HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Սեյրանյան

Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերը Հայաստանում

Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերի մասին խոսվում է զգուշավորությամբ, այն մտավախությամբ, որ դրանք կարող են ձախողվել:

Պատվի համար

Վերջերս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը բավական մանրամասն անդրադարձավ Հայաստանում Լինսի հիմնադրամի գործունեությանը: Սա, ըստ էության, աննախադեպ էր, քանի որ Լինսի հիմնադրամը, մեղմ ասած, աչքի չի ընկնում հրապարակայնությամբ: Իսկ ավելի ճիշտ, գրեթե գաղտնի է պահվում այս կառույցի գործունեությունը Հայաստանում: Ինչ վերաբերում է Ա. Թումանյանի ասուլիսին, ապա ամենայն հավանականությամբ դրա հիմնական նպատակն էր ցույց տալ, որ հանրապետությունում աշխատատեղեր են ստեծվում եւ որ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի` 40 հազար աշխատատեղ ստեղծելու մասին խոստումներն իզուր չեն եղել: Իսկ Ռ. Քոչարյանի հույսը Լինսի հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի վրա է հիմնականում: Եւ պատահական չէ, որ Ա. Թումանյանը ամբողջ ասուլիսի ընթացքում խոսում էր առավելապես Լինսի հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի մասին, որոնցով հիմնականում կարճ ժամանակահատվածում որոշակի աշխատատեղեր են ստեղծվում: Բանն այն է, որ դրամաշնորհային ծրագրերով իրականացվում են մեծ մասամբ ենթակառուցվածքների (ճանապարհաշինության, աղետի գոտի, ջրագծեր եւ այլն) կառուցման աշխատանքներ, որոնց համար ստեղծվում են ժամանակավոր աշխատատեղեր: Մինչդեռ հայտնի է, որ Լինսի հիմնադրամը Հայաստանում իրականացնում է նաեւ վարկային ծրագրեր, եւ իրականում հենց դրանք են ուղղված տնտեսության զարգացմանն ու աշխուժացմանը: Սակայն Ա. Թումանյանը սահամանփակվեց նշելով միայն հետեւյալը. «Ամենախնդրահարույց հատվածը վարկավորման հատվածն է: Իրականությունը հետեւյալն է. որոշ ծրագրեր ներկայացված են, որոնց շուրջ եւ հայկական, եւ ամերիկյան կողմում տարակարծություններ կան: Դա նաեւ օբյեկտիվ հիմքեր ունի, քանի որ վարկավորման ժամկետը բավականաչափ կարճ է: Ինչ ծրագրեր պիտի լինեն դրանք, որոնք մինչեւ 2003 թ. նոյեմբերի 1-ը եւ հավաքվեն, եւ արդյունք տան, եւ վարկի փակման հնարավորություն տան: Այսինքն` շատ դինամիկ ծրագրեր են պետք, որոնք ենթադրում են միայն շրջանառու միջոցների համալրում կամ գոնե պետք է աշխարհում հայտնի կազմակերպություններ լինեն, որոնց համար մենք կարողանանք համոզել նաեւ ամերիկյան կողմին: Օբյեկտիվ դժվարություններ կան, բայց մենք փորձում ենք դեռ շարունակել բանակցությունները: Առայժմ հաջողված օրինակ չունենք, բայց չեմ կարծում, որ այդ փողերը մենք կորցնելու ենք: Պատահական չէ, որ ՀՀ նախագահը իր հսկողության տակ է պահում այդ ամբողջ գործընթացը: Քըրք Քըրքորյանը, ըստ էության, այդ փողերը վստահել է ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը: Չգիտեմ շարունակություն (նկատի ունի Լինսի հիմնադրամի կողմից վարկային այլ ծրագրերը: Լ.Ս.) կլինի, թե ոչ, բայց լավ կլինի, որ մենք պարզերես դուրս գանք այս ամենից, պատվով դուրս գանք»,- ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Հատկանշական է, որ Ա. Թումանյանը Լինսի հիմանադրամի վարկային ծրագրերի մասին խոսում է նման զգուշավորությամբ եւ անհանգստությամբ: Պարոն Թումանյանին կարելի է հասկանալ, քանի որ Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերը, սկսած դրանց հիմնավորման փուլից մինչ այսօր, «հարուստ» են բավական կասկածելի դրվագներով, որոնք ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին պետք է որ հայտնի լինեն: Վարկային ծրագրերի մասին նման վերապահումներով խոսելով Ա. Թումանյանը, փաստորեն, ակնարկել է, որ դրանք կարող են ձախողվել եւ Հայաստանը կարող է դրանից «պարզերես» ու «պատվով» դուրս չգալ:

Իսկ ինչու՞ սկզբում ամեն ինչ այնպես չի արվել, որ այսօր «պարզերեսության» խնդիր չառաջանար: Ի վերջո, խոսքը ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար (ընդ որում առանց տոկոսադրույքի) գումարի մասին է, որը Հայաստանի համար այնքան էլ փոքր գումար չէ: Ինչու՞ Հայաստանում Լինսի հիմնադրամի ձեւավորման ժամանակ չի ընտրվել այդ գումարների ծախսման համար այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտար արդյունավետ օգտագործել այդ վարկային միջոցները:

Լինսի հիմնադրամի վարկային ծրագրով Հայաստանում միայն փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով 1998 թվականին 6 տարի ժամկետով տրամադրվել է 20 մլն ԱՄՆ դոլար: Սակայն այսօրվա դրությամբ դժվար է միանշանակ ասել, թե որքան է օգտագործվել այդ գումարներից, քանի որ տարբեր պաշտոնական փաստաթղթերում հանդիպում ենք տարբեր թվերի: Առաջին անգամ ընդհանրապես Լինսի հիմնադրամին առնչվող տեղեկատվություն արձանագրվել է ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի 1999թ. հաշվետվության մեջ, որտեղ նշվում է, որ Լինսի հիմնադրամի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վարկային ծրագրի միջոցներից օգտագործվել է 6 մլն 132000 ԱՄՆ դոլար: Իսկ, ըստ 2000 թ. հաշվետվության, այդ վարկային ծրագրի գծով պետական պարտքն ավելացել է 6 մլն 538000դոլարով: Արդյունքում ստացվում է, որ 2000թ. դրությամբ այդ վարկից օգտագործվել է ընդամենը 12 մլն 670000 դոլար:

Իսկ Լինսի հիմնադրամի «Ձեռնարկությունների վարկավորման ծրագրի» համար, ըստ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության փաստաթղթի 01.01.2000թ. դրությամբ (այս ծրագիրը եւս մեկնարկել է 1998-ին) վարկից օգտագործվել է 20 մլն ԱՄՆ դոլար: Իսկ Ա. Թումանյանը Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերի մասին խոսելիս նշեց, որ հիմնադրամից ընդհանուր օգտագործվել է 21-22 մլն ԱՄՆ դոլար միայն: Ինչու՞ է մինչ օրս, երբ արդեն գրեթե ավարտին է մոտենում վարկային ծրագիրը, 100 մլն դոլար վարկից օգտագործվել այդքան քիչ գումար, երբ Հայաստանի տնտեսության համար այսօր «օդ ու ջրի» պես անհրաժեշտ են ներդրումներ: Ստացվում է` կան ներդրումներ, բայց չեն օգտագործվում: Փորձագետների կարծիքով այդ հանգամանքը մեծապես պայմանավորված է վարկային ծրագրերի իրականացման համար ընտրված (այսինքն` գործող) մեխանիզմով, ինչի մասին ի սկզբանե իմացել են նաեւ այդ մեխանիզմի ընտրման գործում ակտիվ մասնակցություն ունեցող պետական պաշտոնյաները:

Կորսված հնարավորություններ

Հարկ է նշել, որ մինչեւ Լինսի հիմնադրամի հետ վերջնական պայմանագիր կնքելը, Հայաստանում բավական ակտիվ քննարկումներ են եղել ստացվելիք գումարների ծախսման ուղղությունների, ձեւերի վերաբերյալ: Դրանց մասնակցել են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլեւ` մի շարք անկախ մասնագետներ, փորձագետներ: Օրինակ, «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության փոխնախագահ

Տիգրան Ջրբաշյանը, որը նույնպես մասնակցել է այդ քննարկումներին, գտնում է, որ Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերը Հայաստանում ձախողման են դատապարտված եղել հենց առաջին օրվանից, քանի որ դրանց իրագործման համար ընտրվել է միանգամայն սխալ, տնտեսագիտորեն չհիմնավորված գործողության մեխանիզմ: «Ընտրված վարկային մեխանիզմի անարդյունավետության մասին մենք խոսում եւ զգուշացնում էինք դեռ այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանի հետ բանակցություններ էին ընթանում: Առաջարկում էինք Հայասատան հրավիրել համաշխարհային ճանաչում ունեցող համապատասխան ինվեստիցիոն բանկ, որպեսզի այդ գումարների օգտագործման, այսպես ասած, խողովակը լինի միջազգային ճանաչում ունեցող կառույց, որն այստեղ այդ գումարների մի մասով կստեղծեր իր բաժանմունքը եւ այդ գումարները կներդներ որպես պրոֆեսիոնալ ինվեստիցիոնալ բանկային համակարգ: Իմաստը հետեւյալն էր. այդ գումարները հնարավոր էր լավ օգտագործել եւ այստեղ միեւնույն ժամանակ բերել պրոֆեսիոնալ ինվեստիցիոնալ կառույցներ, որոնք ե`ւ այդ գումարներն արդյունավետ կօգտագործեին, ե`ւ դրա հետ մեկտեղ հնարավոր կլիներ այլ գումարներ ներգրավել: Այսինքն` Հայաստան հրավիրված բանկը նոր ներդրումներ կաներ այստեղ: Սկզբում համաշխարհային ճանաչում ունեցող որեւէ բանկի մասին կոնկրետ խոսք չէր եղել: Հետո եղավ առաջարկ կոնկրետ գերմանական ``Դոյչե`` բանկին Հայաստան հրավիրելու վերաբերյալ»,- ասում է Տիգրան Ջրբաշյանը:

Փաստորեն, այդ առաջարկը չի ընդունվել եւ որոշվել է այդ վարկային ծրագրերն իրականացնել տեղական բանկերի միջոցով, այն հիմնավորմամբ, թե այսպիսով կզարգանա նաեւ Հայաստանի բանկային համակարգը: Սակայն, ըստ Տ. Ջրբաշյանի, Հայաստանի բանկային համակարգը պատրաստ չէ «մարսել» այդքան մեծ գումար: Պատճառները մի քանիսն են. առաջինը վարկային ծրագրի գումարային մեծությունն է: «Ունենալով բանկային համակարգ, որի ընդհանուր սեփական կապիտալը 60-65 մլն դոլար է, իսկ ընդհանուր ակտիվները տարեկան 250-280 մլն դոլար (սա այսօրվա դրությամբ, իսկ այն ժամանակ ավելի ցածր էր), ակնհայտ էր, որ այդ գումարները մեր բանկերը չեն կարողանա «մարսել», եւ հետո դա շատ ծանր բեռ կլինի բանկերի համար»:

Նրա կարծիքով, բանկերը կխուսափեն տրամադրել վարկեր, քանի որ դրանց ռիսկայնությունն ամբողջությամբ կրում են բանկերն իրենք: Իսկ մյուս խոչընդոտող հանգամանքը, ըստ Տ. Ջրբաշյանի, վարկավորման ոլորտում ՀՀ Կենտրոնական բանկի կոշտ նորմատիվային քաղաքականությունն է: Նրա համոզմամբ, վարկավորման վրա սահմանված նման նորմատիվների պայմաններում Հայաստանում ընդամենը 2 - 3 բանկ կարող էին 800 հազար դոլարի հասնող վարկեր տրամադրել (ըստ Լինսի հիմնադրամի վարկային պայմանագրի, բանկերը կարող են տրամադրել նվազագույնը 100 հազար, առավելագույնը 1 մլն. դոլար վարկեր): Իսկ մնացած բանկերը, այդ նորմատիվների պայմաններում առավելագույնը 300-400 հազար վարկեր տրամադրելու հնարավորություն կունենային: «Իսկ դրանք Հայաստանում շատ վնասակար էֆեկտ էին ունենալու, քանի որ այդ վարկերը հիմնականում ուղղված էին լինելու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Իսկ մեր կարծիքով Հայաստանում առաջին հերթին անհրաժեշտ էր մտածել խոշոր ձեռնարկությունների զարգացման մասին, որն իր հետ արդեն կբերեր փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը»:

Չինովնիկները ուզեցին «վերահսկել» ծրագիրը

Քննարկումներից հետո որոշում կայացվեց այդ վարկերը տալ ՀՀ կառավարությանը, իսկ վերջինիս միջոցով էլ տրամադրել ՀՀ բանկերին: «Բանկերն էլ սկսեցին զբաղվել այդ գործունեությամբ եւ արդյունքում պարզվեց, որ իսկապես այդ մեխանիզմը չի գործում»: Առաջին հերթին, ինչպես նշեց Տիգրան Ջրբաշյանը,ՀՀ բանկերը չեն վարկավորել եւ երկրորդը` գոյություն ունեցող միջին ձեռնարկությունները չեն կարողանում ապահովել համապատասխան որակի բիզնես ծրագիր, քանի որ դա եւս կապված է մեծ ծախսերի հետ: «Հայաստանում մեկ բիզնես ծրագիր պատրաստելու համար անհրաժեշտ է մոտավորապես 10-15000 դոլար, իսկ միջին ձեռնարկությունները, հատկապես սեփականաշնորհումից հետո, հայտնվել են այնպիսի վիճակում, որ նման ծախսեր իրականացնելու հնարավորություն պարզապես չունեն: Մի կողմից վարկերի տրամադրման մեխանիզմներն էին շատ կոշտ, եւ բանկերը գիտեին, որ այդ պարտքն իրենց վրա է մնալու, մյուս կողմից` նորմատիվների ծավալների սահմանափակումներն այնպիսին էին, որ բանկը ստիպված գործ էր ունենում միայն փոքր եւ միջին ձեռնարկությունների հետ: Իսկ ձեռնարկություններից լուրջ պրոֆեսիոնալ մակարդակով ծրագրեր սպասելն անիմաստ էր: Արդյունքում այսպիսի պարադոքս իրավիճակ ստեղծվեց. Հայաստանում գոյություն ունի 100 մլն դոլար ներդրումային գումար, որն իր պարամետրերով աշխարհում նմանը չունի եւ որեւէ անցումային շրջանի երկիր այսպիսի արտոնյալ պայմաններով վարկ չի ստացել, սակայն դրանք Հայաստանը օգտագործել չկարողացավ»,- ասում է տնտեսագետ Տ. Ջրբաշյանը: Իսկ ինչու՞ մերժվեց այս առաջարկը եւ ինչու՞ ընտրվեց այն մեխանիզմը, որի ձախողումն ի սկզբանե ակնհայտ էր հարցին Տ. Ջրբաշյանը պատասխանեց. «Տրամաբանությունը հետեւյալն էր. առաջին` չինովնիկական ապարատն ուզում էր այդ պրոցեսները «վերահսկել»: Դրա համար էլ այդ վարկը տրվեց ՀՀ կառավարությանը եւ համապատասխանաբար էլ ստեղծվեցին այդ վարկային ծրագրերի ԾԻԳ-երը (Ծրագրի իրականացման գործակալությունները): Այդ ԾԻԳ-երում բիզնես ծրագրերը հաստատվելու ճանապարհ էին անցնում եւ ՀՀ կառավարությունն իր լծակներն օգտագործում էր այստեղ: Երկրորդ հանգամանքն այն էր, որ ՀՀ ԿԲ-ն այդ գումարները որոշել էր որոշակիորեն օգտագործել որպես ֆինանսական կայունացման եւ ՀՀ բանկային համակարգի կայացման խթան: Այսինքն`որոշվեց այդ գումարներն օգտագործել ոչ թե ռեալ տնտեսական բնագավառում, այլ ավելի շատ` զարգացնելու բանկային ծառայությունները եւ այլն»,- նշեց Տ. Ջրբաշյանը, ավելացնելով, թե`»Պարադոքս է նաեւ այն, որ մենք ամբողջ աշխարհով ընկած ճչում արտասահմանյան ներդրումներ ենք փնտրում, սակայն նման արտոնյալ պայմաններով գումարներ ունենալով չենք կարողանում այն ճիշտ օգտագործել: Արդյունքում այս գումարներն անհետացան ու գնացին: Ստեղծեցին պայմաններ, որոնցով հնարավոր չէր աշխատել եւ տնտեսությունը զարգացնել»:

Հակադարձ Էֆեկտ

Սակայն, ըստ տնտեսագետի, մենք դեռ չենք հասել այս վարկային ծրագրի ամենավատ էֆեկտին: Եվ այն, որ մենք գումարները չենք օգտագործել, դեռ քիչ է. «Այստեղ ուրիշ էֆեկտ է լինելու եւ, կարծում եմ, որեւէ մեկը դրա պատասխանը կտա: Լինելու է այն, որ ՀՀ բանկային համակարգը լուրջ, վտանգավոր ճգնաժամի առաջ է կանգնելու, քանի որ այդ գումարները պետք է վճարվեն եւ մարվեն 2003 թ. նոյեմբերի 1-ին: Եվ արդեն իսկ որոշակի խնդիրներ կան: Բիզնես ծրագրերը ոչ թե մշակվում էին տվյալ ձեռնարկություն զարգացման պահանջներից ելնելով, այլեւ` գումարի չափով: Արդյունքում այդ ծրագրերի մի մասը հիմնավորված եւ արդյունավետ չեն, սխալ են մշակված: Այնինչ, բիզնես ծրագիր ստեղծելն իր սկզբունքներն ունի: Եվ այն ձեռնարկությունը, որը, համաձայն այդ սկզբունքների բիզնես ծրագիր է կազմել, կարող է այդ ծրագրի իրականացմանն անհրաժեշտ գումարների ձեռք բերման համար դիմել 1, 2 բանկի: Իսկ այս դեպքում նախապես սահմանվում է գումարաչափը, ապա նոր այդ գումարաչափին հարմարեցվում է ծրագիրը: Դրա համար էլ այդ ծրագրերի որակը վատն էր եւ 2003 թ. նոյեմբերին այդ գումարների վերադարձման խնդիրներ են լինելու. արձանագրվելու են չվճարումներ եւ դրա հետեւանքով ՀՀ բանկային համակարգում ճգնաժամեր են լինելու»,- համոզված է պարոն Ջրբաշյանը: Քննարկումների ժամանակ առաջարկ է եղել նաեւ որպեսզի բանկերին հնարավորություն տրվի միավորվելու` միասնաբար մեծ ծրագրեր ֆինանսավորելու նպատակով: Այն ժամանակ, սակայն, այդ առաջարկը եւս մերժվել է: Երկու տարի անց տեսնելով, որ առաջընթաց չկա` ԿԲ-ն թույլատրեց, փոխարենն էլ ավելի խստացնելով վարկավորման պայմանները: «ԿԲ-նպարտադիր պահուստավորման պահանջ մտցրեց եւ ասաց. գիտես ինչ կա, եթե դու 1 դոլար վարկ ես տալիս, 1 դոլար էլ պիտի ԿԲ-ում պահուստավորես: Իսկ դա արդեն բանկերի համար մեծ ծախս էր: Բանկերը, ըստ այդմ, վարկեր տրամադրելու շահագրգռվածություն քիչ ունեին»:

Այնուհետեւ, ըստ Տ. Ջրբաշյանի, որոշում կայացվեց ինվեստիցիոն ԾԻԳ ստեղծելու վերաբերյալ, որն ուղղակի առանց բանկերի միջնորդության Լինսի հիմնադրամից կտրամադրեր գումարներ: «Այդ դեպքում հարց է ծագում. եթե պատրաստ եք այդպես գումարներ տալ, ապա այն բանկերը, որոնք Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերն են իրագործում, ինչու՞ գոնե պարտադիր պահուստավորման տոկոսը չեն իջեցնում, ասենք, 40%-ով: Դա էլ ՀՀ ԿԲ-ն չարեց: Արդյունքում բանկերը հետաքրքրությունը կորցրեցին: Անգամ կան բանկեր, որոնք ընդհանրապես հրաժարվում էին մասնակցել այդ ծրագրի իրականացմանը կամ վարկային քվոտաները քիչ են օգտագործել: Իսկ դա արդեն լուրջ պրոբլեմ է»,- ասում է Տ. Ջրբաշյանը: Իսկ այսօր Տ. Ջրբաշյանին արդեն ավելի շատ մտահոգում է այն, թե «մենք ոնց ենք այս ամենի տակից դուրս գալու», որն, ըստ նրա, շատ ավելի կարեւոր է: «Թող սա դաս լինի: Մի տեղ, երբ սկսում է ինքն իրենով թույլ պետությունը մասնակցել, իսկ մեր պետությունը այսօր շատ թույլ է, որը չի կարողանում իր քաղաքականությունը կիրառել եւ անընդհատ տարբեր չինովնիկներ փոփոխվելով` տարբեր անձերի ազդեցության ոլորտներից կախված տարբեր մոտեցումներ է ունենում, այսպես էլ պիտի լիներ: Իսկ այսօր այս պետությունը փորձում է աշխատել Լինսի հիմնադրամի հետ, որը շատ առեւտրային կառույց է եւ այդ հարաբերությունները շատ բարդ ու հստակ են: Իսկ մեր պետությունը շատ թույլ է եւ այս պետության մեջ շատ մեծ է ազդեցությունների ոլորտը: Իսկ Լինսի հիմնադրամին նման խնդիրները չեն մտահոգում: Նրանք նայում են ծրագիրը, ասում են` էս ինչ՞ ծրագիր են մեզ ուղղարկել: Չեն հասկանում, որ այստեղ կարող է այդ ծրագիրը ինչ-որ քաղաքական խմբերի եւ նմանատիպ այլ խնդիրներ լուծելու նպատակ ունի: Դրա համար մեր առաջարկի իմաստն այն էր, որ աշխատանքը ոչ թե պետության վրա դրվեր, այլ` մասնագիտացված, պարտադիր արտասահմանյան, կոմերցիոն ընկերության, որը զերծ կլիներ այդ բոլոր ներքաղաքական ազդեցությններից եւ կգնահատեր զուտ բիզնես-ծրագիրն ու գումարներ կտրամադրեր դրա իրականացման համար: Եվ նաեւ այն, որ այդ կառույցն ինքն անձամբ կբանակցեր Լինսի հիմնադրամի հետ` առանց ՀՀ կառավարության միջնորդության: Այս առաջարկը եւս չանցավ»,-նկատեց Տ. Ջրբաշյանը:

2001 թ. ձմռանը եւս քննարկումներ են եղել եւ Տ. Ջրբաշյանն իր ելույթում նշել է այս վարկային ծրագրերի ձախողման մասին, սակայն, վերջինիս խոսքերվ, Արտաշես Թումանյանը հակառակն է պնդել, ասելով, թե` ամեն ինչ նորմալ է եւ որ արդեն Հայաստանում ինվեստիցիոն հիմնադրամ են ստեղծում, քանի որ բանկերն այն չեն կարողանում իրականացնել, եւ որ որեւէ ծրագիր չի ֆինանսավորվել: «Սակայն արդեն ուշ է,-ասում է Տ. Ջրբաշյանը,-եւ չի կարելի ասել, թե այսուհետ կֆինանսավորվի: Հայաստանում չկան այնպիսի բիզնեսներ, որոնք կարող են խոշոր վարկ վերցնել եւ 2.5 տարվա ընթացքում այդ վարկերը` իրենց տոկոսներով, վերադարձնել»:

Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերի շրջանակում համագործակցող բանկերը 12-ն են, որոնցից, օրինակ, Հայէկոնոմբանկը ներկայումս միջազգային հաստատությունների հետ համագործակցում է վարկային 4 ծրագրերի շրջանակներում, որոնք նախատեսված են փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու համար` Լինսի հիմնադրամ, Հայ-Գերմանական հիմնադրամ, Համաշխարհային բանկ եւ Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկ (EBRD): Հայէկոնոմբանկը եւս Լինսի հիմնադրամի վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունից վարկ վերցնում է 3 տոկոս դրույքաչափով, իսկ գործարաններին, ձեռնարկություններին տրամադրվող վարկի տոկոսադրույքի չափը, ինչպես եւ մնացած բանկերը, սահմանում է սեփական հայեցողությամբ, սակայն` չգերազանցելով 15% դրույքաչափը: Համաձայն մամուլում հրապարակված տեղեկության, Հայէկոնոմբանկի միջազգային վարկերի վարչության պետը «Ինչու եւ ինչպես է սահմանվել 15%-ը» հարցին պատասխանել է. « Չի կարելի ասել, թե որպես կանոն առավելագույն դրույքաչափն ենք սահմանում: Համակարգը ճկուն է, եւ մեր մոտեցումը պայմանավորվում է ներկայացվող բիզնես-ծրագրի հիմնավորվածությամբ, արդյունավետությամբ եւ հեռանկարով: Կարող է հաճախորդին վարկն առաջարկվել, ասենք, 8% - ով:

Իսկ Կրեդիտ-Երեւան բանկի միջազգային վարկերի սպասարկման վարչության մասնագետ Արշտյուշա Աբրահամյանը մեր հարցին այսպես պատասխանեց. «Եթե ուզում ենք, որ ձեռնարկությունը զարգանա եւ եթե գիտեք, որ 15%-ով չի կարող վարկը վերադարձնել 11-13%-ով ենք տալիս: Ինչքան ուզում ենք, այդքան էլ սահմանում ենք»:

Օրինակ, Հայէկոնոմբանկին ըստ (ըստ մամուլի) 2000թ. նոյեմբեր ամսվա դրությամբ ընդամենը 7-8 գործարար է դիմել Լինսի հիմնադրամի վարկային ծրագրից վարկ ստանալու համար, իսկ Կրեդիտ-Երեւան բանկին, արդեն 2001թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ կրկին 7-8: Կրեդիտ-Երեւան բանկում այնուամենայնիվ չհերքեցին այն, որ կանխիկ գումարը գործարարի ձեռքում հայտնվում է բիզնես-ծրագիրը հաստատելուց 5-6 ամիս հետո միայն: Սակայն այդքան ուշացումներ, ըստ նույն աղբյուրի, հիմնականում լինում էին սկզբնական շրջանում: Այժմ, ըստ Ա. Աբրահամյանի, գումարն ավելի արագ է փոխանցվում. «Գործ կա 20-30 օրում են վարկավորվում, գործ կա` ուշ, նայած` ինչպես են ծրագիրը մարսում»: Կրեդիտ-Երեւան բանկը Լինսի հիմնադրամի «Փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրի» շրջանակներում առաջին վարկավորումը կատարել է 20.05.1999 թ., իսկ վերջինը (2001թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ) 30.06.2001 թ.: Եվ քանի որ ծրագիրն արդեն մոտենում է ավարտին, ինչպես նշեց Կրեդիտ-Երեւան բանկի մասնագետը, այժմ 100000 ԱՄՆ դոլար գումարի չափով ծրագրերն են միայն վարկավորում, եւ բարձր վարկային ծրագրեր չեն իրականացնում, քանի որ վարկառուն մինչեւ 2003 թ. նոյեմբերի 1-ը չի կարողանա բանկին վերադարձնել խոշոր գումարները:

Իսկ կարո՞ղ էին արդյոք բանկերն ավելի շահագրգռող պայմաններ առաջարկել Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերի համար: Օրինակ, գրավադրման ավելի ցածր գումարաչափ, քանի որ բանկերի կողմից սահմանված գումարաչափը վերցրած վարկաչափից գրեթե երկու անգամ ավելի: Պարզվում է` ոչ, քանի որ բանկերը 100% ռիսկայնության են ենթակա եւ վարկային ծրագրի ժամկետը լրանալուց հետո, պետք է վերադարձնեն ե`ւ գումարաչափը, ե`ւ ՀՀ կառավարության երեք տոկոսները: Թեկուզ սեփական միջոցներից:

Մի զարկով երկու նապաստակ

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Լինսի հիմնադրամի վարկային միջոցների իրագործման համար ընտրված մեխանիզմի պատճառով, լայն իմաստով, կասկածի տակ է դրվել այդ ծրագրերի իրականացումն ընդհանրապես: Եթե տեղական բանկերի միջոցով, վարկերը տեղաբաշխելու ճանապարհով, այս ծրագրի իրականացման պատասխանատուներն իսկապես ցանկանում էին զարգացնել նաեւ Հայաստանի բանկային համակարգը, ապա` առնվազն պետք է լրջորեն փոփոխվեր ՀՀ բանկային օրենսդրությունը, որպեսզի բանկերը կարողանային ազատորեն` առանց սահմանափակումներ, իրականացնել վարկային ծրագիրը: Լինսի հիմնադրամի միջոցով ՀՀ բանկային համակարգը զարգացնելու գաղափարը նման է մի զարկով երկու նապաստակ խփելուն, քանի որ տվյալ դեպքում այդ հիմնադրամի ձեւավորման նպատակը փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն է: Փաստորեն, դրանից ածանցելով նաեւ բանկային համակարգի զարգացման մոտեցումը, վտանգվել է ամբողջ ծրագրի իրականացումը: Ակնհայտ է, որ որեւէ միջազգային հեղինականություն ունեցող կազմակերպության այդ ծրագրի իրագործումը վստահելով մի քանի անգամ ավելի արդյունավետ կօգտագործվեին վարկային միջոցները: Բացի այդ, վստահաբար կարելի է ասել, որ որեւէ խոշոր համաշխարհային բանկ կամ հիմնադրամ Հայաստան գալով չեր սահմանափակվի միայն Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերի իրականացմամբ, եւ եթե նրա համար տեսանելի լիներ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը կամ պահանջարկը, ապա այն Հայաստանում կիրագործեր նաեւ սեփական ծրագրեր: Այլ կերպ ասած, բացի Լինսի հիմնադրամի միջոցներից լրացուցիչ ներդրումներ կկատարեր Հայաստանի տնտեսության համար: Այսինքն` չընտրվելով այս տարբերակը, ոչ միայն չի ապահովվել Լինսի հիմնադրամի ծրագրերի իրագործման արդյունավետությունը, այլեւ` Հայաստանը կորցրել է բավական խոշոր լրացուցիչ ներդրումներ ստանալու հնարավորությունը: Բնականաբար, դա գիտակցել են նաեւ Լինսի հիմնադրամով զբաղվող պետական պատասխանատուները, ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ինչպես հայտնի է, անձամբ է վերահսկում Լինսի հիմնադրամի աշխատանքները: Կարելի է ենթադրել սակայն, որ այդ դեպքում պետական պաշտոնյաների մի զգալի հատված կզրկվեր բավական մեծ ստվերային միջոցներ տնօրինելու հնարավորությունից, քանի որ հասկանալի է, որ որեւէ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպություն ստվերային գործարքների մեջ չէր մտնի Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ: Այդ դեպքում, չէին ստեղծվի ինչ-որ անիմաստ, միջանկյալ դերակատարություն ունեցող պետական հանձնաժողովներ, ԾԻԳ -եր, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են ծրագրերի իրականացման օպերատիվությունը եւ հրապարակայնությունը: Արդյունքում պոտենցիալ վարկառուն ստիպված չի լինի անցնել բանկ -ՀՀ Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ենթակայության տակ գտնվող Լինսի հիմնադրամի հանձնաժողով (որը գլխավորում է նախարար Կարեն Ճշմարիտյանը )-Հայաստանում Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերի համապատասխան ԾԻԳ--Լինսի հիմնադրամի Վաշինգտոնի գրասենյակ երկար ճանապարհը, այլ` գործ կունենար միայն այդ «օպերատոր» բանկի հետ, որն ամբողջությամբ կհամակարգեր ծրագրերի հետ կապված աշխատանքները: Իսկ Լինսի հիմնադրամի ծրագրերի իրականացումը «վստահելով» տեղական բանկերին Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս ՀՀ ԿԲ -ի, գրեթե ամբողջությամբ վերահսկում է ողջ այդ գործընթացը: Բնականաբար, դա ենթադրում է նաեւ որոշակի կամայականությունների դրսեւորում այս կամ այն ծրագրի հաստատման, ֆինանսավորման եւ իրականացման հարցերում:

Մի խոսքով, բավական կարճ եւ լայն հեռանկարներ խոստացող մեխանիզմի փոխարեն հայկական կողմը ընտրել է նշված «բյուրոկրատական» մեխանիզմը: Թերեւս դա է հիմնական պատճառը, որ մինչ օրս Լինսի հիմնադրամի վարկային ծրագրերը տեսանելի արդյունք չեն տվել Հայաստանի տնտեսության մեջ: Ի վերջո, նաեւ այդ է պատճառը, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրին անցած երեք տարիների ընթացքում դիմել է ընդամենը մեկ-երկու տասնյակ գործարար կամ ձեռնարկություն, այն դեպքում,երբ պաշտոնական տվյալներով Հայաստանում դրանց թիվը կազմում է մի քանի տասնյակ հազար: Ահա թե ինչու է Ա. Թումանյանը մտավախություն հայտնում, որ «պարզերես» դուրս գալու փոխարեն այս պատմությունից կարող է սեւերես դուս գանք:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter