HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ դիտորդական առաքելության կանադացի անդամների ժամանման ժամկետները հայտնի չեն

2023-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Կանադան կմիանա Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, որի նպատակը հայ-ադրբեջանական սահմանին պարեկության իրականացումն ու Բրյուսելի համար սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցների պատրաստումն է։ Եվրոպական կողմը փոխանցել էր, որ Օտտավան է ցանկություն հայտնել միանալու առաքելությանը։

Կանադական կողմի այս նախաձեռնությունը ողջունել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ դա կարևոր ներդրում կլինի Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման համար։

Civilnet-ի հարցմանը ի պատասխան Հայաստանում ԵՄ առաքելությունից հայտնել էին, որ դիտորդական առաքելությանը Կանադայից կմիանա երկու քաղաքացիական փորձագետ։ 

«Հետքի» հարցմանն ի պատասխան, սակայն, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշել են, որ Կանադայի ներկայացուցիչները դեռևս Հայաստան չեն ժամանել։ «Այդ առնչությամբ հստակ ժամկետներ առկա չեն»,- ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում։ 

Այս ամիս նախատեսվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի այցը Հայաստան։ Թե կոնկրետ երբ Ժոլին կլինի Հայաստանում, ԱԳՆ-ից չեն մանրամասնում։

Սպասվում է, որ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությանը ղեկավարը Երևանում կմասնակցի Կանադայի դեսպանության բացմանը։ Հնարավոր է, որ Կանադայի ներկայացուցիչները, որոնք ըստ որոշ աղբյուրների կլինեն Թագավորական հեծյալ ոստիկանությունից, Հայաստան կժամանեն կանադական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «Հետքին» նաև փոխանցել են, որ ԵՄ դիտորդական առաքելության կազմում այս պահին աշխատում են բացառապես ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները։ «Ոչ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներ ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված չեն»,- նշում է ԱԳՆ-ն։

Լուսանկարը՝ ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter