HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11 տարվա ազատազրկման դատավճիռը մնաց անփոփոխ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության է առել Երևան քաղաքի բնակիչ Ն. Կիրակոսյանի նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012թ. փետրվարի 22-ի դատավճռի դեմ պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը և մերժել այն:

Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավորված է համարել այն, որ Ն. Կիրակոսյանը 2008թ. հունիսին նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Վ. Հովհաննիսյանի, Ա. Հեպոյանի, Կ. Թոռչյանի և Հ. Թորոսյանի հետ՝ ոսկյա իրերի առևտրով զբաղվող Է. Գրիգորյանից ավազակային հարձակման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու վերաբերյալ:

Ավազակային հարձակման եղանակով հափշտակությունը կատարելու համար հիշյալ անձինք ձեռք են բերել դիմակներ, ինքնաձիգ և մուրճ: Մշակված ծրագրի համաձայն՝ առավոտյան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 106-րդ և 107-րդ շենքերի մոտ դարանակալել են և սպասել Է. Գրիգորյանին: Տեսնելով Է. Գրիգորյանի ավտոմեքենան՝ անմիջապես փակել են մեքենայի ընթացքի ճանապարհը և ինքնաձիգի գործադրմամբ ավազակային հարձակում գործել Է. Գրիգորյանի և նրա որդի Կ. Գրիգորյանի նկատմամբ: Բացելով մեքենայի դռները՝ մեքենայի հետևի նստատեղի վրայից վերցրել են առանձնապես խոշոր չափերի՝ 33 555 000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերն ու հեռացել:

Բացի դրանից՝ նախաքննությամբ պարզվել էր, որ Ն. Կիրակոսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել «Բրաունինգ» տեսակի ատրճանակ: Նշված հրազենն ու ռազմամթերքը 2011թ. մարտի 14-ին հայտնաբերվել է Ն. Կրակոսյանի ձեռքի պայուսակում նրա անձնական խուզարկության ժամանակ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012թ. փետրվարի 22-ի դատավճռով Ն. Կիրակոսյանը հանցավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 11 տարի ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012թ. հունիսի 13-ին որոշում է կայացրել Ն. Կիրակոսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին՝ ուժի մեջ թողնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. փետրվարի 22-ի դատավճիռը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter