HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Maestro-ն. թենիսում պայմանավորված խաղերի ամենամեծ սինդիկատի ստեղծողը ազգությամբ հայ Գրիգոր Սարգսյանն է

Երեկ Washington Post-ը հրապարակել է երկու մասից բաղկացած հետաքննություն, որը մանրամասն ներկայացնում է Գրիգոր Սարգսյանի պատմությունը։

Պայմանավորված խաղերի բիզնեսում 33-ամյա Սարգսյանի «կարիերան» սկսվել է այն ժամանակ, երբ նա ծանոթացել և կաշառել է բելգիացի պրոֆեսիոնալ թենիսիստ Սեբաստիան Ռիվիերային, որը հետագայում ծանոթացրել է Սարգսյանին այլ մարզիկների հետ, որոնք իրենց հերթին Սարգսյանին ծանոթացրել են այլոց հետ։

Մի քանի տարվա ընթացքում այս ցանցը ընդլայնվել է և Սարգսյանի կաշառված թենիսիստների ցուցակն ընդգրկել է տարբեր երկրներից ավելի քան 180 պրոֆեսիոնալ թենիսիստի։

Սարգսյանը օգտագործել է պարզ սխեմա՝ թենիսիստներին վճարել է իրենց խաղերի ընթացքում միավորներ պարտվելու համար։

Թենիսիստների խաղերից առաջ Սարգսյանը նրանց տեքստային հաղորդագրությունների միջոցով ուղղություններ է տվել, ասել է, թե որ միավորը պիտի նրանք պարտվեն։ Մարզիկների հետ պայմանավորվելուց հետո նա իր ցանցի անդամներին՝ խաղադրույքներ կատարողներին, տեքստային հաղորդագրությունների միջոցով տեղեկացրել է, թե ինչ խաղադրույքներ է պետք անել։

Այս խաղադրույքներ անողները Բելգիայում բնակվող հայ միգրանտներն են եղել, որոնք Սարգսյանի ցուցումներով ստեղծել են շուրջ 1600 բուքմեյքերական հաշիվներ։ Սարգսյանը շահած խաղադրույքներից նրանց տոկոս է տվել։ Այն, որ Սարգսյանը Բելգիայում հայ միգրանտների է ընդգրկել իր ցանցի մեջ, պատահականություն չէ՝ Գրիգոր Սարգսյանի ծնողները Հայաստանից արտագաղթել են Բելգիա, երբ նա 9 տարեկան է եղել, ուստի Բելգիայում ապրող հայաստանցիների հետ նա մտերիմ կապեր է ունեցել։

Խաղադրույքներից ստացած շահույթի զգալի մասը, որը ընդամենը երկու տարվա ընթացքում կազմել է առնվազն 9 միլիոն դոլար, հայտնվել է 35-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանի բանկային հաշիվներում։ Մարտիրոսյանը բնակվում է Հայաստանում։ Washington Post-ի լրագրողը այցելել է Երևանում գտնվող Մարտիրոսյանի տուն և փորձել զրուցել իր հետ։ Մարտիրոսյանի կինը հայտնել է, որ նա չի ցանկանում որևէ հարցի պատասխանել։

Հայտնի չէ, թե Մարտիրոսյանն ու Սարգսյանը ինչպես են ծանոթացել։ 2015-ին, երբ Սարգսյանը դեռ նոր էր կառուցում իր ցանցը, Մարտիրոսյանը վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել Երևանի Caliente գիշերային ակումբում մի քանի տղամարդկանց ծեծելու համար։ Պաշտոնական մեղադրանքը, ըստ դատական գործի, խուլիգանություն էր։

Հավանաբար, Մարտիրոսյանը Սարգսյանին օգնել է բանտից։ Նրանք անընդհատ նամակագրության մեջ են եղել։ Ըստ հետաքննության՝ մի անգամ, երբ Սարգսյանը մտահոգություն է հայտնել մեկ այլ մրցակից հանցավոր խմբի մասին, հենց Մարտիրոսյանն է փորձել հանգստացնել նրան։

«Բառերով կսպառնան, բայց երբ բանը հասնի իրենց ասածը անելուն, ոչինչ չեն անի»,- գրել է Մարտիրոսյանը։

«Չէ, դու սխալվում ես»,- պատասխանել է Սարգսյանը։

Ըստ լրագրողի, Մարտիրոսյանը կարևոր դեր է ունեցել սինդիկատի գործունեության մեջ և Բելգիայի իրավապահ մարմինները դեռ շարունակում են աշխատել՝ Մարտիրոսյանի ներգրավվածությունը պարզելու համար և նրան ձերբակալելու հայց չեն ներկայացնելու մինչև չավարտեն բոլոր գործողությունները։

Սարգսյանի հաջողության գաղտնիքը, ըստ հետաքննության հեղինակի, մասամբ այն է, որ նա կաշառել է ցածր ռեյտինգ ունեցող պրոֆեսիոնալ թենիսիստների միայն, որոնք, ի տարբերություն հայտնի թենիսիստների, շատ գումար չեն վաստակում։

Լրագրողի հետ հարցազրույցում Սարգսյանը իրեն բնութագրել է որպես թենիսի Ռոբին Հուդ, որը օգնել է աղքատ թենիսիստներին գոյատևել։ Երբեմն իրար դեմ խաղացող երկու թենիսիստներն էլ աշխատել են Սարգսյանի համար:

Սարգսյանը թենիսիստներից շատերի հետ մտերիմ ընկերական կապեր է ձևավորել, ոչ միայն գումարով է կաշառել, այլ նաև հյուրասիրություններ է կազմակերպել թանկարժեք ռեստորաններում, նույնիսկ տվել է թենիսիստներից մեկի նշանդրեքի մատանու գումարը։

2018-ին Սարգսյանի ցանցը բացահայտել են, նրան, Բելգիայում ու Իսպանիայում իր ցանցի անդամներին ձերբակալել են։ Մինչ դատական վճիռը, Սարգսյանը որոշ ժամանակ անցկացրել է բանտում։

Տարիներ տևած դատական պրոցեսից հետո՝ անցած ամիս, Բելգիայի դատարանը Սարգսյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման՝ հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, փողերի լվացման և խարդախության համար։ Օգոստոսի 11-ից Սարգսյանը կրում է իր պատիժը բելգիական Haren բանտում:

Ցանցը բացահայտելու արդյունքում հարյուրավոր թենիսիստներ որակազրկվել են, ոմանք՝ ցմահ։

Բոլոր լուսանկարները՝ Washington Post-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter