Արմեն Աշոտյան. «Ինձ համար ևս ուսման վարձի հաշվարկման սկզբունքները շատ դեպքերում անհասկանալի են»
«Ինձ համար ևս ուսման վարձի հաշվարկման սկզբունքները շատ դեպքերում անհասկանալի են»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով առաջիկա 5 տարվա ՀՀ կառավարության ծրագրի՝ կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները
Բանախոսը կարևորել է բուհերում ուսման վարձի հաշվարկման մեթոդաբանության մշակումը:
«Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ որևէ մասնավոր բուհում բարձրագույն իրավաբանական կրթություն պետության կողմից երաշխավորված դիպլոմով կարելի է ստանալ՝ վճարելով տարեկան 180 հազար դրամ, իսկ Երևանի պետական համալսարանում նույնի համար պետք է վճարել, օրինակ, 800 հազար դրամ: Ակնհայտ է, որ այստեղ խնդիր ունենք՝ հասկանալու՝ որն է տվյալ մասնագիտության համար արժանահավատ գնագոյացումը, խնդիր ունենք նաև սահմանելու ուսման վարձի վերին շեմ»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Բուհերի ֆինանսավորման մեխանիզմների հստակեցումը, ըստ Աշոտյանի, պետք է միտված լինի բարձրագույն կրթության հասանելիության խնդրի լուծմանը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթություն ստանալու իրավունքի իրացմանը:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ սոցիալական շերտավորմամբ պայմանավորված՝ բուհական կրթության հասանելիությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր, ինչը փաստել են նաև հետազոտությունները:
«Մենք տարաբնույթ մեխանիզմներով խրախուսելու ենք սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը»,- ասել է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել