HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ․ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն

Եվրոպական միությունը մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակվող սահմանափակումներին և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վրա ազդող հումանիտար և անվտանգության լուրջ հետևանքներին: Այդ մասին նշվում է Եվրոպական միության տարածած հայտարարության մեջ, որն ընդունվել է սեպտեմբերի 6-ին՝ ԱԳ նախարարների կոմիտեի հերթական հանդիպման արդյունքներով։ 

«Լաչինի միջանցքով երթևեկությունը գրեթե 9 ամիս է, ինչ խոչընդոտվել է, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների: Դրա հետևանքով դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են կամ արդեն իսկ սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար»,- ասված է եվրոպական կողմի հայտարարության մեջ։ Բացի այդ, ըստ այդ հայտարարության, Եվրամիությունը ցավում է, որ տարածաշրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը լրջորեն խոչընդոտվել է, և կոչ է անում այն լիարժեք ու արագ վերականգնել՝ ներառյալ հումանիտար բեռների փոխադրումը:

Հայտարարության տեքստում եվրոպական կողմը ևս մեկ անգամ կրկնում է հուլիսի 26-ին ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարի կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը ու երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չի սրվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի ժամանակավոր միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշման։

«ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամ քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների արտահայտած պատրաստակամությունը։ ԵՄ-ն հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ։

Բացի այդ, Եվրոպական միությունն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի երկայնքով աճող լարվածությանը։ ԵՄ-ն փաստարկում է, որ հրադադարի խախտման միջադեպերի մասին հաղորդագրություններ են ստացվում գրեթե ամեն օր: ««Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Եվրոպական միությունը նաև հիշեցնում է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը սահմանին առկա իրավիճակի մասին զեկույցներ ներկայացնելու և դիտարկելու նպատակով հայկական կողմից պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով, որի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև նպաստել հակամարտության կարգավորմանը և ամրապնդել վստահությունը։

«ԵՄ-ն կրկնում է զսպվածություն ցուցաբերելու ու ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսության իր կոչերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար անհրաժեշտ են մշտական ջանքեր, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության շուտափույթ հաստատումը վճռորոշ նշանակություն ունի, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության և այլ հարցերի տեսանկյունից»,- նշվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ ԵՄ-ն նաև նշում է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել առկա հումանիտար խնդիրները: «ԵՄ-ն, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ակտիվորեն մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն: 2023 թվականի հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ վերջին եռակողմ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացին իրենց հաստատակամ հանձնառությունը: Նրանք մասնավորապես վերահաստատել են իրենց լիակատար հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և իրենց ոչ երկիմաստ հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանների սահմանազատման քաղաքական շրջանակ: Սահմանի վերջնական սահմանազատումը պետք է համաձայնեցվի բանակցությունների միջոցով։ Սահմանազատման հարցում հետագա էական առաջընթացը միջազգային սահմանին լարվածության նվազեցման, թյուրիմացությունների և միջադեպերի կանխարգելման կարևոր գործոն է»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրոպական կողմը պնդում է, որ բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն, որպեսզի ստեղծվի միջավայր, որը նպաստում է խաղաղությանը և հարաբերությունների կարգավորման բանակցություններին: 

«ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանմանը և Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց: Մենք չպետք է կորցնենք վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար ձեռք բերված ազդակը։ Կարևոր է շարունակել բանակցությունները»,- նշվում է հայտարարության վերջին հատվածում։

Լուսանկարը՝ Reuters/Yves Herman

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter