HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Տրուսիկի» մեջ կանեփ պահելուց մինչեւ ամբաստանյալի նստարան մեկ քայլ է

Համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետին՝ որպես վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել դատավորը, այդ թվում՝ նաեւ լիազորությունները դադարեցված, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը եւ դատական նիստերի քարտուղարը` կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների եւ չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգման դեպքերի:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկները հանդիսանում են հետաքննության մարմին, սակայն ըստ հանրային պաշտպան Մամիկոն Մուրադյանի, քիչ չեն դեպքերը, երբ հարուցված քրեական գործերով որպես վկաներ ներգրավվում են հենց այդ հիմնարկի աշխատակիցները: Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր Աշոտ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործն ըստ մեղադրանքի Աշոտ Ռուբիկի Թումանյանի` ՀՀ Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, հենց նմանատիպ գործերի շարքին է դասվում:

Մեղադրյալ Աշոտ Թումանյանի փաստաբան Մամիկոն Մուրադյանը նշում է, որ ոստիկանությունում գործը կազմվել եւ հետագայում իր վստահորդին մեղադրանք է առաջադրվել հենց քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակիցների ցուցմունքների հիման վրա:

Քրեական գործի պատմությունից պարզ է դառնում, որ ամբաստանյալ Աշոտ Թումանյանը եղբորը`«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Արսեն Թումանյանին կարճատեւ տեսակցության ժամանակ փորձել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց փոխանցել: 2011 թ.-ի հոկտեմբերի 26-ին քրեակատարողական հիմնարկ այցելելու պահին Աշոտ Թումանյանի հետ է եղել նրա հեռավոր ազգական, գործով վկա Բենիկ Միքայելյանը: Ստանալով կարճաժամկետ տեսակցության թույլտվություն՝ ժամը 17-ի սահմաններում Աշոտը եւ Բենիկը մտել են դատապարտյալների եւ կալանավորված անձանց հետ տեսակցությունների տրամադրման մասնաշենք:

Սահմանված կարգի համաձայն՝ մինչեւ տեսակցություն տրամադրելը տեսակցությունների սենյակներին կից խուզարկության առանձնասենյակում  նախ խուզարկության է ենթարկվել Բենիկը, այնուհետեւ Աշոտը: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ, գործով վկաներ Արթուր Թորոսյանի, Տիրան Խաչատրյանի եւ Արման Արաջյանի կողմից Աշոտ Թումանյանի խուզարկության ժամանակ նրա կիսավարտիքի միջից հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: 9,35 գ խոշոր չափի չորացված մարիխուանան եւ 1,55 գ քաշով կանեփի հասունացած սերմերը փաթաթված պոլիէթիլենային թաղանթի մեջ մետաղյա ամրակով ամրացված են եղել մեղադրյալի կիսավարտիքին:

Նշված հանցավոր արարքի  համար Աշոտ Թումանյանը սույն քրեական գործով որպես մեղադրյալ է ներգարվվել Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Առաջադրված մեղադրանքում Աշոտ Թումանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ցումունք է տվել, որ մոտավորապես 5-6 տարի առաջ, կոնկրետ տարին չի հիշում, իրենց թաղամասի հին գերեզմանոցի պատի տակ վայրի աճած կանեփի թփերից քաղել, չորացրել եւ ծխախոտի գլանակի մեջ լցնելով ծխել է: Այդ «պլանը» ծխել է զայրացած ժամանակ, որ ջղայնությունն անցնի:

2011 թ.-ի օգոստոս ամսին, կոնկրետ օրը չի հիշում, կանեփի տերեւներից պոկել, սերմերը հավաքել իրենց տան բակում չորացրել, մանրացրել եւ տարբեր ցելոֆանների, թղթի մեջ փաթաթելով դրել է մեկ ցելոֆանի մեջ ու որ ոչ ոք, հատկապես ծնողները չտեսնեն, ցելոֆանով «պլանը» միշտ բուլավկայով ամրացրած «տրուսիկի» ներսի մասում է պահել: Ուրիշ տեղ` տանը կամ բակում չի պահել, քանի որ վախեցել է, թե ծնողները կգտնեն եւ կթափեն:

2011 թ.-ի հոկտեմբերի 26-ին տնից վերցնելով եղբոր` Արսենի շալվարն ու սվիտերը՝ որոշել է գնալ նրան տեսակցելու: Արսենը մի քանի ամիս առաջ դատապարտվել էր «պլանի» պատճառով: Աշոտի պատմելով՝ Արսենն իրեն չի խնդրել գալ իրեն տեսակցել, ինքն է որոշել: Իրենց թաղամաում պատահական հանդիպել է հեռավոր ազգականներից մեկին` Բենոյին: Վերջինս իմանալով, որ ուզում է գնալ Արթիկի գաղութ Արսենին տեսնելու` ընկերակցել է իրեն եւ միասին Գյումրիից տաքսի մեքենայով գնացել են Արթիկ:

Գաղութում Աշոտը շալվարն ու սվիտերը տվել է, որ ձեւակերպեն որպես հանձնուք, որից հետո Բենոյի հետ գնացել են տեսակցությունների սենյակ: Այստեղ, երբ եկել են խուզարկելու, ինքը հիշել է «տրուսիկի» միջի «պլանը», բայց արդեն ուշ է եղել: Աշոտին խուզարկել, հայտնաբերել են պահած «գանձը», նրա ներկայությամբ կանեփի չորացված, մանրացված զանգվածը եւ կանեփի սերմերը կշռել են, փաթեթավորել եւ կնքել: Աշոտի ասելով՝ ինքն իր մոտ եղած թմրամիջոցը ոչ մեկին, այդ թվում՝ նաեւ եղբորը չի ցանկացել տալ: Այն իրենն էր, պահել էր, որ հետո օգտագործեր, տեսակցության գալուց առաջ մոռացել եւ թողել էր «տրուսիկի» մեջ:

Աշոտ Թումանյանը տվել է բացատրություն առանց փաստաբանի ներկայության: Մամիկոն Մուրադյանն ասում է, որ խախտվել է իր վստահորդի սահմանադրական իրավունքը: Տղան Արցախում ծառայելիս վիրավորվել է, ունի առողջական լուրջ խնդիրներ, եւ շատ հնարավոր է, որ, զրկված լինելով իրավաբանական լուրջ աջակցությունից, տվել է ցուցմունք, որ հետագայում աշխատել է իր դեմ: Բացի այդ, երբ մեղադրանք է առաջադրվել, գործի հիմքում դրվել են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ցուցմունքները:

«Ես դատավոր Աշոտ Մանուկյանին միջնորդություն էի ներկայացրել: Այնտեղ նշված էր, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ցուցմունքները չեն կարող դրվել որոշման հիմքում եւ որպես ապացույց օգտագործվել: Նախաքննական մարմինը հետաքննության մարմնի աշխատակիցների ցուցմունքներով ցանկացել է լրացնել մեղադրանքը, որն անթույլատրելի է»,- ասում է Մամիկոն Մուրադյանը:

Որպես իրավական փաստարկ Մ. Մուադյանը վկայակոչում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ՀՅՔՐԴ1/0064/01/08 գործով 22.12.2008 թ.-ին կայացրած որոշումը: Վերաքնիչ դատարանը, անդրադառնալով տվյալ գործով վկաներ, ոստիկանության Ախուրյանի ՔՀԲ պետ Արմեն Մամյանի եւ նույն բաժնի տեղամասային տեսուչ Վահրամ Սահակյանի ցուցմունքներին, վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, հայտնել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. քանի որ նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, նրանց ցուցմունքները չեն կարող դրվել որոշման հիմքում եւ որպես ապացույց օգտագործվել:

«Ես միջնորդել էի դատարանին Արթուր Թորոսյանին, Տիրան Խաչատրյանին եւ Արման Արաջյանին հանել դատակոչի ցուցակից, նրանց՝ որպես վկաների հարցաքննության արձանագրությունները, որոնք մեղադրանքը լրացնելու նպատակ են կրել, ճանաչել անթույլատրելի ապացույց եւ հանել մեղադրանքի հիմքից, սակայն իմ այս միջնորդությունը դատարանը մերժեց»,- ասում է Մամիկոն Մուրադյանը:

Դատարանի կողմից մերժվել է նաեւ դատավորին ինքնաբացարկ հայտնելու փաստաբանի միջնորդությունը: Մերժվել է չորրորդ վկային` Բենիկ Միքայելյանին բերման ենթարկելու միջնորդությունը: Դատարանը, հիմնվելով տեղեկության վրա, որ վկան բացակայում է հանրապետությունից, որոշել էր հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Փաստաբանի պնդմամբ՝ վկան Հայաստանում է, եւ նրան պետք է պարտադիր բերման ենթարկել:

«Ես համոզված եմ, որ դատարանում Բենիկ Միքայելյանն էնպիսի ցուցմունք է տալու, որ կլրացնի գործը: Բացի այդ՝ նույնիսկ քրեական հանցագործն իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկային, մի բան, որ իմ վստահորդի պարագայում չի եղել: Ես միջնորդեցի հանել Բենիկին դատակոչված վկաների ցուցակից, որ չխախտվի ամբաստանյալի սահմանադրական իրավունքը: Եթե դատարանը պնդում է, որ վկան հանրապետությունում չէ, ես էլ միջնորդում եմ չհրապարակել նրա նախաքննական ցուցմունքները»,- նկատում է փաստաբանը:

Սակայն դատական նիստի ժամանակ այս միջնորդության դեմ հանդես եկավ մեղադրող կողմը` նշելով, թե փաստաբանը միտումնավոր փորձում է ձգձգել գործընթացը եւ միջնորդեց մերժել միջնորդությունը, որն էլ բավարարվեց դատավոր Մանուկյանի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter