հայաստանի չմտածված և սադրիչ գործողությունների հետևանք»։ «Դա զգալիորեն արժեզրկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները։ Եթե չլիներ Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունը, ռազմական գործողությունների հետևանքներն էլ ավելի ողբալի կլինեին։ Այն դեպքում, երբ պատերազմի սկսվելուց արդեն երեք շաբաթ անց ՌԴ նախագահը կոչ էր անում Հայաստանի վարչապետին համաձայնել հրադադարի, ինչը թույլ կտար խուսափել հետագա զոհերից և ապահովել խաղաղություն ու հանգստություն Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- ասել է TACC-ի աղբյուրը։ 

Աղբյուրը նաև «անհիմն» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ժամանակ Ռուսաստանի բացարձակ անտարբերության վերաբերյալ պնդումները։ Ըստ նրա՝ երկու երկրների ԱԳՆ-ների ու ՊՆ-ների միջև խորհրդակցություններ են եղել, ինչպես նաև տարածաշրջան են այցելել ՀԱՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչները։ 

«Հայ-ադրբեջանական հակասությունների կարգավորման հիմնական ճանապարհը բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որն անընդունելիորեն ձգձգվել Է բնավ ոչ Ռուսաստանի մեղքով»,- նշել է նա՝ հավելելով, որ Երևանն, իր հերթին, ամբողջությամբ «չի օգտագործում ՀԱՊԿ ներուժը»։ Խոսքն այստեղ ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին է, ինչի փոխարեն Երևանը համաձայնեց ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը։ Ընդ որում, աղբյուրը եվրոպական առաքելությունն անվանում է «քիչ արդյունավետ»։ 

Ըստ զրուցակցի՝ ռուսական կողմի համար անվերադարձության կետ դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ՀՀ ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը։ 

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը չի օգնում Հայաստանի ինքնամեկուսացումը։ Մեգաֆոնային դիվանագիտությունը չի կարող փոխարինել գործնական աշխատանքին՝ Բաքու - Ստեփանակերտ - Երևան եռանկյունում»,- եզրափակել է աղբյուրը։

Լուսանկարը՝ Sputnik / Евгений Одиноков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter