HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայրամովը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» բացման պլան Բ-ի առկայության մասին. առանց Հայաստանի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքուն ունի «պլան Բ», որով նախատեսվում է, որ այն կարող է իրականացվել առանց Հայաստանի մասնակցության, եթե «Երևանը շարունակի իրեն ոչ կառուցողական պահել»։ 

«Ինչ-որ պահի զգացողություն է առաջանում, որ մենք մոտ ենք աշխատանքի ավարտին (ի նկատի ունի այդ միջանցքի բացումը-խմբ.), երբ մեկ էլ վերջին պահին Հայաստանը անակնկալ կերպով ինչ-որ նոր բան է առաջ քաշում, ինչը նորից գործընթացը փակուղի է մտցնում։ Դա ոչ կառուցողական է։ Բացի այդ, հանդիսանում է նաև եռակողմ հայտարարության համապատասխան կետի խախտում, որով Հայաստանը պարտավորություն էր ստանձնել՝ երաշխավորելու բեռների, քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երթևեկությունը»,- ադրբեջանական պետական Azertac գործակալությանը և հունգարական Magyar Demokrata պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Բայրամովը։ Հարցազրույցն անց է կացվել Հունգարիա վերջինիս այցի շրջանակներում։ 

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ «Երևանը կկորցնի ևս մեկ շահավետ հնարավորություն՝ կարգավորելու երկրի տնտեսությունը», քանի որ այդ ճանապարհը ուղղակի կարող է շրջանցել Հայաստանը։ «Ադրբեջանը կարող է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը՝ ունենալով «պլան Բ»։ Ու մեր երկրի համար նախագիծը կիրագործվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այդ պարագայում այդ երկիրն ուղղակի դուրս կմնա շահառուների ցուցակից»,- հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» հանդիսանում է Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի տարր։ «Փորձագետները գնահատել են, որ Զանգեզուրի միջանցքը Միջին միջանցքին կարող է ավելացնել լրացուցիչ 5-8 միլիոն տոննա բեռ։ Դա խիստ շահեկան է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի համար, այլև մյուս երկրների»,- հավելել է նա։

Արդեն շուրջ 2,5 տարի է՝ Ադրբեջանը փորձում է իրագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որը, ըստ Բաքվի, պետք է անցնի Սյունիքի մարզի տարածքով ու այդ երկրի արևմտյան հատվածները միացնի Նախիջևանին։ Նախատեսվում է, որ կկառուցվեն ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներ։ Երևանը նշում է, որ դեմ չէ ճանապարհների բացմանը, բայց դա պետք է լինի հայկական իրավասության ներքո և չպետք է ունենա միջանցքի տրամաբանություն։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter