HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Հայաստանից որևէ ազդակ չի ստացել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ. Պեսկով

Արևմտամետ վերլուծաբանները խոսում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի, իբր, ցանկության մասին, սակայն ՌԴ-ն չի տեսնում նման պաշտոնական ազդակներ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TACC գործակալության հարցին։

«Մենք այս թեմայով շատ դատողություններ ենք տեսել։ Արևմտամետ վերլուծաբանները, որոնք կան Հայաստանում, բազմիցս են այդ մասին դատողություններ արել։ Բայց որևէ պաշտոնական ազդանշան այդ առումով չենք ստացել»,- ասել է Պեսկովը։

Ճշգրտող հարցին` արդյոք ՌԴ-ն պատրաստ է պաշտպանել Հայաստանին, եթե նրա տարածքը հարձակման ենթարկվի, Պեսկովը նշել է. «Եթե խոսքը Հայաստանի տարածքի մասին է, գիտեք, մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված։ Դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի սահմաններով, այնտեղ փոքր-ինչ փոխվել են հանգամանքները, ուստի դա նույնպես պետք է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։ 

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը չի վախենում կորցնել Հայաստանին՝ որպես դաշնակցի, քանի որ Մոսկվան եղել է ու շարունակում է մտերիմ լինել Երևանի հետ։  

«Ոչ, Հայաստանի հետ մենք եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, լինելու ենք շատ մտերիմ դաշնակիցներ ու գործընկերներ։ Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակներում, քանի որ երկու երկրների զարգացման տրամաբանությունը և ազգային շահերը թելադրում են մեր դաշնակցությունն ու գործընկերությունը խորացնելու անհրաժեշտությունը»,- նշել է Պեսկովը։ 

Անդրադառնալով այսօր մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժություններին՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կվերլուծի, թե ինչու է Հայաստանը որոշում ընդունել զորավարժություններ անել ԱՄՆ-ի, այլ ոչ ՀԱՊԿ-ի հետ։ Ըստ նրա՝ այդպիսի վերլուծությունը կարվի Երևանի հետ երկխոսության միջոցով։ 

«Այն ֆոնին, որ Հայաստանը ցանկություն չի հայտնել զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և այժմ ցանկություն է հայտնում զորավարժություններ անցկացնել ամերիկացիների հետ, հավանաբար, մեզ համար դրանք որոշումներ են, որոնք պահանջում են շատ, շատ խորը վերլուծություն, որպեսզի պարզենք, թե ինչու է Հայաստանը հենց այդպիսի որոշումներ կայացնում, ինչ նպատակներ են դրանով հետապնդվում»,- հավելել է Պեսկովը։ 

Նա ընդգծել է, որ Մոսկվան դա «կփորձի իմաստավորել ու հասկանալ»։ «Բայց ամեն դեպքում այդ ամենն անելու ենք հայկական կողմի հետ սերտ, գործընկերային երկխոսության միջոցով»,- եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter