HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ժողովուրդը պատրաստ է մսի կգ-ի համար 100-200 դրամ ավել վճարել, բայց ունենալ անվտանգ սնունդ». Վահե Ղալումյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված մսի հայտնաբերման դեպքում կկասեցվի տվյալ խմբաքանակի իրացումը, միսը կառգրավվի և կոչնչացվի տեսչական մարմնի կողմից։ Այդ դեպքում ոչնչացման հետ կապված ծախսերը հետագայում կգանձվի իրավախախտում իրականացնող տնտեսվարողից։ Այս մասին տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։

Ոչ սպանդանողային մորթ կթույլատրվի իրականացնել երեք դեպքում՝ 

  • անձնական սպառման համար, այդ թվում՝ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների նպատակով՝ պահպանելով հակահամաճարակային միջոցառումները,
  • որսորդության և ձկնորսության ժամանակ,
  • կենդանիների առողջական վիճակի ֆիզիկական և ֆունկցիոնալ լուրջ անվերականգնելի խանգարումներով պայմանավորված անասնաբույժի ցուցումով կենդանու անկումը բացառելու նպատակով։

«Այս նախաձեռնության նպատակն է ապահովել սպառման համար օգտագործվող մսի սպանդանոցային ծագման ապահովումը, որը միտված է պաշտպանելու հանրության կյանքն ու առողջությունը։ Նախատեսվում է ավելի ճկուն դարձնել շրջիկ սպանդանոցների մեխանիզմը, որ երբ տնտեսվարողն ուզենա, որ կենդանին սպանդանոցային մորթի ենթարկվի սահմանված կարգով դիմի, շրջիկը գա, մորթն իրականացնի, տեղեկանքը տա»,- նշեց Մարտիրոսյանը։

Ըստ Մարտիրոսյանը՝ Սպանդանոցները շուրջ 100 են, գործողները՝ 50-60-ը։ 

Հանձնաժողովի անդամ Արման Ղազարյանի խոսքով՝ նախագիծը լրացուցիչ և դժվարություն, և ֆինանսական բեռ է դնելու ժողովրդի վրա։

«Մեր լեզվով ասած՝ ղասաբը գալու ա, մտնի բազառի մեջ, ասի ընկեր՝ նախկինում միսը քեզնից 3200 դրամով էի վերցնում, հիմա ևս 100 դրամ պետք է թանկացնել, որովհետև տանելու եմ Սևանի սպանդանոց։ Ապրանքն ավելի էժան է վաճառելու, որովհետև ղասաբը գալու ա սպանդանոցի, դժվարությունների անվան տակ էժան առնի, լրացուցիչ շահույթ հետապնդի։ Մեր բերած ոչ կատարյալ օրենքի արդյունքում պրոբլեմ ենք սարքելու մեր տնտեսվարողի համար»,- քննարկման ժամանակ հայտնեց Ղազարյանը։

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն արձագանքեց՝ նշելով, որ օրենքի նածագիծը հնարավորինս բացառում է ոչ սպանդանոցային մսի շրջանառությունը։

«Մեր ժողովուրդը պատրաստ է կիլոգրամի համար 100-200 դրամ ավել վճարել, բայց ունենալ իր առողջության համար անվտանգ սնունդ, սրան այլընտրանք գոյություն չունի»,- ասաց նա։

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter