
Այսօր՝ Հայաստան-Խորվաթիա. վիճակագրությունը հավասար է
Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը:
Թիմերն ընդգրկված են ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են Թուրքիան, Ուելսը եւ Լատվիան: 5 տուրից հետո խմբի աղյուսակը գլխավորում է Թուրքիան, որն անցկացրել է 5 խաղ եւ ունի 10 միավոր: Խորվաթիան 3 խաղից հետո ունի 7 միավոր, նույնքան է վաստակել Հայաստանը, սակայն մերոնք անցկացրել են 4 խաղ: 4-ական խաղերից հետո Ուելսը ունի 4 միավոր, Լատվիան՝ 0:
Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան (1-1) խաղում ստացած 3-րդ դեղին քարտի պատճառով այսօրվա հանդիպումը բաց կթողնի թիմի ավագ Վարազդատ Հարոյանը:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր խորվաթներին նախկինում հանդիպել ենք մեկ անգամ ընկերական մրցավեճում, որը կայացել է 2021 թ․ հունիսի 1-ին խորվաթական Վելիկա Գորիցայում։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Ֆուտբոլասերները հավանաբար կհիշեն, որ հեռահար հարվածով մեր թիմից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ու հաշիվը հավասարեցրեց Վբեյմար Անգուլոն։
Ներկա պահին Հայաստանի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 90-րդն է, իսկ Խորվաթիան՝ 6-րդը:
Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը: Նրա օգնականներն են Նիկոլյա Դանոսը եւ Սիրիլ Մունյոն, չորրորդ պաշտոնյան՝ Ռուդի Բուկեն: VAR-ի մրցավար է նշանակվել Ժերոմ Բրիսարը, VAR-ի մրցավարի օգնական՝ Էրիկ Վատելյեն:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կսկսվի Լատվիա-Ուելս հանդիպումը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել