HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է․ հրապարակվել են 2022թ. մարդահամարի նախնական արդյունքները

2022 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական արդյունքների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ:

Նախնական տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։

Հայաստանում նախորդ՝ 2011թ. մարդահամարի համեմատությամբ նվազել է թե՛ առկա, թե՛ մշտական բնակչության ցուցանիշը։

Առկա բնակչության թվաքանակը, որը Հայաստանում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա բնակչության քանակից բացի ներառում է նաև ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակը, ըստ հաշվառման պահի, նվազել է 182 հազարով։

Մշտական բնակչության թիվը՝ մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա բնակչության քանակի և ժամանակավոր բացակաների հանրագումարը, նվազել է 86 հազարով:

Ըստ 2022թ. մարդահամարի նախնական արդյունքների՝ Հայաստանի մշտական բնակչության 36%-ը կազմել է գյուղական բնակչությունը, իսկ 64%-ը` քաղաքայինը, ինչի գերակշիռ մասը (58%) բաժին է ընկնում մայրաքաղաք Երևանին: 

Քաղաքային բնակչության թվաքանակը նախորդ մարդահամարի համեմատ նվազել է 39 հազարով։ Ընդ որում, նվազում նկատվում է բոլոր մարզերում՝ բացի Երևանից և Կոտայքի մարզից․ Երևանի բնակչությունը ավելացել է 26.5 հազարով, Կոտայքի քաղաքային բնակչությանը՝ 8.7 հազարով։ Մարզերում ամենաշատը պակասել է Սյունիքի քաղաքային բնակչությունը՝ ավելի քան 18 հազարով։

Կոտայքի մարզում աճել է նաև գյուղական բնակչության թիվը։ Աճ կա նաև Արագածոտնի և Լոռու մարզերի գյուղական բնակչության ցուցանիշներում, իսկ մյուս մարզերում թիվը նվազել է։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշման համաձայն` անկախ Հայաստանի պատմության երրորդ մարդահամարը անցկացվել է 2022թ․-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։ Առաջին անգամ մարդահամարն իրականացվել է համակցված մեթոդով․ օգտագործվել են բնակչության պետական ռեգիստրի, ՍԷԿՏ համակարգի և 25 տոկոս ընտրված հասցեներում բնակվող տնային տնտեսություններից մարդահամարի ծրագրով հավաքված տվյալները։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/ ©«Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter