HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. կրկին հնչել է Լաչինի միջանցքի բացման կոչը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Արցախում առկա իրավիճակն ու Լաչինի միջանցքի հարցը։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ, որը տարածվել է միայն այսօր՝ սեպտեմբերի 6-ին։

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ արտահայտելու Միացյալ Նահանգների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար՝ միաժամանակ ճանաչելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ Բլինքենը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ու փոխզիջման անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ «Նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին»,- նշում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմն իր հերթին ևս հաղորդագրությունը տարածել է միայն այսօր՝ ամերիկյան հաղորդագրության հրապարակումից հետո։ Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Ադրբեջանական կողմը նշում է, որ Բլինքենն ու Ալիևը ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև ադրբեջանական կողմի «հումանիտար օգնության մասին», որը մերժվել է Արցախի կողմից։ «Նախագահ Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ չնայած այն հանգամանքին, որ վերաինտեգրման հարցերի քննարկման համար Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներին հրավիրել է մայրաքաղք Բաքու և Ադրբեջանի մյուս քաղաքներ, նրանք հրաժարվել են դրանից»,- նշվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։ 

Բաքուն այն կարծիքին է, որ Լաչինի միջանցք ուղարկելով մարդասիրական բեռներով բեռնված մեքենաներ՝ «Հայաստանը փորձել է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին ու խախտել տարածքային ամբողջականությունը»։ Ալիևը Բլինքենին հայտարարել է, որ «նման քայլերով Հայաստանը լուրջ հարված է հասցրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին»։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կբացվի այն ժամանակ, երբ բացվի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter