
Բաքվի և Երևանի միջև սրացումը բարդացնում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման աշխատանքը. ՌԴ փոխվարչապետ
Անդրկովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում այդ գործընթացի վրա: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։
«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա, զսպում, հետաձգում, և ժամանակ է անցնում, մինչև մենք նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել։ Բանակցությունները կասեցված չեն, շարունակվում են»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Օվերչուկի խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը տեղի կունենա, երբ դրա համար պայմաններ ստեղծվեն:
Ավելի վաղ, աշխատանքային խմբի վերջին հանդիպումից հետո, ՌԴ փոխվարչապետն էական առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնեցման հարցում։
Վերջին շաբաթներին իրավիճակը խիստ լարվել է հայ-ադրբեջանական սահմանին։ Սոցցանցերի ադրբեջանական սեգմենտում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ Բաքուն մեծ թվով ռազմական տեխնիկա է տեղափոխում դեպի սահման։ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե զորքերի այդ տեղաշարժը պայմանավորված է «զորավարժություններով», մինչդեռ տեսանյութերից պարզ է դառնում, որ Ադրբեջանում նաև զորահավաք է իրականացվում։
Լուսանկարը՝ Виктория Виатрис / ТАСС
Մեկնաբանել