HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Կրճատումներ Կադաստրի կոմիտեում՝ կառուցվածքային բարեփոխումների անվան տակ

«Հետքը» տեղեկություն է ստացել, որ Կադաստրի կոմիտեի Սյունիքի և Լոռիի տարածքային ստորաբաժանումներում հաստիքներ են կրճատվելու։ Կրճատվող աշխատակիցներին առաջարկվել է տեղափոխվել Երևան, որտեղ կենտրոնացվում են Կադաստրի որոշ ստորաբաժանումներ։ Մարզային ստորաբաժանումների աշխատակիցները մեզ փոխանցեցին, որ Երևան տեղափոխվել չեն կարող, քանի որ մայրաքաղաքում աշխատելու դեպքում բնակարան պետք է վարձեն։ Իսկ Երևանում բնակարանների վարձավճարները բարձր են, ավելի, քան իրենց աշխատավարձը։

Կադաստրի կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հաստիքների կրճատում նախատեսված չէ, միաժամանակ նշել են, որ Կոմիտեում իրականացվելու են կառուցվածքային բարեփոխումներ, որոնք բխում են կառավորության 2022-2026 թթ.-ի գործունեության միջոցառումների ծրագրից։ Անշարժ գույքի գրանցման գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով Կադաստրի կոմիտեում նախատեսվում է Գրանցման միասնական ստորաբաժանում ստեղծել։ 2026 թվականն այս ծրագրի իրականացման վերջնաժամկետն է։

Մարզային ստորաբաժանումների աշխատակիցները տվյալ մարզի բնակիչներ են, նրանց հաստիքները Երևան տեղափոխելու պարագայում սոցիալական լրացուցիչ բեռ կարող է դրվել տվյալ անձանց վրա։ 

Հաշվի առնելով հնարավոր սոցիալական խնդիրների առաջացումը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին գրավոր հարցրել էինք՝ արդյո՞ք քննարկվել է, հաստիքների տեղափոխմամբ պայմանավորված, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման, բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցման և նմանատիպ այլ հարցեր։ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Գագիկ Եգանյանը պատասխանել է, որ մեր բարձրացրած հարցերը կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և այլ իրավական ակտերով։ Այսինքն, որևէ լրացուցիչ սոցիալական երաշխիքի մասին խոսք լինել չի կարող։ 

Ուշագրավ է նաև, որ նոր ձևավորվող ստորաբաժանումը Երևան քաղաքում է, ոչ թե մարզերից մեկում։ Կադաստրի կոմիտեի ղեկավարությունը Երևանը բեռնաթափելու փոխարեն մարզային ստորաբաժանումների հաստիքները կենտրոնացնում է Երևանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter