9-ամյա պարտադիր կրթությունից անցում է կատարվելու 12-ամյա պարտադիր կրթության
Այսօր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է առաջիկա 5 տարվա ՀՀ կառավարության ծրագրի՝ կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները: Արմեն Աշոտյանի խոսքերով՝ ծրագրի կրթությանը վերաբերող հատվածի հիմքում ընկած են ՀՀԿ նախընտրական ծրագիրը և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը: Դիտարկվել են նաև քաղաքական այլ ուժերի առաջարկները, որոնք հիմնականում վերաբերել են սոցիալական խնդիրներին, իսկ կրթության բովանդակությանը վերաբերող առաջարկներ գրեթե չեն եղել:
Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ հաստատված կրթական ծրագիրը մարդակենտրոն է և ընդգծում է կրթական համակարգում փոփոխություններիշարունակականությունը: «Կրթական համակարգը դատապարտված է սպասարկելու տնտեսության և հասարակության զարգացումը: Գալիք 5 տարում փոփոխություններն անխուսափելի են՝ անկախ այդ փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ խոսակցություններից. ես չեմ վախենում փոփոխություններից, ես չեմ վախենում քննադատությունից»,- ասել է Արմեն Աշոտյանը: Այժմ մշակվում է ժամանակացույց, թե ինչպես են իրականացվելու նախանշված ծրագրերն՝ ըստ տարիների:
Առաջիկա 5 տարում կրթության ոլորտի կարևորագույն փոփոխություններից մեկը պարտադիր կրթության շեմի բարձրացումն է. 9-ամյա պարտադիր կրթությունից անցում է կատարվելու 12-ամյա կրթության: «Այժմ ՀՀ Սահմանադրությամբ պարտադիր է համարվում հիմնական դպրոցի կրթությունը, որն ավարտվում է 9-րդ դասարանում: Նախատեսվում է, որ այդ շեմը կբարձրացվի, և կսահմանվի պարտադիր 12-ամյա կրթության անցնելու կարգ:
Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո պարտավոր կլինի կրթությունը շարունակել կամ ավագ դպրոցում կամ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Սա նշանակում է, որ բարձրացնելու ենք հասարակության կրթական ցենզը՝ միաժամանակ լուծելով սոցիալական խնդիր: Մասնագիտական կրթությունը լինելու է անվճար. այս ոլորտում մենք անցնելու ենք տոտալ անվճար համակարգի»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ տարեկան 9-րդ դասարանն ավարտող շուրջ 4 հազար շրջանավարտ չի շարունակում կրթությունը: Որպես այդ ծրագրի իրականացմանը միտված առաջին քայլ պետք է համապատասխան օրենք ընդունվի:
Հաջորդ գերակայությունն է այն, որ յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար, հայերեն կրթական բովանդակությամբ հագեցած համակարգիչ է տրամադրվելու, ինչը նպատակ է հետապնդում ամրապնդել տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում:
Նախարարը հավաստիացրել է, որ կառավարության համար թիրախային է համարվում նախակրթարանների ցանցի ընդլայնումը. մինչև 2017 թվականը 5-6 տարեկան երեխաների 90 տոկոսը պետք է հնարավորություն ունենա այցելել նախակրթարան: Վերջին 3 տարում 25 տոկսով բարելավվել է նախակրթարանների հաճախելիության ցուցանիշը. 120 համայնքում բացվել են նախակրթարաններ:
Նախարարը նշել է, որ 2018 թ.-ից միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժները իրավունք չեն ունենա դասավանդել դպրոցում: Ըստ նախարարի՝ օրենքն ընդունվել է 2011 թ., հետևաբար, դպրոցներում աշխատող ավելի քան 5000 բարձրագույն կրթություն չունեցեղ մանկավարժ 7 տարի ժամանակ ունի համապատասխան կրթություն ստանալու և օրենքի պահանջը կատարելու համար:
Բուհական ոլորտում սպասվող բարեփոխումներից նախարարն առանձնացրել է բուհական ազատությունների ընդլայնումը և բուհերի միջազգային հավատարմագրումը: Պետական բուհերը տարեցտարի պետք է վերափոխվեն հանրային բուհերի: Այդ ծրագրի փորձնական մեկնարկը տրված է Ագրարային համալսարանում, ինչով պայմանավորված՝ Հայաստանի պետական ագրարային համալասարանը ՊՈԱԿ-ից վերափոխվել է հիմնադրամի, ինչը գործունեության ավելի մեծ ազատություններ է ենթադրում:
«Մեզ համար խիստ կարևոր է, որ մինչև 2017 թ. ունենալ ենք հայաստանյան 5 բուհ, որոնք կանցնեն միջազգային հավատարմագրում: Դա դիտվելու է որպես ուսանողներ ներգրավելու և կրթության որակի գլխավոր չափանիշներից մեկը: Նախարարությունը խրախուսում է այդ գործընթացը. բուհերն իրենք պետք է դիմեն հավատարմագրման համար և անցնեն այդ գործընթացը, եթե, իհարկե, համապատասխանում են միջազգային պահանջվող չափանիշներին»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Հավատարմագրման չափանիշերը սահմանում են միջազգային բուհական հավատարմագրում իրականացնող կառույցները: Բանախոսի խոսքերով՝ առաջիկա 3 տարում Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը, ինչը հնարավորություն կտա երկրում կենտրոնացնել եվրոպական լավագույն փորձը բարձրագույն կրթության ոլորտում:
Արմեն Աշոտյանը շեշտել է նաև գիտության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: Գիտության այժմյան տարանջատված կառավարումն արդյունավետության տեսակետից խոցելի է: «Մենք պետք է ֆինասավորենք մրցունակ հետաքրքիր ծրագրեր՝ իհարկե շեշտադրելով հայագիտական ոլորտի զարգացումը»,- ասել է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել