HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի Սարյան փողոցի «ՀայՓոստ»-ի շենքի տեղում

Կառավարությունն ընդունել է Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին հավանություն տալու և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» որոշում:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ ներդրումային այս ծրագիրը ներկայացրել է «Ռենշին» ՍՊԸ-ն, որը նախատեսում է իրականացնել Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքում: Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար, զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձևափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայր։

Ծրագրի նպատակներից է հասնել որակի բացառիկ մակարդակի՝ Հայաստանի շուկայում ձևավորելով քաղաքաշինության նոր չափանիշներ, և նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։ Համայնքում իրականացվելիք կանաչ շինարարությունը և ճարտարապետությունը ուղղված կլինեն նվազեցնելու կամ մեղմելու շենքերի և շինությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ այդ ընթացքում շինությունները պահելով հարմարավետ, առողջության համար անվտանգ և դիմացկուն:

Ծրագրով առաջարկվում է դիտարկել միջազգային բրենդով բարձրակարգ 4 հյուրանոցի կառուցումը 180 սենյակներով՝ հաշվի առնելով պահանջարկի զգալի աճը և առկա բավականին կայուն առաջարկը։ Կառուցվածքը՝ 8,370 քմ հյուրանոցի ընդհանուր մակերես (180 սենյակ)։ Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Ուղղակի ստեղծվող աշխատատեղեր կլինեն՝ ոչ պակաս քան 10 000 աշխատող: Էականորեն կավելանան համայնքի բյուջե վճարվող գույքային հարկերը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ուզում եմ ներկայացնել, թե ինչու է կառավարությունը հետաքրքրված այս ծրագրով։ Ըստ էության, Երևանի՝ Սարյան փողոցի «ՀայՓոստ»-ի շենքի փոխարեն, Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր շենք։ Իմ գնահատմամբ և կարծիքով՝ երրորդ հանրապետության պատմության մեջ այդ մասշտաբի շենք չի կառուցվել։ Սա որպես ներդրումային ծրագիր: Բայց ինչպես նշվեց՝ Առևտրի համաշխարհային կենտրոնը ցանց է, այսպես ասած բիզնես դրոշակների, ուղենիշների ցանց է ամբողջ աշխարհում։ Եվ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես այդ դրոշակը տեղադրված լինի համաշխարհային բիզնես քարտեզի վրա։

Հաջորդ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ ենք մենք այս ծրագիրն իրականացնում «Ռենշին» ընկերության հետ, որովհետև «Ռենշին» ընկերությունն է այս նախագիծը բերել և այդ ընկերությունն է համաշխարհային առևտրի կենտրոն ցանցի անդամ հանդիսանում։

Ամբողջ շինարարության և ծրագրի գործարկման ավարտին՝ կառավարությունը կունենա մոտ 20 տոկոս բաժնեմաս, որը կարող է տնօրինել ցանկացած ձևով, այսինքն՝ որևէ սահմանափակում այդ բաժնեմասը տնօրինելու մենք չունենք»:

Վարչապետը հավելել է, որ ճարտարապետական նոր որակ, շինարարության նոր ստանդարտներ, նոր փորձառություն ունենալը շատ կարևոր և էական են Հայաստանի համար. «Եվ, իհարկե, այս մասշտաբի ներդրումը նաև լուրջ ազդակ է Հայաստանում համապատասխան ներդրումային միջավայրի գոյության մասին»։

Նշվել է նաև, որ ծրագրից ակնկալվող եկամուտները նախատեսվում է ուղղել «ՀայՓոստի» զարգացմանը:

Լուսանկարը՝ haypost.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter