HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել ՀՀ դեսպանին

Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել «Երևանի ոչ բարեկամական գործողությունների համար»: Այդ մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, որին կոշտ նոտա է ներկայացվել»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Ինչպես փոխանցում է ռուսական կողմը, դեսպանի կանչման պատճառների թվում են սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտությունները, Կիև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը, սեպտեմբերի 7-ին բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալությունը, Հռոմի ստատուտի վավերացումը, հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի նկատմամբ կասկածամիտ վերաբերմունքը։ 

«Այս համատեքստում Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հայկական տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմը նաև նշել է, որ Մոսկվան հաստատակամորեն ելնում է նրանից, որ Ռուսատանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, հարաբերությունների զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կկատարվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: «Դա, ի թիվս այլ հարցերի, վերաբերվում է նաև ՀԱՊԿ գծով զորավարժությունների կազմակերպմանը ու հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ կարգավորմանն աջակցելու նպատակով»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հավելելով, որ ռուսական կողմը հետագայում ևս կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը։

Լուսանկարը՝ РИА Новости / Евгений Одиноков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter