HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 16 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի Լոնդոնում ՀՀ դեսպանության համար նոր շենք ձեռք բերելու նպատակով

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Լոնդոն քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 16,670,800 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ:

«Ըստ հիմնավորման՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992թ.-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թ. տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները: 2023թ. ապրիլ ամսից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով:

Անշարժ գույքը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ, որոնց հետ դեսպանությունն իր գործունեության ընթացքում գտնվում է ակտիվ կապի մեջ:

Շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ:

Պետք է հաշվի առնել նաև, որ Լոնդոնը հանդիսանում է աշխարհի ամենագրավիչ անշարժ գույքի շուկաներից մեկը և անշարժ գույքի ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես շահավետ երկարատև ներդրում։

Դեսպանության շենքի ձեռքբերումը կխթանի համագործակցությունը երկրների միջև, կնպաստի ՀՀ վարկանիշի բարձրացմանը և կապահովի դեսպանության բնականոն աշխատանքների իրականացումը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախագծում էլ էի կարդացել, որ դեսպանատանն առաջարկվել է դուրս գալ տարածքից: Մենք վաղուց էինք ուզում դուրս գալ այդ տարածքից: Ճիշտ է, անձամբ չեմ եղել այնտեղ, բայց նրանք, ովքեր եղել են՝ պատմում են, և այն լուսանկարները, որ տեսել եմ, ամենայն հարգանքով և շնորհակալությամբ այն մարդկանց, ովքեր այդ տարածքը տրամադրել են, բայց, կներեք, իրան հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն: Իմ կարծիքն այդ է:

Ցավոք, մենք շատ տեղերում այդ խնդիրն ունենք: Իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ: Դա չի կարելի և անթույլատրելի է: Անհասկանալի է, որ մենք Մեծ Բրիտանիայում մինչև այսօր այդ վիճակում ենք»:

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ պետք է այս իրականության հետ առերեսվել և այս հարցերը հերթով լուծել: «Դեսպանատան շենքի ընտրությունը շատ նուրբ գործ է: Կախված է՝ որ թաղամասում ենք, ինչ է կոչվում այդ թաղամասը, այդ փողոցը, ինչ համարում ունի այդ քաղաքի, բնակավայրի և երկրի բնակչության շրջանում, դիվանագիտական շրջանակներում, բիզնես շրջանակներում: Դրանից շատ բան է կախված, ընդհուպ ամենապարզ բանը՝ հրավերներին կարձագանքեն, թե չեն արձագանքի և ինչ ծավալով կարձագանքեն և ինչպես կընկալեն և՛ երկիրը, և՛ երկրի դիվանագիտական ծառայությունը: Ես շատ ուրախ եմ:

Նրանք, ովքեր կասեն, որ թանկ է, հայտնի ասացվածք կա՝ «մենք այդքան հարուստ չենք, որ էժան բան առնենք»: Մենք միշտ դրանով ենք առաջնորդվել՝ սկսած Պարեկային ոստիկանության հիմնադրումից: Այն ժամանակ ասում էին՝ տեսնեք ինչ մեքենաներ կան, բերենք հավաքեն, ես ասել եմ՝ ոչ, եթե մենք ծառայություն ենք հիմնադրում, ուրեմն պետք է առնենք նոր, լավ մեքենաներ:

Նույն սկզբունքը մենք հիմա փորձում ենք կիրառել դպրոցներում, մանկապարտեզներում, առողջապահական կենտրոններում, որովհետև այդ ամեն ինչն ի վերջո մեր երկրի, կառավարության վերաբերմունքն է սեփական երկրի վարկանիշի և ի վերջո վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ:

Թանկ է, պետություն ունենալը թանկ է, ով է ասել, որ պետություն ունենալն էժան է: Եվ մենք պետք է այս ճանապարհով շարունակենք»,- նշել է վարչապետը։

Լուսանկարը՝ Vogue-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter