HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Երևանի քաղաքապետարանի առաջնահերթությունները վարչական շրջաններում

2023 թվականի մայիսի 8-ից Երևանի քաղաքապետարանի Telegram ալիքում տեղեկություններ են հրապարակվում քաղաքում ընթացող աշխատանքների ու նորությունների մասին։ «Հետքը» ուսումնասիրել է, թե վերջին 4 ամսվա ընթացքում քաղաքապետարանը որ վարչական շրջաններին է ամենաշատն անդրադարձել։

Երևանի քաղաքապետարանի Telegram ալիքում չորս ամսվա ընթացքում ավելի քան 450 հրապարակում է արվել, որոնց մեջ շուրջ 300 անգամ անդրադարձ է կատարվում առանձին վարչական շրջանի:

Ալիքում ավելի շատ քաղաքի կենտրոնի և արևմտյան հատվածի վերաբերյալ հրապարակումներ են հանդիպում․ 215 անգամ խոսվում է Կենտրոն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների մասին և 89 անգամ՝ քաղաքի մյուս կեսի (մանրամասները՝ քարտեզում)։ 

52 հրապարակմամբ առաջատարը Կենտրոն վարչական շրջանն է։ Քանաքեռ-Զեյթունը ընդամենը 3 անգամ է հիշատակվում: Ընդ որում, հրապարակումներից երկուսը վերաբերում են ծառերի բուժման նպատակով վարչական շրջանում իրականացվող սրսկման աշխատանքներին։ Ակտիվ անդրադարձ չի կատարվում նաև Ավան վարչական շրջանին․ վերջին չորս ամսվա ընթացքում միայն 8 հրապարակում է վերաբերում Ավանին։

Ալիքն ամենաակտիվը հունիսին է եղել։ Տվյալները վերլուծելիս հրապարակումները փորձել ենք խմբավորել՝ առանձնացնելով քաղաքաշինությանը, տրանսպորտին և երթևեկությանը, պատահարներին, շրջակա միջավայրին ու միջոցառումներին վերաբերող գրառումները։ Telegram ալիքում հրապարակվում է նաև Երևանում ծնված երեխաների թիվը։ Առաջին երեք ամսվա տվյալները ամեն օր էին ներկայացվում, ապա՝ շաբաթական կտրվածքով։ «Այլ» բաժնում ներառված են հիմնականում հայտարարություններ, որոնք թեմատիկ մյուս բաժանումներին չեն պատկանում։

Ըստ թեմաների՝ ամենահաճախը հանդիպում են քաղաքաշինության ու բարեկարգման աշխատանքների վերաբերյալ հրապարակումներ: Օրինակ՝ ներկայացվում է, թե որ վարչական շրջանում վերանորոգման ինչ աշխատանքներ են ընթանում։

Եթե մայիսին ու հունիսին շաբաթական մի քանի անգամ շրջակա միջավայրին առնչվող հրապարակումներ էին արվում (հիմնականում ծառերի բուժման նպատակով իրականացվող աշխատանքների մասին իրազեկումներ), ապա վերջին երկուսուկես ամիսներին ընդամենը 4 գրառում է արվել այս թեմայով։ 
Ըստ տվյալների՝ ավելի քիչ են լուսաբանվում նաև միջոցառումները։ Օգոստոսից սկսած՝ հրապարակումների ընդհանուր խտությունը նվազում է։ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից հետո համեմատաբար ավելի շատ են քաղաքաշինության ու բարեկարգման աշխատանքների մասին հրապարակումները։

Մեթոդաբանություն

  • Դիտարկվել են մայիսի 8-ից սեպտեմբերի 8-ը ներառյալ հրապարակված բոլոր գրառումները։
  • Այն թաղամասերին կամ հասցեներին վերաբերող հրապարակումները, որոնցում վարչական շրջանի անունը նշված չէ, ևս դիտարկվել են։ 
  • Այն հրապարակումները, որոնք առանձին վարչական շրջաններին չեն վերաբերում, ներառված են հրապարակումների խտությունը ներկայացնող ինֆոգրաֆիկայում (ըստ թեմաների ու հրապարակման ժամանակահատվածի)։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter