HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը մեղադրվում է Երևանի բյուջեին 3 մլրդ դրամի վնաս հասցնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Վ. Ն.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հրավերներով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում, մասնակից ընկերությունների մասնակցության հայտերը գնահատել է բավարար, ինչի հետևանքով  էական վնաս է պատճառվել Երևան համայնքին։ Այս մասին ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում

Մասնավորապես` հիշյալ ընկերությունները տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով ի վիճակի չեն եղել պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում նաև չմատուցված ծառայությունների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 3 մլրդ 2.4 մլն դրամի ավել գումարներ են վճարվել: 

Բացի այդ, գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգի հրավերով աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի հրավերով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում մասնակից ընկերությունների մասնակցության հայտերը հանձնաժողովի նախագահ Վ. Ն.-ն բավարար է գնահատել, ինչի համար ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից իր հոր՝ Հ. Ն.-ի համար որպես այլ առավելություն կաշառք է ստացել առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ՝ ընդունելով վերջինիս անվամբ գրանցված անշարժ գույքերը երկարաժամկետ տրված վարձակալության վարձավճարների չափն անհամեմատ գերազանցող՝ ընդհանուր 436 մլն 472 հազար դրամ վարձավճարով վարձակալության հանձնելու և դրա արդյունքում իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը:

Մասնավորապես, Երևան քաղաքի արևելյան հատվածում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց շուրջ 15 օր անց՝ 2015 թվականի ապրիլի 13-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցք 2 հասցեում գտնվող 2708,1 քմ մակերերսով տարածքը 10 տարի ժամկետով՝ ամսական 6000 ԱՄՆ դոլարին համարժեք 2 մլն 850 հազ․ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրելու մասին: Կնքված պայմանագրի շրջանակներում ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերի պահումից հետո Հ. Ն.-ին ամսական վճարման ենթակա գումարը կազմել է 2 մլն 565 հազ․ դրամ, իսկ տասը տարվա համար վճարման ենթակա ընդհանուր գումարը՝ 307 մլն 800 հազ․ դրամ:   

Այնուհետև՝ 2016 թվականի հուլիսի 15-ին, Հ. Ն.-ի և «Սանիթեք» ՍՊ ընկերության  միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցք 2/2 հասցեում գտնվող 646,2 քմ և 610,56 քմ մակերեսներով տարածքները ամսական՝ համապատասխանաբար 476 410 և 715 000 ՀՀ դրամ վարձավճարներով վարձակալությամբ տրամադրելու մասին:  

2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը միակողմանի լուծվել են, իսկ մինչ այդ՝ Վ. Ն.-ն հոր՝ Հ. Ն.-ի համար որպես այլ առավելության տեսքով (գույքային օգուտի) կաշառք փաստացի ստացել է շուրջ 141 մլն 273 հազ․ դրամ գույքային օգուտ:

Վերը նշված հանցանքների կատարման համար Վ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

***

Հավելենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ նշված Վ․Ն․-ն Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter