HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլեյնսփոթինգ. աշխարհով մեկ ինքնաթիռներին հետևելու թարմացված ուղեցույց

2019 թվականին GIJN-ն առաջին անգամ գործարկեց աշխարհով մեկ ինքնաթիռների հայտնաբերման և թռիչքներին հետևելու (փլեյնսփոթինգի, անգլ.՝ planespotting) իր ուղեցույցը: 2022 թվականին Ուկրաինա ներխուժմամբ (որը հանգեցրեց ռուս օլիգարխների և նրանց ակտիվների մեծ արտահոսքի), ինչպես նաև Իլոն Մասկի՝ Twitter-ում (այժմ՝ X) իրական ժամանակում ինքնաթիռներին բոտերի միջոցով հետևելն արգելափակելու ջանքերով պայմանավորված՝ մենք այժմ թարմացրել ենք լրագրողական ուղեցույցը՝ հաշվի առնելով այս վերջին զարգացումները: GIJN-ը երախտապարտ է անկախ լրագրող և Dictator Alert-ի տնօրեն Էմանուել Ֆրոյդենթալին՝ այս ուղեցույցը թարմացնելու գործին իր փորձագիտական աջակցության համար: 

Հետաքննողի համար իքնաթիռներին հետևելն անգնահատելի գործիք է։

Հետաքննող լրագրողներն օգտագործում են ինքնաթիռների մասին տեղեկությունները կոռուպցիան բացահայտելու, պատերազմներին հետևելու, պետական պաշտոնյաներին աչքի տակ պահելու և արտանետվող ջերմոցային գազերի ծավալները մատնանշելու համար:

Բոլոր ինքնաթիռներն ունեն նույնականացման եզակի համարներ, որոնք կարող են օգտագործվել թռիչքներին հետևելու և սեփականատերերին նույնականացնելու համար: Համենայն դեպս, երբեմն:

Թռիչքի մասին տեղեկություններ կարելի է ստանալ ինչպես կոմերցիոն, այնպես էլ շահույթ չհետապնդող կազմակերպություններից, որոնք հավաքում և հասանելի են դարձնում թռիչքների վերաբերյալ մեծածավալ տվյալներ: Սա հնարավորություն է տալիս հետևելու կոնկրետ ինքնաթիռների, մշտադիտարկելու որոշակի վայրեր, վերհանելու օրինաչափություններ և այլն:

Ինքնաթիռներին հետևելու հոբբին» իր գրավչությամբ անտարբեր չի թողել բազում էնտուզիաստների… Այս գործի նվիրյալներն ակտիվ համայնք են, որը պոտենցիալ ռեսուրս է լրագրողների համար:

Փլեյնսփոթինգն իրագործելի է շնորհիվ թռիչքներին հետևող տեղորոշման համակարգերի: Այդպիսի առաջատար տեխնոլոգիա է ADS-B-ն (Automatic Dependent Surveillance-Broadcast, հայ.՝ ավտոմատ կախյալ վերահսկում-հեռարձակում): ADS-B ազդանշանները հանրամատչելի են, և դրանց կարող են հետևել նաև այն ոչ մասնագետները, որոնք ունեն էժան (10-200 դոլար արժողությամբ) ADS-B հետևող կայաններ:

Թռիչքների երթուղիները հրապարակվում են բազմաթիվ կայքերում: Սրա շնորհիվ թռիչքներին հետևելը բավականին հեշտանում է: Այնուամենայնիվ, չմշակված տվյալները համակարգչային վերլուծության ենթարկելով, կարելի է ստանալ նաև շատ ավելի բարդ տեղեկություններ՝ որոշելու օրինաչափությունները և ստեղծելու ծանուցումներ:

Կան մի շարք գործոններ, որոնք կարող են խոչընդոտել ինքնաթիռներին հետևելուն: Օդաչուները կարող են անջատել տեղորոշիչ ազդանշանները։ Կախված երկրի օրենքներից՝ որոշ ինքնաթիռներ թռիչքային կոորդինատները պարտադիր հրապարակման ենթակա չեն: Ռազմական ինքնաթիռներին հետևելն առանձնահատոուկ մարտահրավեր է (սակայն անհնարին չէ): Միացյալ Նահանգներում գործող կարգավորումները հեշտացնում են մասնավոր ինքնաթիռներով անանուն թռիչքները: Իսկ աշխարհի շատ հատվածներում ADS-B համակարգն ունի սահմանափակ ծածկույթ՝ ընդունող կայանների բացակայության պատճառով:

Ինքնաթիռներին հետևելու «հոբբին» իր գրավչությամբ անտարբեր չի թողել բազում էնտուզիաստների (հայտնի են իբրև «ինքնաթիռներ հայտնաբերողներ» (անգլ.՝ planespotters - փլեյնսփոթերներ) կամ «ավիացիոն գիքեր» (անգլ.՝ aviation geeks): Այս գործի նվիրյալներն ակտիվ համայնք են, որը պոտենցիալ ռեսուրս է լրագրողների համար: Որոշ փլեյնսփոթերներ հանգրվանում են օդանավակայանների մոտ՝ ոչ սովորական ինքնաթիռները լուսա և տեսանկարահանելու համար: ույնիսկ մի կայք կա՝ Airport Spotting անվանումով, որը տեղեկություններ է տրամադրում աշխարհի տարբեր օդանավակայաններում «դիրքավորվելու» լավագույն տեղերի վերաբերյալ:

Մյուս սփոթերների հույսը համակարգիչն է: Հայտնի մարդկանց, բիզնեսների ղեկավարների և քաղաքական գործիչների տեղաշարժին հետևելը տարածված զբաղմունք է: Որոշ սփոթերներ ուշադիր հետևում են պատերազմական գոտիներում իրականացվող թռիչքներին:

Մի փլեյնսփոթեր հայտնվեց լրատվամիջոցների էջերին, քանի որ նրա աշխատանքը նյարդայնացրել էր միլիարդատեր Իլոն Մասկին:

Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Ջեք Սուինին Twitter-ի բոտ էր ստեղծել, որը տեղեկացնում էր Մասկի հիմնական ինքնաթիռի (N628TS) գտնվելու վայրի մասին: Twitter-ի նոր սեփականատիրոջ պաշտոնին անցնելուց հետո Մասկի առաջին քայլերից մեկը եղավ Սուինիի և նրան տվյալներ մատակարարող ընկերության ինչպես նաև այլ սփոթերների լրատվական պատերի փակումը:

Սուինին տեղափոխվեց Reddit` r/ElonJetTracker օգտահաշվով, այնուհետև կրկին հայտնվեց Twitter-ում նոր անունով (@elonjetnextday): Այժմ, համաձայն Twitter-ի նոր կանոնի, որն արգելում է իրական ժամանակում գտնվելու վայրի մասին գրառումները, նրա թվիթերյան հրապարակումները հայտնվում են 24-ժամյա հապաղմամբ: 

Փետրվարի սկզբին Twitter-ը ևս մեկ խոչընդոտ ստեղծեց՝ հայտարարելով, որ գումար է գանձելու իր հավելվածի ծրագրային ինտերֆեյսի համար (անգլ.՝ application program interface, API): Շատ փլեյնսփոթերների համար տեղեկությունների հրապարակումը զվարճանք է, այլ ոչ թե եկամտի աղբյուր, և Twitter-ի այդ հայտարարությանն ի պատասխան՝ նրանց կանխատեսումն այն էր, որ նորությունների համար արվող ծախսերը կնվազեցնեն իրենց ակտիվությունը:

Թռիչքների մասին տեղեկությունների հիմնական աղբյուրները

Իրական ժամանակում թռիչքների մասին տեղեկությունները լայնորեն հասանելի են և մեծամասամբ անվճար են:

Թռիչքներին հետևելու համար նախատեսված կայքերը տարբերվում են իրենց հնարավորություններով: Արխիվային տվյալների համար, օրինակ, հաճախ պահանջվում է բաժանորդագրություն և/կամ վճար: Այնուամենայնիվ, բազային տեղեկությունները կարող են բավականին մատչելի լինել (ամսական 5-10 ԱՄՆ դոլար), իսկ ավելի ընդլայնված գործառույթները կարող են ավելի թանկ արժենալ:

Այս կայքերն առավելապես գործում են շնորհիվ էնտուզիաստների, որոնք ալեհավաքներ են տեղադրում ամբողջ աշխարհում: Նրանք, ովքեր «սնուցում են» կայքերն իրենց ալեհավաքներից ստացված տեղեկություններով, ամենաթանկ բաժանորդագրություններին անվճար մուտք են ստանում:

Ծանուցում անվճար ծառայությունների մասին. որոշ հետևող կայքեր հեշտացնում են լրագրողների գործը՝ անվճար խորհուրդներ տրամադրելով: Հարցնելը երբեք չի խանգարի: Բացի դա, որոշ կայքեր առաջարկում են զրուցարաններ (չաթեր) և ուսումնական բլոգներ:

Ահա ինքնաթիռներին հետևելու հիմնական կայքերը՝

ADS-B Exchange - Թռիչքներին հետևելու այս կայքը համանման այլ ծառայությունների համեմատ ավելի շատ տեղեկություններ  է տրամադրում թռիչքների մասին. այն նախընտրելի է, քանի որ չի զտում ԱՄՆ այն օդանավերի մասին տեղեկությունները, որոնք, հիմնվելով ԱՄՆ օրենսդրության վրա, խնդրել են անանուն մնալ: (Սրա մասին ավելի մանրամասն՝ ստորև:) անկացած ինքնաթիռի թռիչքների պատմություն հնարավոր է անվճար փնտրել: Նայեք քարտեզին, այնուհետև սեղմեք ցանկացած ինքնաթիռի վրա կամ օգտվեք որոնումից: Ձախ կողմում փնտրեք «պատմություն» (history) բաժինը: Անմշակ տվյալների հարցումների համար սովորաբար վճար է պահանջվում: Քարտեզի աշխատանքի վերաբերյալ օգնության համար այցելեք այստեղ: 2023 թվականի հունվարին ADS-B Exchange-ը վաճառվեց JetNet-ին, ինչն անհանգստություն առաջացրեց որոշ օգտատերերի շրջանում, թեև JetNet-ը խոստացավ ապահովել ծառայության շարունակականությունը:

Այս երեք կայքերը շատ հակված են համագործակցելու լրագրողների հետ: 

Icarus Flights - «Պաշտպանության ընդլայնված հետազոտությունների կենտրոն» (անգլ.՝  Center for Advanced Defense Studies, C4ADS) ոչ առևտրային կազմակերպության ստեղծած՝ թռիչքներին հետևելու այս գործիքը օգտագործում է ADS-B Exchange-ի տվյալները՝ դրանց ավելացնելով հատուկ գործառույթներ: Ի թիվս այլ բաների, օգտատերերը կարող են դիտարկել որոշակի տարածքներ, հետևել միջազգային պատժամիջոցների տակ գտնվող օդանավերի թռիչքներին և հայցել ինքնաթիռների սեփականության վերաբերյալ տվյալներ: Icarus Flights-ը հանրամատչելի է, սակայն դրանից օգտվել ցանկացող հետաքննողները պետք է կապ հաստատեն C4ADS-ի հետ՝ ծառայությունն անվճար ստանալու համար:

OpenSky Network-ը շվեյցարական շահույթ չհետապնդող ասոցիացիա է, որը պնդում է, թե համանման ծառայություններ մատուցողների շրջանում ինքն է տիրապետում օդային երթևեկության հսկողության տվյալների ամենամեծ բազային, քանի որ, ինչպես կամավորներից մեկն է ասել GIJN-ին, «մենք պահպանում ենք յուրաքանչյուր հաղորդագրություն, որը երբևէ ստացել ենք որևէ ինքնաթիռից»: Aircraft Database բաժնում պոչային համարներով որոնմամբ կարելի է տեսնել ինքնաթիռի գրանցման տվյալները, վերջին թռիչքների պատմությունը և արդյոք այն այդ պահին գտնվում է օդում: Explorer գործառույթում որոնումը ցույց է տալիս օդում գտնվող ինքնաթիռները: Առկա է նաև բոլոր մշտադիտարկված ինքնաթիռների վերաբերյալ 30-օրյա պատմություն: Մեկ այլ գործառույթ է բոլոր արտակարգ ահազանգերի ցանկը:

OpenSky-ը հասցեագրված է հետազոտություններով զբաղվող գիտնականներին և շահույթ չհետապնդող կազմակերպություններին, սակայն օգնում է նաև հստակ ձևակերպված հարցումներով դիմող լրագրողներին և համագործակցում է լրատվամիջոցների հետ՝ տվյալների վիզուալացման նպատակով «և այլ հարցերում, որոնք նպաստում են մեր տեսանելիության մեծացմանը»:

Այն պահից սկսած, երբ JetNet-ը գնեց ADS-B Exchange-ը, ի հայտ եկան երկու նոր կայքեր, որոնք խոստացել են չզտել տեղեկությունները. երկուսն էլ տվյալների զգալիորեն ավելի քիչ «սնուցիչներ» ունեն և, հետևաբար՝ ավելի փոքր ծածկույթ, համենայն դեպս 2023 թվականի փետրվարի սկզբի դրությամբ:

Դրանք են՝

Theairtraffic.com  Կայք, որը ստեղծել են Ջեք Սուինիին «և Ground Control Discord սերվերի անդամները»՝ «միշտ բաց լինելու և չզտված տեղեկություններ հրապարակելու» հանձնառությամբ:

Adsb.fi - «Թռիչքներին հետևելու համակարգ, որը գործում է ամբողջ աշխարհից ավելի քան 500 ակտիվ տվյալներ «սնուցողների» համայնքի ջանքերով», և որը խոստանում է հասանելիություն «համաշխարհային օդային երթևեկության բաց և չզտված տվյալներին»:

Հետևելու այլ աղբյուրներ

Մի շարք ծառայություններ առաջարկում են իրական ժամանակում թռիչքներին հետևելու քարտեզներ, անվճար ցուցադրում են ինքնաթիռների վերջին ուղևորությունները և շատ ավելին:

Այնուամենայնիվ, երբ որևէ սեփականատեր խնդրում է հեռացնել օդանավի վերաբերյալ տեղեկությունները, այս ծառայությունները բավարարում են նման խնդրանքները: Այդուհանդերձ, աշխարհի որոշ մասերում (օրինակ՝ Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում) դրանց ծածկույթը շատ ավելի լավն է, քան ADS-B Exchange-ինը:

Որոշ հնարավորություններ, ինչպիսիք են ինքնաթիռի՝ օդ բարձրանալու մասին ծանուցումը և թռիչքի տվյալների արխիվի մատչելիությունը, վճարովի են:

Թռիչքներին հետևելու այլ ծառայություններից են՝ Airfleets, AVDelphi, Flight Stats, Flight Board, FlightView, Freedar, Plane Mapper, Planeplotter և https://skyscanworld.com

Գոյություն ունեն նաև այլ կայքեր, որոնք նախատեսված են կոմերցիոն օդային ճանապարհորդների համար:

Բացի դա, կան մի քանի օգտակար մասնագիտացված կայքեր: Դրանք են՝

  • Dictator Alert - Նախագիծ, որը հետևում է ավտորիտար ռեժիմների ինքնաթիռներին ամբողջ աշխարհում և Twitter-ում ունի մի քանի բոտեր, որոնք տեղեկացնում են, թե երբ են այդ ինքնաթիռները վայրէջք կատարում Փարիզում, Լոնդոնում, Ժնևում կամ Բազել-Մյուլհաուս-Ֆրայբուրգ եվրաօդանավակայանում:
  • Bellingcat - Բաց կոդով տվյալների բազա՝ հետևելու «ուշադրության արժանի թռիչքներին Ղազախստանի օդանավակայաններից և դեպի նույն օդանավակայաններ՝ երկրի վերջին զարգացումների դինամիկան ավելի լավ հասկանալու նպատակով»:
  • Advisory Circular Bots-ը տեղեկություններ է հրապարակում այն ինքնաթիռների վերաբերյալ, որոնք պտտվում են աշխարհի քաղաքներով, այդ թվում՝ Լոս Անջելես, Բալթիմոր, Պորտլենդ, Մինեապոլիս և Լոնդոն:

Բազմաթիվ փլեյնսփոթերներ օգտագործում են նաև սոցիալական մեդիան՝ իրենց բացահայտումները տարածելու համար: հետևեք Twitter-ի հետևյալ հեշթեգերին՝ #aviation, #avgeek, #planespotting, #flight և #MilAvGeek:

Twitter-ի բազում ակտիվ օգտատերերից են Evergreen Intel-ը՝ @vcdgf555, Gerjon-ը՝ @Gerjon, Aircraft Spots-ը՝ @AircraftSpots, SkyScanWorld-ը՝ @scan_sky և Avi Scharf-ը՝ @avischarf:

Թռիչքներին հետևելու հիմունքներ

Բոլոր օդանավերն ունեն (կամ պետք է ունենան) ֆիզիկական մակնշումներ կամ «պոչային համարներ», որոնք գտնվում են ինքնաթիռի հետնամասում:

Թռիչքներին հետևելու համար նախատեսված կայքերը պարունակում են տեղեկություններ ինքնաթիռների նույնականացման համար:

Նույնականացման ցուցիչներից մեկը հայտնի է իբրև «տասնվեցական դասիչ» (անգլ.՝ hex code) (թեև երբեմն կոչվում է S-mode կամ ICAO): Վեց կամ յոթ տառերից և թվերից բաղկացած այս շարանը բխում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (անգլ.՝ International Civil Aviation Organization, ICAO)՝ կառավարություններին տրամադրված 24-բիթանոց հասցեներից, որը թույլ է տալիս իմանալ ինքնաթիռի գրանցման երկիրը: Քանի դեռ ինքնաթիռը չի վաճառվել, տասնվեցական դասիչը սովորաբար անփոփոխ է մնում: Դա փաստացի ինքնաթիռի նույնականացման եզակի ցուցիչն է, և հենց այն տեղեկությունն է, որը ստացվում է հետևող ալեհավաքների միջոցով:

Երկրորդ նույնականացման ցուցիչը ֆիզիկական մակնշումը կամ «պոչային համարն» է, որ ունեն (կամ պետք է ունենան) բոլոր ինքնաթիռները: Դրանք գտնվում են ինքնաթիռի հետնամասում՝ առնվազն 12 դյույմ (մոտ 31սմ) բարձրության վրա՝ լավագույնս տեսանելի լինելու համար: Այս համարները կարճ տառաթվային համակցություններ են, որոնք սկսվում են տառերով, որոնք մատնանշում են այն ինքնաթիռի գրանցման երկիրը (N՝ ԱՄՆ-ի համար, D՝ Գերմանիայի համար և այլն): Վիքիպեդիայում առկա է ինքնաթիռների գրանցման սկզբնատառերի հարմար ցուցակ: Դրան հաջորդում են ինքնաթիռի անհատական մի քանի թվեր և/կամ տառեր: (Ռազմական ինքնաթիռներն օգտագործում են նույնականացման այլ համակարգեր):

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ազդականչերին (անգլ.՝ call signs): Թե ինչ ազդականչեր օգտագործել կոնկրետ թռիչքի համար՝ սովորաբար որոշում է օդաչուն։ Կոմերցիոն թռիչքներում դա կլինի չվերթի համարը, օրինակ՝ DAL307 Delta Airlines-ի՝Հոնոլուլուից Մինեապոլիս 307 չվերթի համար: 

Տասնվեցական դասիչները և գրանցման համարները առանցքային նշանակություն ունեն սեփականատերերի մասին տեղեկություններ գտնելու համար: Ֆրանսիայում մասնավոր ինքնաթիռների համար իբրև ազդականչ հաճախ օգտագործում են ինքնաթիռի գրանցման համարը: Բարձրաստիճան պետական ծառայողների համար ազդականչերը երբեմն փոխվում են, օրինակ՝ CMR001՝ Կամերունի նախագահի համար, կամ COTAM001՝ Ֆրանսիայի նախագահի համար:

Սեփականատերերին բացահայտելու բարդությունները

Օդանավերի սեփականատերերին բացահայտել հնարավոր է, բայց երբեմն բարդ է:

Երկրները մեծամասամբ չեն հրապարակում սեփականության ազգային «ռեգիստրները»: Շատ ինքնաթիռներ գրանցված են այն երկրներում, որոնք երաշխավորում են անանունությունը, օրինակ՝ Արուբան (սրա մասին ավելի մանրամասն՝ ստորև): Պարտադիր չէ, որ գրանցումն իրականացվի ինքնաթիռի սեփականատիրոջ բնակության երկրում:

Մոտ 60 երկրներ սեփականության մասին որոշ տեղեկություններ են հրապարակում: Որոշները բավականին հարմար են՝ օգտագործողի համար որոնումների և ներբեռնումների հնարավորությամբ: Այլ երկրներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, տրամադրում են լայնածավալ տեղեկություններ օդանավերի սեփականատերերի և նույնիսկ դրանցում կատարված ֆիզիկական փոփոխությունների մասին:

Բայց նույնիսկ այն դեպքում, երբ տեղեկությունը հասանելի է, այն չնչին է՝ միայն ինքնաթիռի տեսակը և սեփականատիրոջ անունը: Եվ մինչ որոշ ռեգիստրներ թարմացվում են ամեն օր, մյուսների թարմացումները տեղի են ունենում միայն ամսական կամ տարեկան կտրվածքով:

Սեփականության մասին տեղեկությունները կարող են քողարկվել: Շատ դեպքերում նշված սեփականատերը դրածո կորպորացիա է կամ ինքնաթիռների կառավարմամբ զբաղվող ընկերություն։ Սրա հետևանքով լրացուցիչ հետազոտության կարիք է առաջանում՝ պարզելու, թե իրականում ում է պատկանում ինքնաթիռը: Միացյալ Նահանգների կառավարությունը թույլատրում է օտարերկրյա սեփականատերերին սեփականության իրավունքը փոխանցել ԱՄՆ-ում գտնվող վստահված անձի:

Ինքնաթիռներին հետևելու մի քանի կայքերում կարելի է գտնել սեփականության մասին տեղեկություններ, թեպետ աղբյուրները սովորաբար չեն նշվում, իսկ ծառայությունը կարող է վճարովի լինել:

Արժե հիշել որոշ այլ բաներ ևս.

Սեփականատերը ոչ միշտ է գտնվում ինքնաթիռում: Երբեմն ինքնաթիռները վարձակալվում են կամ ուղևորվում տեխնիկական սպասարկման: Այն փաստը, որ Իլոն Մասկին պատկանող օդանավը թռիչք է իրականացնում, չի նշանակում, որ ինքը մեջն է: Ուղևորների «մանիֆեստները» (օդանավում ներկա անձանց ցուցակները) հասանելի չեն հանրությանը, ուստի բարդ է նույնականացնել նրանց: Որպեսզի ճշտենք, թե ով կա ներսում, սովորաբար հարկ է կամ փորփրել սոցիալական ցանցերը, կամ դիմել լրագրության հին դպրոցին: Կարող է արդյունք տալ անձնական դիտարկումը, ինչպես նաև՝ կարող են աղբյուր հանդիսանալ օդանավակայաններում աշխատող բազմաթիվ մարդիկ: Հնարավոր է նաև, որ ուղեւորներն իրենք տրամադրեն տեղեկությունը՝ պարծենալու համար Instagram-ում հրապարակում անելով:

Գրանցման վերաբերյալ տեղեկությունների աղբյուրները

Ահա սեփականության մասին տեղեկություններ պարունակող մի քանի ռեսուրսներ՝ անվճար և միայն բաժանորդների համար նախատեսված տեղեկությունների զանազան կոմբինացիաներով՝

 Ահա որոշ ազգային ռեգիստրների հղումներ, որտեղ որոնման հնարավորություն կա՝

Որոշ այլ աղբյուրներ՝

Հատուկ կայքեր ռազմական ինքնաթիռներին հետևելու համար

Վերը թվարկված ընդհանուր որոնման կայքերը ընդգրկում են նաև ռազմական թռիչքները: ADS-B Exchange-ն ունի զտիչ, որը ցույց է տալիս միայն ռազմական ինքնաթիռները:

Ահա մի քանի այլ կայքեր, որոնք մասնագիտացած են ռազմական թռիչքներին հետևելու մեջ՝

ADS-B.NL կայքը օգտագործում է ADS-B Exchange-ի՝ իրական ժամանակի տվյալները և կենտրոնացած է ողջ աշխարհում ռազմական ինքնաթիռներին հետևելու վրա:

Radarbox-ը անվճար որոնումներ իրականացնելու որոշ հնարավորություն է ընձեռում և թույլ է տալիս ստեղծել ձեր սեփական վիջեթը (անգլ.` widget), որպեսզի կարողանաք իրական ժամանակում հետևել թռիչքներին: Ռազմական գործողությունների օպերատիվ անվտանգությունը, ինչպես նաև մասնավոր ինքնաթիռների որոշ օպերատորների գաղտնիությունը պաշտպանելու նպատակով Radarbox-ը կամ արգելափակում կամ սահմանափակում է դրանց հետևելու հնարավորությունը:

Scramble-ն ունի տվյալների բազաներ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի ռազմաօդային ուժերի տարբեր օդանավերի, ինչպես նաև՝ որոշ տվյալներ Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի ռազմաօդային ուժերի մասին: Կայքը վարում է Նիդերլանդների ավիացիոն ընկերությունը, այն ունի ակտիվ ֆորումներ: Scramble-ում պահվում է  նաև սովետական տրանսպորտի տվյալների բազան:

Planeflightracker-ը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների ուղղությամբ:

Aircraft Serial Number Search-ը թույլ է տալիս փնտրել ԱՄՆ ռազմական ինքնաթիռները. այն վարում է փորձագետ Ջո Բաուերը՝ «որը տարված է ինքնաթիռների սերիական համարներով»: Նրա կայքում առկա է նաև ավիացիոն կայքերի զարմանալի հավաքածու:

Լուսանկարներ

Հետևյալ երկու կայքերն ունեն օդանավերի լուսանկարների մեծ արխիվներ՝

Սիրողական փլեյնսփոթերները հաճախակի լուսանկարում և տեսանյութեր են անում՝ տարածելով դրանք սոցիալական ցանցերում:

Թռիչքներին հետևելու կայքերից շատերում ևս առկա են  լուսանկարներ:

Ինչպես են աշխատում հետևելու համար նախատեսված համակարգերը

Օդում հայտնվելուց հետո ինքնաթիռներին կարելի է հետևել մի քանի եղանակով: Միջազգայնորեն կիրառվող նորագույն համակարգը ADS-B-ն (Automatic Dependent Surveillance-Broadcast, հայ.՝ ավտոմատ կախյալ վերահսկում-հեռարձակում) է, որն ունի տեղեկությունների ամենահարուստ պաշարը:

Եկեք հետադարձ հայացք գցենք և հակիրճ անդրադառնանք ռադարների այն համակարգերին, որոնք օգտագործվել են տասնամյակներ շարունակ.

«Առաջնային» ռադարը, արտացոլվող ռադիոազդանշաններն օգտագործելով, հայտնաբերում և չափում է ինքնաթիռի մոտավոր կոորդինատները: Սա նման է այն կանաչ թրթռացող էկրանին, որ կարելի է տեսնել ֆիլմերում:

«Երկրորդային հսկողության ռադարի» աշխատանքում, ի պատասխան ստացվող ռադիոազդանշանի, տեղեկությունը հետ է փոխանցվում յուրաքանչյուր ինքնաթիռից: Ինքնաթիռից ստացվող պատասխանը պարունակում է նույնականացման տվյալներ (ICAO-ի տասնվեցական դասիչը) և տեղեկություններ օդանավի բարձրության մասին, սակայն չի հայտնում գտնվելու վայրը (ինքնաթիռի կոորդինատները): Գտնվելու վայրը, սակայն, կարող է որոշվել, եթե հաղորդումները ընդունվեն մի քանի տեղերում: Բազմակողմանիության (անգլ.՝ multilateration, MLAT) գործընթացի միջոցով այս հաղորդումները միավորվում են օդանավի դիրքը գնահատելու համար: (Տե՛ս գրաֆիկական պատկերներով ավելի մանրամասն բացատրությունը):

ADS-B համակարգն ապահովում է շատ ավելի մեծ հաճախականություն, ճշգրտություն և ծածկույթ՝ ավելի ցածր գնով: ADS-B-ի կիրառման դեպքում օդանավում տեղադրված սարքավորումը արբանյակային նավիգացիայի միջոցով որոշում է ինքնաթիռի կոորդինատները և յուրաքանչյուր կես վայրկյանը մեկ հաղորդում է այդ GPS տեղեկությունը՝ բարձրության, արագության, ուղղության, ինչպես նաև նույնականացման ծածկագրի մասին տեղեկության հետ միասին: Սա կոչվում է «ADS-B Out»: Արագության, բարձրության և գտնվելու վայրի հիման վրա կարելի է եզրակացություն անել չվերթի կամ վայրէջքի մասին:

ADS-B համակարգի արձանագրությունը միշտ չէ, որ լիարժեք է: Կան մեռյալ գոտիներ, որտեղ բացակայում են ընդունիչները, օրինակ՝ անապատները, օվկիանոսները և բևեռային սառցադաշտերը: Աֆրիկայի մեծ մասում ծածկույթը թերի է, իսկ Լատինական Ամերիկայում՝ հատվածական:

ADS-B-ի աշխատանքը խաթարում է այն, որ ազդանշանները կարելի է որսալ 20 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներով: Չգաղտնագրված ազդանշանները, որոնք փոխանցվում են 1090 ՄՀց հաճախականությամբ, կարելի է ընդունել մոտ 200 մղոն (320կմ) շառավղով, քանի դեռ ինքնաթիռը գտնվում է ալեհավաքի տեսադաշտում: Այժմ տասնյակ հազարավոր նման ընդունիչներ կան, որոնք հիմնականում օգտագործում են ավիացիայի սիրողական էնտուզիաստները, որոնք ազդանշանները վերահասցեագրում են ինքնաթիռներին հետևելու ցանկություն ունեցող առևտրային և ոչ առևտրային ծառայություններին, երբեմն՝ համեստ վարձատրության դիմաց:

ADS-C-ն համակարգ է, որը հետևում է արբանյակի միջոցով. այն պարզապես օգտագործվում է որոշ ավելի մեծ կոմերցիոն ինքնաթիռների կողմից: Ինքնաթիռներին հետևող կայքերի ծածկույթի քարտեզները դիտելիս կարևոր է տեղյակ լինել տվյալների այս աղբյուրի մասին, քանզի ADS-C-ով կահավորված ինքնաթիռները կարող են օգնել, որ ծածկույթն ավելի լավ երևա, քան իրականում է:

Թռիչքներին հետևող որոշ ծառայություններ ֆինանսավորում են ADS-B համակարգի տեղադրումը, և հետևողները կարող են անվճար տվյալներ ստանալ:

Կոդավորման միջոցով ինքնաթիռներին հետևելը

Թռիչքներին հետևելու կայքերում հիմնական գործիքների կիրառումից շատ բան կարելի է քաղել:

Այնուամենայնիվ, ավելի հավակնոտ նախագծերի համար հարկավոր է տվյալների հասանելիություն ստանալ և մշակել դրանք հատուկ ծրագրերի միջոցով: Ինքնաթիռներին հետևող հիմնական ծառայությունների տվյալները, ինչպես նախկինում նշվեց, սովորաբար հնարավոր է ստանալ վճարի դիմաց: Շատ կայքեր տրամադրում են հավելվածի ծրագրային ինտերֆեյսներ (անգլ.՝ application program interface, API)՝ տվյալների օգտագործումը հեշտացնելու համար: 

Թռիչքներին հետևելու մեծ ծավալի տվյալները մշակելու և վերլուծելու համար սովորաբար  աշխատանքի որոշակի փորձ է անհրաժեշտ ծրագրավորման այնպիսի լեզուներով, ինչպիսիք են R-ը կամ Python-ը: Որոշ դեպքերում կարելի է նաև պարզապես ներմուծել երթուղին Google Earth-ում:

Ահա Geodose-ի ուսումնական ձեռնարկն այն մասին, թե ինչպես Python-ի միջոցով ստեղծել թռիչքներին հետևելու պարզ համակարգ, և դրա թարմացված տարբերակն այն մասին, թե ինչպես «ավելի առաջադեմ մոտեցմամբ այն ավելի գեղեցիկ դարձնել՝ օգտագործելով Pandas և Bokeh գործիքները»: Ահա նաև ուղեցույց այն մասին, թե ինչպես գրել ծրագիր, որը OpenSkyNetwork API-ի միջոցով ավտոմատ կերպով կհավաքի մոտակայքում գտնվող ինքնաթիռների մասին տվյալները:

BuzzFeed News-ի նախկին աշխատակից Փիթեր Oլդհաուսը թռիչքների տվյալների օգտագործման փորձագետ է, որը մի նշանավոր հետաքննության ընթացքում օգտագործել է Flightradar24-ի տրամադրած տվյալները:

2016 թվականին Oլդհաուսը հրապարակել է «Լրտեսները երկնքում» հետաքննությունը՝ ցույց տալով, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) և Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) կողմից շահագործվող ինքնաթիռները կանոնավոր կերպով պտտվում են ԱՄՆ-ի մեծ քաղաքների վրա: Հետագայում նա օգտագործեց մեքենայական ուսուցումը՝ այլ լրտես ինքնաթիռներ բացահայտելու համար՝ մշակելով ալգորիթմ ՀԴԲ-ի և ԱԱՆ-ի ինքնաթիռների տվյալների համար: (Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս այս բացատրությունը):

Երբեմն GitHub-ում կարելի է գտնել պատրաստի ծրագրեր, որոնք կարող են օգնել ձեզ վերլուծելու տվյալները, բայց, ամենայն հավանականությամբ, ձեզ էլի պետք կգան կոդավորման որոշակի հմտություններ:

Ի լրումն, ահա մի փլեյնսփոթերի պրակտիկ առաջարկ այն մասին, թե ինչպես օգտագործել ADS-B Exchange-ը:

Ես խմբավորում եմ տասնվեցական դասիչները ADS-Bx-ում՝ օգտագործելով «multiple airframes» («սավառնակների համախումբ») գործառույթը և պահում եմ URL հասցեները «նախընտրելիներ» ներդիրներում՝ հեշտ մուտք գործելու համար: Սա ինձ 24-ժամյա պատուհան է ապահովում, որպեսզի հետևեմ, թե ինչ են անում այդ սավառնակները: Չգիտեմ՝ քանի սավառնակ է հնարավոր խմբավորել, սակայն եթե դուք միաժամանակ փորձեք, օրինակ, 500-ից ավել խմբավորել, ձեր համակարգիչը կխափանվի:

Այսպես ես հսկայական ժամանակ եմ խնայում: Սրա շնորհիվ ողջ օրվա ընթացքում հնարավոր է լինում որսալ տասնվեցական դասիչները, անգամ եթե դրանք հայտնվում են ընդամենը մի քանի վայրկյանով՝ այդպիսով ապացուցելով, որ, օրինակ, ինքնաթիռը եղել է օդում: Սա կարևոր է այն տարածաշրջաններում, որտեղ չկա ընդունիչների նման ամուր ցանց (արևելյան Ռուսաստան, Աֆրիկա և այլն):

Թռիչքների գաղտնիությունն ապահովող ԱՄՆ ծրագրերի շրջանցումը

ԱՄՆ կառավարությունն ունի երկրի օդային տարածքում մասնավոր ինքնաթիռների թռիչքների անանունությունը երաշխավորող երկու ծրագիր։ Թեև դրանք նյարդայնացնում են թռիչքներին հետեւողներին, բայց պաշտպանությունը հնարավոր է շրջանցել:

Շրջանցելու ամենահեշտ տարբերակը «Օդանավի տվյալների տեսանելիության սահմանափակում» (անգլ.՝ Limiting Aircraft Data Display, LADD) ծրագիրն է: LADD-ը ԱՄՆ օդանավերի սեփականատերերին թույլ է տալիս զտել իրենց թռիչքի տվյալները Դաշնային ավիացիոն վարչության (ԴԱՎ) կողմից տարածվող տվյալներից: Քանի որ ADS-B Exchange-ը չի օգտագործում ԴԱՎ-ի տվյալները, այն նույնականացնում է LADD-ի բոլոր թռիչքները: Բացի դա, գոյություն ունի հաճախակի թարմացվող LADD ցուցակ, որը ոչ պաշտոնական է, բայց հիմնված է ԴԱՎ-ի տվյալների վրա:

Երկրորդ ծրագրի մեկնարկը տրվեց մասնավոր ինքնաթիռների սեփականատերերի՝ ավելի ապահով համակարգ ունենալու համար իրականացված լոբբինգից հետո: ICAO ինքնաթիռների հասցեների գաղտնիության ծրագրի (անգլ.՝ Privacy ICAO aircraft address (PIA) program) շրջանակներում սեփականատերերը կարող են պահանջել ԴԱՎ-ից իրենց տրամադրել ժամանակավոր տասնվեցական դասիչ, որը կապված չէ իրենց պոչային համարի հետ: Դասիչը վավեր է 60 օր և կարող է փոփոխվել 20 օրը մեկ:

ԱՄՆ կառավարության PIA ծրագիրը որոշ խոչընդոտներ է առաջացրել հետևողների համար, սակայն նրանք զանազան շրջանցիկ ուղիներ են մշակել: Թեև ծրագրից օգտված սեփականատերերի թիվը մեծ չէ, , նրանց անանուն մնալու ձգտումը ուշադրություն է գրավել: Գոյություն ունի PIA Busters անվանումով ֆեյսբուքյան էջ:

Ինչպե՞ս իմանալ՝ արդյո՞ք ինքնաթիռն օգտագործում է PIA ծածկագիր: ADS-B Exchange-ն ունի PIA-ի զտիչ: Սեղմեք դրա վրա և տեսեք այն ինքնաթիռները, որոնք օգտագործում են PIA. սովորաբար միայն մի քանի նման թռիչք կա:

Այն դեպքերում, երբ մեզ հայտնի է ինքնաթիռի PIA ծածկագիրը, փորձագետներն առաջարկում են մի շարք միջոցներ՝ պարզելու, թե ինչ ինքնաթիռ է դա։ Դրանցից շատերն ավելի շատ վարքային են, քան տեխնիկական.

  • հետևեք PIA-ով ինքնաթիռների տեղաշարժերի օրինաչափությանը և փնտրեք ծանոթ երթուղիներ և ուղղություններ: (Հավաքեք դրանք մեկ էլեկտրոնային աղյուսակում):
  • Օգտագործեք սոցիալական մեդիայից կամ նորությունների աղբյուրներից ստացվող հուշումներ՝ ինքնաթիռի տեղաշարժը հնարավոր անձի հետ կապելու համար:
  • Ինքնաթիռի ուղեւորին կամ սեփականատիրոջը նույնականացնելու համար ապավինեք «գետնի վրա» դիտարկումներին (և օդանավակայաններից ուղիղ հեռարձակում ապահովող վեբ տեսախցիկներին)` ըստ PIA-ով ինքնաթիռի տեղաշարժերի: Ինքնաթիռի կողային հատվածում պատկերված թիվը չի փոխվում:
  • Ստուգեք ACARS հաղորդագրությունները, որոնք կարող են պարունակել նույնականացման տվյալներ: (ACARS-ի մասին ավելին՝ ստորև):
  • Մուտքագրեք PIA համարը որոնման այլ կայքերում, քանի որ երբեմն խափանումների դեպքում օգտակար տեղեկություններ են ի հայտ գալիս:

Այնուամենայնիվ, հնարավոր է՝ միջազգային նոր սահմանափակումներ լինեն: Օրինակ՝ Սաուդյան Արաբիան 2022 թվականի վերջին «գաղտնիության միջոցների ապահովման վերահսկվող մակարդակ»-ի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ICAO-ում: 2023 թվականի սկզբի դրությամբ այդ ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել։

FOIA-ի կիրառումը ԱՄՆ-ում թռիչքների վերաբերյալ տվյալների ստացման համար

Միացյալ Նահանգներում թռիչքների վերաբերյալ տվյալներ ստանալու մեկ այլ միջոց է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն Դաշնային ավիացիոն վարչություն հարցումով դիմելը: Հարցումները կարելի է ուղարկել այս էլ. հասցեով՝ [email protected]

Խնդրեք «TFMS արխիվի՝ թռիչքների վերաբերյալ տվյալների գրանցումները՝ ըստ ինքնաթիռների պոչային համարների» և տրամադրեք պոչային համարը: TFMS-ը երթևեկության հոսքերի կառավարման համակարգի (անգլ.՝ Traffic Flow Management System) արխիվն է: նաև սահմանեք ժամանակային միջակայք, օրինակ՝ «… 2023 թվականի հունվարի 1-ից մինչև այս հարցումը ներկայացնելու օրը»: Խնդրեք, որ այն տրամադրվի էլեկտրոնային ձևաչափով: Տրամադրվող տվյալները պետք է ներառեն թռիչքի մասին տեղեկություններ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել թռիչքներին հետևելու ծառայությունների միջոցով, եթե սեփականատերն օգտվել է տեղեկությունը արգելափակելու իր հնարավորությունից:

Ահա մի օրինակ, թե ինչ կարելի է ստանալ. սրանք ProPublica-ի լրագրող Ջասթին Էլիոտի 2020 թվականին հրապարակած «Սթիվ Բեննոնի կողմից չինացի գործարարի հետ կապակցված մասնավոր ինքնաթիռի օգտագործումը կարող է խախտել քարոզարշավների ֆինանսավորման մասին օրենքը» պատմության համար հավաքված տեղեկություններն են:

Հետևել ռադիոհաղորդագրություններին - ACARS

Ինքնաթիռներին հետևելու մեկ այլ միջոց է օդանավերի և դիսպետչերների (անգլ.՝ air traffic control, ATC) միջև կարճ տեքստային հաղորդագրությունների դիտարկումը: Ռադիոհաղորդագրությունների համակարգը հայտնի է իբրև ACARS՝ Aircraft Communications Addressing and Reporting System (Օդանավերի հաղորդակցության հասցեավորման և ազդարարման համակարգ: (Տե՛ս մանրամասն նկարագրությունը և տեսանյութը կամ տե՛ս տեխնիկական քիչ տվյալներով տեսանյութը):

Չգաղտնագրվող հաղորդագրությունները հիմնականում նկարագրում են թռիչքների պլանները, բայց կարող են նաև վերաբերել մեխանիկական խնդիրներին: 2021 թվականին Քաբուլից ԱՄՆ-ի էվակուացիայի ժամանակ ACARS-ի հաղորդագրությունները մանրազնին ուսումնասիրվել են դիտորդների կողմից:

Բարդ է նման հաղորդագրությունները վերծանելը, քանի որ օգտագործվում են բազմաթիվ ժարգոնային հապավումներ: Ահա մի բլոգային գրառում, որը պատկերացում է տալիս կիրառվող հապավումների վերաբերյալ, օրինակ՝ «ATB. Air Turn Back»-ը. սա այն դեպքն է, երբ կապիտանը որոշում է վերադառնալ մեկնման օդանավակայան՝ դեպի նպատակակետն ընթացքը շարունակելու փոխարեն: Ահա ևս մեկ հոդված՝ որոշ օրինակներով։ Ձեզ, ամենայն հավանականությամբ, պետք կգա փորձագետ՝ ACARS-ի բազվաթիվ խոսակցությունները վերծանելու համար:

Հաղորդագրությունները կարելի է որսալ վերգետնյա կամ արբանյակային ընդունիչներով: Սակայն գոյություն ունի նաև միջազգային հավաքածու, որը ստեղծել է Airframes.IO-ն, որը Twitter-ում հայտնի է իբրև @thebaldgeek և @AirframesIO: ACARS հաղորդագրությունները հրապարակվում են գրեթե իրական ժամանակում: Դրանք հայտնվում են «Հաղորդագրություններ» (Messages) էջում, բայց կա նաև որոնման հնարավորություն:

Մեկ այլ կայք՝ LiveATC.net-ը, ամբողջ աշխարհից իրական ժամանակում ATC ռադիոհաղորդակցման ուղիղ հեռարձակման հղումներ է պարունակում։ LiveATC.Net-ը տրամադրում է ինչպես ուղիղ, այնպես էլ ձայնագրված ATC ռադիոհաղորդագրություններ՝ արխիվում որոնման հնարավորությամբ:

Ավիացիոն անվտանգության մատչելի գրառումներ

Վթարների կամ անսարքությունների մասին հաշվետվությունները կարող են ինքնաթիռների սեփականատերերի մասին լրացուցիչ մանրամասներ տրամադրել: Թռիչքների անվտանգության համար պատասխանատու ազգային մարմինները կարող են հրապարակայնացնել վթարների և ստուգումների մասին արձանագրությունները:

The Aviation Safety Network-ը (ASN)  մասնավոր, անկախ նախաձեռնություն է, որը ավիալայներների, ռազմական տրանսպորտային և կորպորատիվ ինքնաթիռների վթարների, անվտանգության խնդիրների վերաբերյալ առցանց տվյալների բազա է վարում: ASN-ն ունի վթարների հետաքննության հանձնաժողովների միջազգային ցուցակ:

Aviation Herald-ը հայտնում է ամբողջ աշխարհի բոլոր տեսակի պատահարների և վթարների մասին:

ԱՄՆ-ում պատահարների համար պատասխանատու գործակալությունը Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդն է (անգլ.՝ National Transportation Safety Board):

ԱՄՆ այլ գործակալությունների նյութերը, ինչպիսիք են գնումների և պայմանագրերի փաստաթղթերը, կարող են կառավարական ինքնաթիռների վերաբերյալ տեղեկությունների հնարավոր աղբյուրներ լինել: ԴԱՎ-ի գրանցման ֆայլերը ցույց են տալիս ինքնաթիռներում կատարված փոփոխությունները, ներառյալ՝ գիշերային տեսողության տեսախցիկների ավելացումը:

Գաղտնիության հնարքներն ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում հետաքննող լրագրողները պարզել են, թե ինչպես են որոշ սեփականատերեր նույնականացումից խուսափելու նպատակով գրանցել իրենց ինքնաթիռները բանկերի կամ տրաստային ընկերությունների միջոցով:

ԱՄՆ կառավարությունը օտարերկրյա սեփականատերերին թույլ է տալիս սեփականության իրավունքներ փոխանցել ԱՄՆ-ում գտնվող վստահված անձի: Այս համակարգը կարծես ստեղծված է չարաշահումների համար: Ինչպես նշում է Դալասի WFAA հեռուստաընկերությունը, օրինակ, ավելի քան 1000 ինքնաթիռների գրանցման հասցեները կապվում են Aircraft Guaranty Corp տրաստային ընկերության հետ։ Բոլորը՝ Տեխաս նահանգի Օնալասկա քաղաքում, որը չունի օդանավակայան:

The Boston Globe-ը բացահայտել է քողարկված գրանցումների ծավալները «Երկնքի գաղտնիքները» հոդվածաշարում: Նրա լրագրողական թիմի հետաքննությամբ պարզվել է, որ ԴԱՎ-ի թույլ վերահսկողության պատճառով թմրավաճառները, կոռումպացված քաղաքական գործիչները և նույնիսկ տեռորիզմի հետ կապեր ունեցողները կարող են գրանցել մասնավոր ինքնաթիռներ և թաքցնել իրենց ինքնությունը: Ըստ The Globe-ի, ԱՄՆ-ում գրանցված յուրաքանչյուր վեց ինքնաթիռից առնվազն մեկի սեփականատիրոջ հետքը հնարավոր չէ գտնել:

The New York Times-ը գրել է, թե ինչպես է ռուս օլիգարխը շահել գրանցման բացից: (Տե՛ս Business Jet Traveler-ի այս վերլուծական հոդվածը, որը պաշտպանում է այդ պրակտիկան):

Լիզինգը՝ իբրև ևս մեկ բարդություն

Երբ ռեակտիվ ինքնաթիռները լիզինգի մեջ են (իսկ դա սովորական պրակտիկա է), գրեթե անհնար է իմանալ, թե ով է վճարում կոնկրետ թռիչքի համար:

Հենց այդպիսին էր հունգարական Átlátszó հետաքննական կայքի լրագրող Էրդելի Կատալինի փորձառությունը, երբ նա սկսեց հետաքրքրվել վարչապետ Վիկտոր Օրբանի անձնական ինքնաթիռի օգտագործմամբ: Նա պարզել է, որ ինքնաթիռը գրանցված է Ավստրիայում։ Թե ով է վճարել թռիչքների համար, հայտնի չէ։ Ինքնաթիռը շահագործում է International Jet Management GmbH ավստրիական ընկերությունը, որը մասնագիտացած է բիզնես ինքնաթիռների շահագործման մեջ:

GIJN-ը հրապարակել է Átlátszó-ի լրագրողների հոդվածը, որտեղ նկարագրվում է նրանց հետաքննությունը՝ «Ինչպես նրանք արեցին դա. մասնավոր զբոսանավ, շքեղ ինքնաթիռ և Հունգարիայի իշխող էլիտան»:

Գրանցման համար «սիրելի» երկրներ

Պարտադիր չէ, որ գրանցումն իրականացվի ինքնաթիռի սեփականատիրոջ բնակության երկրում: Ինքնաթիռները նաև կարող են վերագրանցվել (երբեմն նույնականացման համարի փոփոխությամբ):

CorporateJetInvestor-ը ինքնաթիռների գրանցման 2023 թվականի իր պաշտոնական ուղեցույցում նկարագրում է ինքնաթիռների գրանցման ազգային կանոնները, իսկ կայքը հաղորդում է ավիացիոն բիզնեսի նորություններ: Գրանցման հարմարավետությունը, գաղտնիության և հարկային արտոնությունները առանցքային գործոններն են:

Ըստ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (անգլ.՝ International Consortium of Investigative Journalists) զեկույցի՝ Մեն կղզին ինքնաթիռների գրանցման հանրահայտ վայրերից է։ Այդտեղ գրանցվելը հնարավորություն է տալիս խուսափել ԵՄ հարկերից:

Գրանցման այլ «սիրելի» վայրեր են Արուբան, Բերմուդյան և Կայմանյան կղզիները:

Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter