HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

«Դատաֆեստ 2023»․ արհեստական բանականության վերաբերյալ միջազգային չորրորդ համաժողովը Երևանում

Ֆիլիպ Զայդլը առաջին անգամ Հայաստան է եկել արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովին մասնակցելու համար։ Նա Ավստրիայում զբաղվում է դեղագործության մեջ արհեստական բանականության մոդելի մշակմամբ, որը, հսկայական տվյալների վրա հիմնվելով, կանխատեսում է, թե հստակ հիվանդությունների բուժման համար որ դեղամիջոցների օգտագործումը կլինի ամենաարդյունավետը, կամ ինչ կողմնակի ազդեցություն կարող են ունենալ դրանք։ Մոդելի հիմքում մոլեկուլների մոդելավորումն ու ստեղծումն է։

Զայդլը Երևան է եկել՝ պատմելու իր նախաձեռնության մասին․ «Դատաֆեստ Երևան 2023»-ի բանախոսներից է։  Ասում է՝ Հայաստանում արհեստական բանականության ոլորտի մասին շատ բան չգիտի, բայց կարծում է, որ իր մշակած մոդելները ամեն տեղ կարելի է ներդնել։

«Ամեն օր ոլորտում ավելի մեծ խաղացողներ են հայտնվում։ Հաճախ սա ռեսուրսների համար պայքար է, թե ով ավելի մատչելի տարբերակ կգտնի։ Դրա համար ուղղակի շատ աշխատել է պետք․ դա միակ ճանապարհն է։ Նման հարթակները նաև համագործակցության հնարավորություն են տալիս»,- ասում է Ֆիլիպ Զայդլը։

Սեպտեմբերի 8-9 Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը: Արդեն չորրորդ տարին անցկացվող համաժողովի ընթացքում այս տարի աշխարհի 10 երկրների 37 մասնագետները հավաքվել, ոլորտի ներկայացուցիչներին ու հետաքրքրված մարդկանց պատմել են իրենց փորձի, արհեստական բանականության իրենց մշակած մոդելների ու ոլորտի զարգացումների մասին։

Համաժողովի համակազմակերպիչ Հրանտ Խաչատրյանն ասում է՝ միջոցառումը շատ լավ ցույց է տալիս Հայաստանում արհեստական բանականության ոլորտի աճի արագությունը․ նախորդ տարվա համեմատ այս տարի մասնակցությունը 40%-ով աճել է։ Ասում է՝ այս տարի հայաստանյան թիմերի զեկույցները որակապես շատ ավելի լավն են, քան նախորդ տարիներին։

«Ունենք զեկույցներ, որ միջազգային հարթակներում են ներկայացվել, ինչը որակի ցուցանիշ է։ Մենք ամեն տարի փորձում ենք թեկուզ փոքր քայլերով բարելավել ու ընդլայնել համաժողովը»,- ասում է Խաչատրյանը։

«Դատաֆեստ Երևան 2023»-ի շրջանակում այս տարի ելույթներով հանդես են եկել ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace-ը, DeepMind-ը, Amazon Web Services-ը, WANNA-ն, Microsoft-ը և այլն։ Հրանտ Խաչատրյանն ասում է՝ բացի բանախոսներից՝ այլ երկրներից մասնակիցներ էլ կան։ Աշխարհագրությունը լայն չէ, բայց հաջորդ տարիներին աշխատելու են օտարերկրացի ավելի շատ մասնակիցներ ներգրավելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ Արծվիկ Դավթյանի և Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter