Վիտալի Բալասանյանը խոսել է իր կադրային մոտեցումների մասին
Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը շարունակում է իր նախընտրական հանդիպումները: Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր այցելելուց հետո Բալասանյանը շարունակեց իր հանդիպումները Ստեփանակերտի թաղերում և հիմնարկներում:
Ընտրողներին հետաքրքրում էր Բալասանյանի մոտեցումները պաշտպանության և անվտանգության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ: Բակային հանդիպումներում բնակիչներն իրենց առաջարկներն ու խնդիրները ներկայացնում են նաև գրավոր նամակների ձևով. հավաքվել է շուրջ յոթ հարյուր նամակ:
Այսօր, Փրկարար ծառայության աշխատակիցների հետ հանդիպմանը ծառայողներից մեկը հարցրեց Բալասանյանի թիմի մասին:
«Չեմ ընդունում թիմ հասկացողությունը, ես ֆուտբոլ չեմ խաղում,- պատասխանեց նախագահի թեկնածուն,- մեր հասարակությունում այսօր կան բազմաթիվ որակյալ կադրեր, ովքեր գնահատված չեն, ովքեր չեն կարողանում իրացնել իրենց ամբողջ ներուժը կոռուպցիայի, խնամի-ծանոթ-բարեկամ ինստիտուտի պատճառով: Այսօր էլ տարբեր ոլորտներում աշխատում են նվիրյալներ, ովքեր բնականաբար արժանի են գնահատականի: Ընտրվելուց հետո մինչև երդումը նոր նախագահը 50 օր ունի կառավարություն ձևավորելու համար: Այդ 50 օրը բավարար է կառավարության կազմը որոշելու համար: Պատերազմի սկզբին, երբ ես նշանակվեցի (ընտրվեցի) հրամանատար, ես թիմ չունեի: Այնուհետև ինձ մոտ հավաքվեցին մյուսները, հայտնվեցին շտաբի պետ, տեղակալներ, գումարտակների հրամանատարներ և այսպես շարունակ: Ու մենք ոչ միայն պաշտպանեցինք Ասկերանի շրջանը, այլև ազատագրեցինք Աղդամը: Այնպես որ, մի կասկածեք, որ նախագահ Բալասանյանի շուրջ կոմպետենտ մարդիկ են հավաքված, որոնց թիվն օր օրի ավելանալու է»:
Վաղը նախագահի թեկնածուն կլինի Ասկերանի շրջանի մի շարք գյուղերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել