
ՌԴ-ն հայտարարել է Կալուգայի, Տվերի և Մոսկվայի մարզերում անօդաչուների խոցման մասին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են անօդաչուներ, որոնք փորձում էին հարձակվել Մոսկվայի վրա։
Անօդաչուները խոցվել են Կալուգայի մարզում, Տվերի մարզի Զավիդովո գյուղի շրջանում, ինչպես նաև Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանում։
Սոբյանինի խոսքով՝ Մոսկվայի մարզում, բեկորների անկման հետևանքով, վնասվել է «կենցաղային օբյեկտ»։ Թե կոնկրետ ինչ օբյեկտի մասին է խոսքը, Մոսկվայի քաղաքապետը չի մանրամասնել։
Մոսկվայի Վնուկովո և Շերեմետևո օդանավակայաններում գիշերը սահմանափակվել են թռիչքները։ Ռոսավիացիան գրում է, որ հինգ ինքնաթիռ ուղարկվել է այլ օդանավակայաններ։ Երևանի ժամանակով 08:30-ից ՌԴ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։
Մոսկվայի ուղղությամբ անօդաչուների հարձակման մասին Սոբյանինը վերջին անգամ հայտնել էր սեպտեմբերի 1-ի առավոտյան։ Նրա խոսքով՝ անօդաչուն խոցվել էր Մոսկվայի մարզի տարածքում՝ Լյուբերցի քաղաքի մոտ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարւթյան հետախուզական գլխավոր վարչությունը նշել էր, որ Լյուբերցիում, անօդաչուի հարձակումից հետո, հրդեհ էր առաջացել Տոմիլինսկի էլեկտրոնային գործարանում։
Լուսանկարը՝ РИА Новости-ից
Մեկնաբանել