
Վարժական հավաքներ կանցկացվեն հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ
Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
«Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 152 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով:
Գործադիրն ընդունել է ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշում: Ըստ այդմ՝ հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող 88 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը, նախատեսվում է անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել