
Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը զգուշավորություն է առաջացնում. Պեսկով
Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումն զգոնություն է առաջացնում, և Մոսկվան խորապես կուսումնասիրի այդ իրավիճակն ու կհետևի դրա զարգացումներին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Զորավարժությունների մասով, անխոս, նման նորությունները, հատկապես ներկայիս իրավիճակում, զգուշավորություն են առաջացնում։ Այդ իսկ պատճառով խորապես կվերլուծենք այդ նորությունները և կհետևենք իրավիճակին»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
«Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев
Մեկնաբանել