HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերն անօդաչուներով հարձակվել են Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերի վրա

Սեպտեմբերի 4-ի գիշերը ռուսական զորքերը իրանական արտադրության Shahed անօդաչուներ են արձակել Ուկրաինայի Օդեսայի մարզի հարավային շրջանների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈւ «Հարավ» օպերատիվ հրամանատարությունն ու Օդեսայի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ 

Հարձակումը շարունակվել է շուրջ երեք ու կես ժամ։ Ուկրաինայի ՀՕՊ ուժերը խոցել են 17 անօդաչու թռչող սարք։ Իսմայիլի շրջանի մի քանի բնակավայրերում վնասվել են պահեստային և արտադրական շենքեր, գյուղատնտեսական տեխնիկա ու արդյունաբերական ձեռնարկությունների սարքավորումներ:

Բացի այդ, ինչպես հայտնել է Կիպերը, անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման պատճառով քաղաքացիական օբյեկտներում մի քանի հրդեհ է առաջացել: Դրանք օպերատիվ կերպով մարվել են։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։

Սեպտեմբերի 4-ի առավոտյան անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Դնեպրոպետրովսկի մարզը։ Ինչպես հայտնել է մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, «Արևելք» օպերատիվ հրամանատարության զինծառայողները խոցել են 6 անօդաչու թռչող սարք: Դրա հետևանքով Դնեպրի շրջանի ենթակառուցվածքներից մեկում հրդեհ է սկսվել։ Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ տուժածներ չկան։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ընդհանուր առմամբ սեպտեմբերի 4-ի գիշերը ռուսական զինուժը Ղրիմից ու Կրասնոդարի երկրամասից 32 անօդաչու է արձակել։ Ուկրաինական կողմին հաջողվել է խոցել դրանցից 23-ը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսել է հրթիռակոծել Ուկրաինայի հարավը, այդ թվում` Օդեսայի մարզը, այս տարվա հուլիսից, երբ Ռուսաստանը հայտարարեց հացահատկի գործարքից դուրս գալու մասին։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ռուսական հարվածների թիրախ էին դարձել նավահանգստային ենթակառուցվածքներն ու հացահատկի ամբարները, որոնք օգտագործվում էին հացահատկի գործարքի ժամանակ։

Լուսանկարը՝ Օդեսայի մարզային զինվորական վարչակազմի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter